Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաւուշում իրավիճակը լարւած է

Վտանգւած գիւղերի բնակիչները դէմ են ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւնների զիջողական քաղաքականութեանը

«ԱԼԻՔ» – Ապրիլի 20-ին իրավիճակը լարւած է եղել Տաւուշի մարզում:

Կիրանց եւ Բաղանիս գիւղերի բնակիչները ողջ օրւայ ընթացքում փակւած են պահել Երեւան-Թբիլիս միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի՝ Տաւուշի գիւղերը թշնամուն յանձնելու ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանի եւ նրա գլխաւորած կապիտուլեանտ իշխանութեան հայրենադաւ որոշմանը:

Մենք թուրքին հող չունենք տալու

Նրանք յատարարել են, որ չեն համակերպւելու կայացւած որոշման հետ եւ պայքարելու են մինչեւ վերջ: Նրանք յստակ նշել են, որ 1991 թւականի կռիւների ժամանակ հող չեն տւել թշնամուն ու հիմա էլ հող չունեն տալու թուրքին:

«Մենք թուրքին լաւ ենք ճանաչում ու չենք պատկերացնում նրա հետ խաղաղ գոյակցութիւնը»,- ասել են նրանք, իսկ նրանց շարքերում ճանապարհը փակած 96-ամեայ Լենա տատիկն էլ լրագրողներին ասել է. «Իմ հողի համար եմ պայքարում, էնքան տւել ենք, արդէն տալուց ձանձրացել ենք»:

Խաբելով ուզեցել են սամանազատում սկսեն

Խօսելով ստեղծւած իրավիճակի մասին, պահեստազօրի գնդապետ Միհրան Մախսուդեանը լրագրողներին ասել է. «Ամէն ինչը սկսեց նրանից, որ ճանապարհ գծագրողներն առաւօտեան ժամանել են գիւղ,  փորձել են ճանապարհը գծագրեն: Խաբելով ուզեցին սամանազատում սկսեն, բայց մարդիկ հասկանալով ոտքի կանգնեցին»:

Այս գիւղերը կը դառնան անկեսունակ

Նշենք, որ երէկ՝ ողջ օրւայ ընթացքում,բողոքաւորների կողքին են եղել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գառնիկ Դանիէլեանը, Մհեր Սահակեանն ու Քրիստինէ Վարդանեանը:

Գառնիկ Դանիէլեանն անդրադառնալով ստեղծւած իրավիճակին, լրագրողների հետ զրոյցում նշել է, որ ադրբեջանցիները եթէ յայտնւեն այն տեղերում, որտեղ նախատեսւած է, այս գիւղերը կը դառնան անկենսունակ։

Նա տեղեկացրել է, որ ըստ չափագրողների՝ քանդւելու է Կիրանց գիւղի դպրոցը, քանի որ Ադրբեջանին յանձնւելիք միջպետական մայրուղու փոխարէն գիւղի միջով նոր ճանապարհ է կառուցւելու. «Գիւղի մէջտեղում տեղակայւելու են ադրբեջանական զինւած ուժերը, որոնց վերահսկողութեանն է անցնում ոչ միայն գիւղի մի հատւածը, այլեւ՝ սրբատեղիները, օրինակ՝ հայրենիքի ազատագրման ու պաշտպանութեան համար ընկած հերոսների պանթէոնն ու նրանց պատւին կառուցւած յուշարձանը»,- ասել է նա:

Բաղանիսի պաշտպանական գօտու ականազերծումը

Գառնիկ Դանիէլեանը յայտնել է, որ ըստ հասած տեղեկութիւնների՝ Նիկոլ-Ալիեւ դաւադիր համաձայնութեան շրջանակում՝ ականազերծում են Բաղանիս գիւղի պաշտպանական գօտին, որպէսզի շուտով թշնամին ներխուժի եւ տեղակայւի Բաղանիսի ու Ոսկեվանի քթի տակ:

Ժողովուրդը չի ընդունել ՆԳ նախարարի հաւաստիացումները

Երէկ բողոքի իրաւապահների ընկերակցութեամբ, ցուցարարների է այցելել ՀՀ ներքին գործերի նախարարը, որը փորձել է նրանց համոզել, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդիւնքում, որեւէ վտանգ չի սպառնում գիւղերին, եւ դա անհրաժեշտ է խաղաղութեան կայացման համար:

Քաղաքացիները, սակայն, չեն ընդունել նրա հաւաստիացումները եւ մերժել են ճանապարհը բացելու նրա պահանջը:

Կա՛մ մենք պէտք է ապրենք, կա՛մ իրենք

«Մեր առաջին գործը Տաւուշը մի հատ մեծ պատ՝ ամրոց դարձնելն ու այս գործընթացը կասեցնելն է։ Յստակ ասում եմ՝ էս գործընթացը խաբէութեամբ արւած գործընթաց է։ 3.5 տարի ամէն օր ասել եմ՝ բանը հասնելու է սրան, բայց ոչ ոք չի հաւատացել։ Պէտք է հեռանայ ի վերջոյ, չի կարող այսպես լինել․ ոչ մի րոպէ ոչ մեր միտքն է հանգիստ, ոչ կեանքը։ Իրաւապահներին եմ ասում․ որեւէ մէկի չէ՛ք ներղացնելու, որեւէ մէկի չէ՛ք կպնելու, որեւէ մէկի չէ՛ք վախեցնելու, սա նաեւ ձեր հայրենիքն է»,- Կիրանցում հաւաքւած բնակիչների հետ զրոյցում յայտարարել է Տաւուշի թեմի առաջնորդ Տէր. Բագրատ արք. Գալստանեանը։

Նշենք, որ ուշ երեկոյեան միայն ցուցարարները համաձայնւել են ժամանակաւորապէս բացել ճանապարհը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button