Հայաստան - Արցախ

Արման Աբովեան. «Ալիեւը Հայաստանի չգոյութեան երաշխիքն է ուզում, երբ խօսում է ռեւանշ չանելու երաշխիքի մասին»

Ոչ թէ Արցախի գոյութիւնն էր Հայաստանի համար սպառնալիք, այլ Արցախի չգոյութիւնը, քանզի, եթէ չկայ հայկական Արցախ, ապա Հայաստանն ուղղակիօրէն զրկւած է զրահաբաճկոնից, ինչին էլ յաջորդելու է Հայաստանի կազմաքանդումը։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ յայտնեց վերլուծաբան Արման Աբովեանը՝ Արցախի գոյութիւնը Հայաստանի համար սպառնալիք համարողների վերաբերեալ շեշտելով.

«Իշխանութեան կազմում ով ինչ ասես՝ խօսում է, բայց իրենք հօ՞ հասկանում են, թէ ինչ է կատարւում։ Նրանց դիրքորոշումը պայմանաւորւած է նրանով, որ ամէն գնով պէտք է պահպանել իշխանութիւնը, թէկուզ Հայաստանից մնայ միայն Դեմիրճեան փողոցը։ Դա էլ մնայ, իշխանութեանը դա բաւարար է»,- ասաց Աբովեանը։

Հայաստանը մասնատելու թուրք-ադրբեջանական սցենարի մասին էլ Աբովեանը շեշտեց՝ Ադրբեջանին զիջելուց յետոյ անգամ չի հաստատւելու խաղաղութիւն, որովհետեւ դրան յաջորդելու է Հայաստանում 300 հազար ադրբեջանցու բնակեցումը, ինչի դէպքում ունենալու ենք այն նոյն սցենարը, որը կայ Կիպրոսում. չէ՞ որ թուրքերը սկզբում բնակեցւեցին Կիպրոսում, ինչին յաջորդեց թուրքական զօրքի ներխուժումը Կիպրոս։

«Կիպրոս ներխուժելու հիմնական պատրւակը թուրքական փոքրամասնութեան պաշտպանութիւնն էր»,- ասաց մեր զրուցակիցը` շեշտելով, որ Հայաստանի իշխանութիւնը գնում է ոչ թէ խաղաղութեան պայմանագրի կնքման, այլ տալիս է Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդման մեկնարկը։

Վերլուծաբանն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ «խաղաղութեան պայմանագիր» ասւածը Հայաստանի չգոյութեան մեկնարկ է դիտարկում նաեւ թուրք-ադրբեջանական տանդէմը, որը շտապեցնում է այդ գործընթացը՝ Հայաստանից մաքսիմումը ստանալու համար, ինչին կարող է հասնել, քանի դեռ Ռուսաստանը զբաղւած է ուկրաինական ճակատով։

Աբովեանի մեկնաբանութեամբ՝ Հայաստանի նկատմամբ ճնշում են գործադրում գործընթացն արագացնելու համար՝ պարտադրելով Հայաստանի Անկախութեան հռչակագրի եւ Սահմանադրութեան փոփոխութիւն, ինչի համար էլ այս իշխանութիւնը կը փորձի գնալ արտահերթ ընտրութիւնների, որովհետեւ այն, ինչը ստորագրելու է Փաշինեանը, լինելու է ոչ լեգիտիմ։

«Ադրբեջանը շտապում եւ շտապեցնում է Հայաստանին, նաեւ, քանի որ 2024 թւականին ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը կը մտնեն նախընտրական փուլ, ինչը նշանակում է, որ ուկրաինական ճակատում կը լինի որոշակի սառեցում, ինչն իր հերթին նշանակում է՝ ազատւելու է որոշակի ռեսուրս, ինչը Ռուսաստանը կուղղի Հարաւային Կովկասի ուղղութեամբ եւ ոչ միայն, ուստի ԱՄՆ-ը, Ադրբեջանը փորձում են ամրագրել այն կոնֆիգուրացիան, որը կը դժւարացնի ռուսների եւ իրանցիների ակտիւացմանն այս տարածաշրջանում։ Ասել է թէ՝ կնքել պայմանագիր, որ յետոյ Ռուսաստանին ասեն՝ էլ ինչո՞ւ ես վերադառնում»,- մանրամասնեց Աբովեանը՝ ընդգծելով՝ այդ նպատակին հասնելու համար է նաեւ, որ Ալիեւը Հայաստանից պահանջում է երբեք ռեւանշ չանելու երաշխիք։

«Ալիեւը երբ ասում է՝ երաշխիք է պէտք, որ Հայաստանը ռեւանշ չի անի, նշանակում է՝ երաշխիք տւէք, որ Հայաստանի Հանրապետութիւն գոյութիւն չի ունենայ, իսկ նրանք, ովքեր սա չեն հասկանում, թուրքի դուդուկի տակ տրնգի են պարում»,- խօսքը եզրափակեց Աբովեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button