Հայաստան - Արցախ

Միքայէլ արք. Աջապահեան. «Սա ողբերգութիւն է իշխանութեան, ոչ թէ եկեղեցու համար. իշխանութիւնը չի գիտակցում, որ ողբերգութեան մէջ է, ինչպէս չի գիտակցում հայրենիքի կորուստը»

Այս տարի Ամանորին Հանրային հեռուստաընկերութեան եթերում չհեռարձակւեց արդէն աւանդոյթ դարձած՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի Ամանորի ուղերձը։

Մայր աթոռը պարզաբանում էր տարածել Վեհափառի Ամանորեայ ուղերձի` Հանրային հեռուստաընկերութեամբ չհեռարձակւելու փաստի առիթով։

«Ցաւօք, Ամանորի այս երեկոյ ստիպւած պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադէպի։

Անկախութեան պատմութեան ողջ ընթացքում, դեռեւս Վազգէն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, աւանդաբար Հանրային հեռուստաընկերութեան եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապէս առաջ հեռարձակւում էր ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերութիւնը, վերջին պահին, առանց որեւէ պատճառաբանութեան տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի Ամանորեայ ուղերձը եթեր չի հեռարձակւի կէսգիշերից առաջ, ինչպէս եւ աւանդաբար ընդունւած էր։ Փոխարէնն առաջարկւեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյեան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատւեց եւ մերժւեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները յերիւրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերեալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերութեանը»,- նշւած էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրութեան մէջ։

Աւելի վաղ 168.am-ին տեղեկութիւններ էին հասել, որ Հանրային հեռուստաընկերութիւնը հրաժարւել է, ինչպէս սովորաբար ամէն տարի, գիշերը հեռարձակել Վեհափառի Ամանորի ուղերձը, եւ անգամ իրենց հեռուստատեսային ցանցի մէջ այն նախատեսւած չէր։ Երբ Վեհափառի ուղերձն արդէն պատրաստ է եղել, Հանրայինը Մայր Աթոռին տեղեկացրել էր, ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ, որ Վեհափառ Հայրապետի խօսքը կարող են եթեր հեռարձակել միայն Լուրերի երեկոյեան թողարկման ընթացքում, այսինքն՝ լղոզել ու կորցնել Լուրերի թողարկման մէջ, ինչից, բնականաբար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հրաժարւել է։

Ինչո՞ւ է իշխանութիւնը վախենում Առաքելական Եկեղեցուց: 2018-ի իշխանափոխութիւնից յետոյ նախ մեծ արշաւ սկսեցին կաթողիկոսի եւ եկեղեցու դէմ, այնուհետեւ հանրակրթական դպրոցներից հանեցին «Հայ եկեղեցու պատմութիւն» առարկան, այսօր էլ արդէն փորձում են կաթողիկոսի Ամանորի ուղերձի ժամը փոխել։

168.am-ի հետ զրոյցում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տէր Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանն անդրադառնալով վերը նշւած հարցերին, նկատեց՝ իշխանութիւնը երեւի վախենում է եկեղեցուց, ու պէտք է վախենայ իր խորքի մէջ, քանի որ ինքն անցողիկ է, իսկ եկեղեցին՝ մնայուն։

«Միշտ էլ անցողիկը մնայունից պիտի վախենայ, խրոնիկ վախ պէտք է ունենայ, այդպէս է»,- նշեց Սրբազան Հայրը։

Նա յիշեցրեց, որ կաթողիկոսի Ամանորի ուղերձը եթեր չի հեռարձակւել Խորհրդային Միութեան տարիներին եւ դրանից առաջ, երբ չկար հեռուստացոյց։

«Հայաստանի անկախութեան տարիներին Վեհափառի ուղերձը միշտ էլ եթերում հեռարձակւել է։ Հիմա իրենք չեն ասում, որ հրաժարւել են եթեր հեռարձակել, պարզապէս ժամն են փոխել՝ տւել են երկրորդական ժամ։ Սա է խնդիրը։

Սա եղել է լաւ աւանդութիւն, երեւի ամենավերեւի կանգնած այդ մարդը խանդով է վերաբերւել, որ իրենից առաջ պէտք է Վեհափառը խօսի, եւ փորձել է Վեհափառի խօսքն ուղղել դէպի լուրեր, բնականաբար, Մայր Աթոռը դրանից հրաժարւել է»,- յաւելեց Շիրակի թեմի առաջնորդը։

Գերաշնորհ Տէր Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի գնահատմամբ՝ այս ամէնը ժամանակաւոր է՝ կապւած օրւայ իշխանութիւնների հետ, որի հեռանալուց յետոյ կը վերականգնւի նախկին աւանդոյթը։

«Այնպէս որ, եղածը մի մեծ ողբերգութիւն չէ։ Սա ողբերգութիւն է իշխանութեան, ոչ թէ եկեղեցու համար, բայց իշխանութիւնը չի գիտակցում, որ ինքը ողբերգութեան մէջ է, ինչպէս չի գիտակցում հայրենիքի կորուստը։ Մի իշխանութիւն, որը չի գիտակցել հայրենիքի կորուստն իբրեւ ողբերգութիւն, կաթողիկոսի ուղերձի չհեռարձակումը որպէս ողբերգութիւն կընդունի՞»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։

Յիշեցնենք, որ տեղի ունեցածից օրեր անց յայտարարութիւն էր տարածել նաեւ Հանրային հեռարձակողի խորհուրդը, նշելով, որ Հանրային հեռուստաընկերութիւնը չի հրաժարւել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը։

«Ցաւօք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնութիւն են յայտնում ուղերձների համար նախատեսւած ժամի վերաբերեալ եւ պահանջում են չհեռարձակել եւ ընդհանրապէս չօգտագործել կաթողիկոսի ուղերձի տեսագրութիւնը, որի հեղինակային իրաւունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերութեանն էր առնչւում, խորհրդին ենթակայ «Շողակաթ» հեռուստաալիքը եւ Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերութեան եթերի վերաբերեալ բանաւոր դիմումը բաւարարւել է։ Ամանորեայ ուղերձների հեռարձակման վերաբերեալ Հայաստանում չկայ օրէնսդրական կարգաւորում, եւ հէնց դա է պատճառը, որ իւրաքանչիւր հեռուստաընկերութիւն ինքն է որոշում, թէ երբ եւ ինչ հերթականութեամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշւի առնելով հանրային լայն արձագանգը՝ առաջարկում ենք խնդիրը կարգաւորել օրէնսդրական դաշտում։

Ափսոսում ենք այս միջադէպի համար եւ յոյս ունենք, որ այն որեւէ կերպ չի անդրադառնայ Հանրայինի եւ Մայր Աթոռի համագործակցութեան վրայ»,- նշւած էր յայտարարութեան մէջ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button