ԻրանՀայաստան - ԱրցախՀարցազրոյց

Վարուժան Գեղամեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Մերձաւոր Արեւելքում Իրանի եւ Թուրքիայի թատերաբեմը Հարաւային Կովկասն է, որտեղ երկու երկրների ջանքերը կենտրոնացած են Սիւնիքի ուղղութեամբ»

Ինչպէս բնորոշ է մեծ երկրների աշխարհաքաղաքականութեանը, այնպէս էլ Իրան-Թուրքիա յարաբերութիւններում առկայ են ոչ միայն լարւածութիւն, մրցակցութիւն, հակամարտութիւններ, այլ, նաեւ, ընթացող համագործակցութիւն եւ կարելի է ասել, որ ԻԻՀ նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի այցը Թուրքիա ոչ միայն ուղղւած է հասկանալու համար, թէ մրցակից երկիրը ինչ պլաններ ունի, շօշափել տրամադրութիւնները, որոշակի յարաբերութիւններ ամրապնդել, այլ, նաեւ, համագործակցութեան ոլորտում շփումներ ունենալ: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը, ապա թուրքագէտը նշեց, որ այդ յարաբերութիւնների հաստատումը հնարաւոր չէ, այն պարզ պատճառով, որ նման նպատակ Թուրքիան չի հետապնդում:

«Ըստ էութեան երբեք էլ չի հետապնդել: Այդ երկիրն մշտապէս առաջադրել է պաշտօնական մակարդակում տարբեր նախապայմաններ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման եւ սահմանների բացման ուղղութեամբ: Սակայն այդ նախապայմաններն, ըստ էութեան, եղել են ո՛չ թէ նախապայմաններ, այլ պահանջներ, որոնց կատարման պարագային Հայաստանի Հանրապետութեան դիմադրողականութիւնը այնքան կը թուլանար, որ իրենք հնարաւորութիւն կը ստանային, առաջադրել նոր պահանջներ, էլ աւելի շատ բան Հայաստանից կորզելու եւ այդպէս շարունակելու»:

Հետեւաբար, նրա համոզմամբ՝ ակնկալել, որ որեւէ նախապայման կարող է յանգեցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն խաղաղութեան, երկկողմանի զարգացող յարաբերութիւնների կամ ուղղակի հասարակ հարեւանութեան, դրանք իրականութեան հետ որեւէ աղերս չունեն:

Գեղամեանը այսպէս նաեւ բացարտեց այն իրողութիւնը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամէն անգամ իրենց նախապայմանների կատարման պարագայում առաջադրում են նորը, այլ, ոչ թէ գնում են յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհով:

Շեշտելով, որ Թուրքիայի պահանջները բնականաբար փոխւել են, որովհետեւ նախկինները կատարւել են կամ կատարման ընթացքում են եւ այդ երկիրը տեսնում է հնարաւորութիւն նոր պահանջներ առաջադրելու, որին հետեւելու են ոչ թէ սահմանների բացում, այլ նորից նոր պահանջների առաջադրում Հայաստանին:

«Հետեւաբար, ամէն անգամ Թուրքիայի պահանջների կատարումը նշանակելու է Հայաստանի՝ որպէս պետականութեան թուլացում, եւ յաջորդ պահանջը Հայաստանի համար դառնում է շատ աւելի պարտադիր, որովհետեւ դրան դիմադրելու հնարաւորութիւնները նւազում են, ինչպէս, որ եղաւ Արցախի պարագայում»,- նկատեց նա:

Անդրադառնալով Ցեղասպանութեան թեմային, Գեղամեանը շեշտեց, որ եթէ նախկինում խօսք անգամ չէր կարող լինել Հայաստանի կողմից Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար պայքարի չեղարկման ուղղութեամբ, այդ օրակարգը, սակայն, ՀՀ-ի կողմից անտեսումից յետոյ, մեզ առաջադրւել է նոր պայմաններ, այդ թւում՝ կրթական համակարգը, խորհրդանիշերը, սահմանադրութիւնը փոխելը, եւ հիմա կարելի է տեսնել, որ այդ քայլերին դիմադրելն աւելի բարդ է դարձել:

Ինչպէ՞ս է լինելու առաջիկայ ամիսներին Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները, թուրքագէտը ընդգծեց, այն գերազանցապէս կապւած է լինելու Թուրքիայի սահմանակից երկրների եւ այդ երկրներում Թուրքիայի ազդեցութեան մեծացման հետ, իսկ հնարաւորութեան պարագային նաեւ իր համար կենսական նշանակութիւն ունեցող տարածքների նւաճման ուղղութեամբ:

«Բնականաբար, Հարաւային Կովկասը, Մերձաւոր Արեւելքը, բալկանները, արեւելեան Միջերկրական ծովը, այդ առաջնահերթութիւնների առաջնային ցանկում են գտնւում: Հետեւաբար, Թուրքիայի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու պարագային ամենաշատ ջանքերը, ամենամեծ ռեսուրսները դրւում են հէնց այս ուղղութիւնների վրայ, հէնց սա է պատճառը, որ մենք տեսնում ենք Թուրքիայի գերակտիւացումը Հարաւային Կովկասում, յատկապէս2020 թւականից յետոյ»,- ասաց թուրքագէտը:

Գեղամեանի դիտարկմամբ՝ Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները փոխկապակցւած են այդ երկրի ռազմականացման օրակարգի հետ, եւ այն է պատճառը, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ներկայիս ղեկավար է նշանակւել, մի անձ, որը համակարգում էր Թուրքիայի իր սահմաններից դուրս իրականացրած ռազմական գործողութիւններով՝ Սիրիա, Արցախ, Իրաք եւ այլն:

Խօսքը՝ Հաքան Ֆիդանի մասին է, որ նախկինում ղեկավարում էր Թուրքիայի հետախուզական ծառայութիւնը, որը պատասխանատւութիւն էր կրում երկրի սահմաններից դուրս, Թուրքիայի համար կարեւորութիւն ներկայացնող տարածաշրջաններում, Թուրքիայի ազդեցութեան մեծացման եւ ռազմական գործողութիւնների իրականացման համար:

Թուրքագէտի գնահատմամբ՝ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ցանկում իր իւրայատուկ տեղը ունի Իրանը, որի հետ Թուրքիան մշտապէս մրցակցում է Մերձաւոր Արեւելքում ազդեցութեան գօտիներ ձեւաւորելու համար եւ այդ թատերաբեմերից մէկը բնականաբար Հարաւային Կովկասն է, որտեղ երկու երկրների ջանքերը կենտրոնացած են Սիւնիքի շուրջ, որը մնում է այն հիմնական հատւածը, որտեղ ազդեցութիւնը նշանակում է ամբողջ Հարաւային Կովկասի ուրոյն գիծը եւ անվտանգային ճարտարապետութիւնը փոխել: Սա է պատճառը, որ տեսնում ենք Իրանի եւ Թուրքիայի մրցակցութիւն Սիւնիքում, Սիրիայում, Պաղեստինում եւ այլուր:

Թուրքիան, Գեղամեանի խօսքով՝ վերջին տասնամեակներին որդեգրել է իւրօրինակ մարտավարութիւն, այն բոլոր հարցերում, որտեղ ունի հետաքրքրութիւններ եւ շահեր: Ցանկանում է այդ շահերը սպասարկել, փորձում է՝ ամէն կերպ՝ ներգրաււել ընթացող գործընթացներում, յատկապէս եթէ խօսքը գնում է հակամարտութիւնների մասին, ցոյց տալ բոլորին, որ ինքը հակամարտութեան մի մասն է, ռազմական ներկայութիւն ապահովելով, եւ դրա միջոցով, ցանկանում է ստանալ հնարաւորութիւն այդ խնդիրների լուծման, կարգաւորման ուղղութեամբ:

«Այս է եղել իրավիճակը Սիրիա, Իրաք, Արցախ, Լիբիա եւ այլ երկրներում»,- նշեց նա շեշտելով, որ ռազմականացւած արտաքին քաղաքականութեան միջոցով, փորձ է կատարւում ազդել գործընթացներին, ստանալ փաստացի հնարաւորութիւն լինել այդ գործընթացի մի մաս:

Ըստ այդմ, Գեղամեանը ամփոփեց դիտարկումը շեշտելով, որ Թուրքիան լիարժէք ներգրաււած է Արցախում եւ Սիւնիքում, ինչպէս նաեւ՝ Սիրիա, Իրաք, Լիբիայի եւ իւրայատուկ ոճով ներգրաււած է ուկրաինական հակամարտութեան մէջ եւ այլ տարբեր տեղերում, այդ առումով գերակտիւ արտաքին քաղաքականութիւն է վարում եւ հիմնական ուղղութիւններից մէկը Հարաւային Կովկասն է:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button