Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրւել»

Հայաստանի իշխանութիւնները, ըստ քաղաքական նպատակայարմարութեան, փորձում են սեփական ձեւով մեկնաբանել իրադարձութիւնների ընթացքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Ադրբեջանի ասածը հետեւեալն է՝ կայ կոնկրետ պահանջ, որն իջեցւած է հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգ։ Ադրբեջանը պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարաւոր չեղաւ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով։ Ես չեմ կարծում, թէ Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութեամբ տեղի է ունեցել շատ մեծ փոփոխութիւն, Ադրբեջանի իշխանութիւնները նաեւ որոշակի գաղտնազերծում են անում։ Սա կամ ենթադրում է ՀՀ-ի կողմից շատ մեծ տարածքային զիջումներ, կամ այն, որ Ադրբեջանը կը գնայ արկածախնդրութեան ճանապարհով։ Վերջին 10 օրւայ իրադարձութիւնները, պաշտօնական Երեւանից ու Բաքւից հնչող յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխութեան ենթարկւել ու ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրւել»,- ասաց պատգամաւորը։

Աբրահամեանը կարծում է, որ բանակցային իրավիճակը չի զարգանում այնպէս, ինչպէս տարեվերջին էր զարգանում։

«Բաքւի ու Երեւանի իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազդակներ էր փոխանցւում։ Վերջին մէկ ամսւայ ընթացքում պարզ դարձաւ, որ ընդհանուր փաստաթղթից փորձ է արւում դուրս բերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապւած գործընթացը, ինչպէս նաեւ տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող դրոյթը։ Սրանք ՀՀ-Ադրբեջան բանակցութիւնների առանցքային երկու դրոյթներն էին։ Միգուցէ ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, մարդկանց մօտ տպաւորութիւն ստեղծւի, թէ Հայաստանը գնում է խաղաղութեան ճանապարհով, բայց եթէ այդ կարեւոր դրոյթները դուրս են մնում այդ փաստաթղթից, նշանակում է, որ եղած սպառալիքները չեն վերանում»,- ընդգծեց Տիգրան Աբրահամեանը։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button