Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մենք ունենք մէկ ճանապարհ, որը կոչւում է Լաչինի միջանցք

Արցախի ներսում որոշակի հարցերի շուրջ տեսակէտների տարբերութիւն կայ, բայց կայ նաեւ այդ դիրքորոշումները մերձեցնելու ցանկութիւն։ Այս մասին օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։

«Ե՛ւ իմ կողմից, ե՛ւ խորհրդարանի կողմից ամէն ինչ արւելու է միասնական մթնոլորտ ստեղծելու՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական դաշտում, քանի որ իշխանութիւն-հասարակութիւն յարաբերութիւնների համատեքստում կայ մի ջրբաժան, որը պէտք է վերացնել»,- պարզաբանեց նա։

Իշխանեանը նշեց, որ կայ սահմանադրական փոփոխութիւնների միասնական փաթեթ, որին Արցախը կը վերադառնայ աւելի ուշ։

«Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի՝ իմ կողմից այս պաշտօնը ստանձնելու առաջարկն անմիջապէս չընդունւեց, ներկուսակցական քննարկումներ եղան, այնուհետեւ խորհրդարանում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ընդգծեց նա։

Խորհրդարանի նախագահը յաւելեց, որ այս ընթացակարգերից յետոյ առաջարկն ընդունւել է՝ բացատրելով, որ առանց քաղաքական կոնսենսուսի այս որոշումը չէր կայացւի։

Դէմ է քւէարկել միայն «Միասնական հայրենիք» կուսակցութիւնը, որի ներկայացուցիչները Իշխանեանի հետ հանդիպումների ժամանակ, ըստ վերջնիս, բացատրել են իրենց դիրքորոշումը։

«Իմ թեկնածութիւնն առաջադրեց իշխող ուժը։ 44-օրեայ պատերազմից յետոյ Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց, որ այսօր Արցախում չի ներկայացնում իշխող կուսակցութիւնը։ Ուստի նա պէտք է բոլոր կուսակցութիւններին յենարան համարի՝ լինի ընդդիմադիր, թէ իշխանական»,- եզրափակեց նա։

Դաւիթ Իշխանեանն ասուլիսի ժամանակ անդրադարձաւ օգոստոսի 29-ին Ադրբեջանի կողմից Ակնայով «հումանիտար» բեռ ուղարկելուն եւ յայտարարեց, որ հումանիտար բեռի համար մէկ ճանապարհ կայ՝ Լաչինի միջանցքն է:

«Եւ այդ միջանցքով անխափան երթեւեկութիւնը պէտք է վերականգնւի: Դա ամրագրւած է նոյեմբերի 9-ին ստորագրւած փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թէզին, ապա դա նորութիւն չէ: Շաբաթւայ ընթացքում ադրբեջանական կողմը արեւմտեան գործընկերների, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ մտադրութիւնը ներկայացնել եւ իրականութիւն դարձնել:

Ադրբեջանի երէկւայ քայլը մեզ հասկանալի է, նախ անընդունելի է։ Բաւականին քննարկումներ են եղել, մեր հասարակութիւնը պէտք է տեղեկացւած լինեն, որ Արցախի իշխանութիւնների քննարկումները յանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով:

Պատճառներից մէկն այն է, որ մենք ունենք մէկ ճանապարհ՝ Լաչինը, եւ մենք երկրորդ միջանցքի հասկացողութիւն մեզ համար չպէտք է ամրագրենք: Ադրբեջանը, քաղաքական նպատակներ հետապնդելով, փորձում է աշխարհին ցոյց տալ, որ իրենք ներքին խնդիր ունեն եւ Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող առնչւել արտաքին աշխարհի հետ: Այս խնդիրը հասել է ՄԱԿ-ի ԱԽ»,-նշեց Իշխանեանը։

Երէկ, երբ ադրբեջանական բեռնատարները մօտեցել են, որոշակի բանակցութիւններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դաւիթ Իշխանեանը։
«Ռուս խաղաղապահների հրամանտարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ եւ դեռեւս քաջածանօթ չէ ներքին կացութեանը: Կան որոշ դրւագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն աւելի լաւ տեղեկացւած լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զօրակազմի համապատասխան պաշտօնեաները, վստահ եմ՝ շատ լաւ տեղեկացւած են մեր եւ ադրբեջանական կողմի մօտեցումներին:
Այս քննարկումները դեռեւս որեւէ արդիւնք չեն տւել, յամենայնդէպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարաւորութիւն տրւի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետութեան տարածք, որեւէ արդիւնք չի տւել: Արցախի իշխանութիւնների, համապատասխան կառոյցների կողմի միջոցներ են ձեռնարկւել եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մէջ են: Դրանք աւարտւած չեն, այստեղ շատ կարեւոր է Արցախի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմի համապատասխան բացատրութիւններ տալը»,-ասաց Իշխանեանը:

Նա յաւելեց, որ ռուսական կողմը եւս պէտք է տեղեկացւած լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկայ է, եւ այն տեսակէտներին, որ ունի արցախեան կողմը. «Ուզում եմ յոյս յայտնել, որ այդ բանակցութիւնները փոխըմբռնման մթնոլորտում էլ կաւարտւեն եւ կունենան իրենց տրամաբանական աւարտը: Մեր սպասելիքները պէտք է որ արդարանան»,-ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:
Գաղտնիք չէ իմ կուսակցութեան վերաբերմունքը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ, գաղտնիք չէ նաեւ իմ կուսակցութեան վերաբերմունքը նաեւ մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պէտք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի եւ Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք յարաբերութիւնների մէջ, ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թէ ինչպէս է պատկերացնում իր յարաբերութիւնները հայաստանեան գործընկերոջ հետ՝ ասաց Դաւիթ Իշխանեանը:

Նա վստահեցրեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ յարաբերութիւններին։

Ըստ Դաւիթ Իշխանեանի՝ այն յարաբերութիւնների դաշտը, որ հիմա ձեւաւորւել է Արցախի ԱԺ-ի եւ Հայաստանի ԱԺ-ի միջեւ անընդունելի է։

«Անցեալ երկու տարիներին միջխորհրդարանական յարաբերութիւններ Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ գրեթէ չկային, բաւարար չէր։ Այդ ամէնը բաւարար մակարդակի բարձրացնելու համար Ալէն Սիմոնեանի՝ իմ ընտրւելու կապակցութեամբ շնորհաւորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ յարաբերութիւնները։ Այդ յարաբերութիւններն անձնական համատեքստում չպէտք է դիտարկել»,- նկատեց Իշխանեանը։

Հայաստանի Հանրապետութիւնն իր անվտանգային երաշխաւորի դերը զիջել է կամ գրեթէ չկայ, զրոյացւած է,- ասաց Դաւիթ Իշխանեանը։ Նա նշեց, որ Արցախում միասնական անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտութիւն կայ։ «Ռուս խաղաղապահներն այստեղ են, նաեւ գիտենք, թէ ինչ թւակազմ ունեն, այդ առաքելութիւնն ինչ դերակատարութիւն ունի։ Եւ, անշուշտ, մեզ համար հիմնական եւ կարեւոր անվտանգութեան երաշխիքը մնում է Արցախի Պաշտպանութեան բանակը։ Իսկ Արցախի Պաշտպանութեան բանակի գործունէութեան հզօրացումն անհրաժեշտութիւն է։ Եւ սա նաեւ բխելու է օրէնսդրական փոփոխութիւններից ու նախաձեռնութիւններից։ Պէտք է ասեմ, որ անցած երկու տարիների ընթացքում որոշակի փոփոխութիւններ տեղի են ունեցել, օրինակ՝ զէնքի մասին օրէնքում, ինքնապաշտպանութեան հետ կապւած օրէնսդրական մի շարք փոփոխութիւններ են եղել, ազգ-բանակ հայեցակարգի գաղափարն իրականութիւն դարձնելու եւ մի շարք այլ նախաձեռնութիւններ են եղել։ Ես առիթ ունեցել եմ Պաշտպանութեան բանակի հրամանատարի հետ քննարկելու այդ հարցերը, մենք ունենք պահեստազօրի հնարաւորութիւնները, ունենք աշխարհազօր, որի մասին ընդունւած է օրէնք։ Եւ այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտութիւն կայ մէկ միասնական կենտրոնացւած ուժեղ համակարգ ունենալու։ Դեռեւս վաղ է այդ մասին խօսել, հաշւի առնելով նաեւ այն, որ խորհրդարանն արձակուրդի մէջ է։ Բայց քննարկումները անվտանգային համակարգի դերակատարների եւ ԱԺ-ի հետ շատ կարեւոր կը լինի համապատասխան նախաձեռնութիւններ ցուցաբերելու»,- յաւելեց նա։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button