Հայաստան - Արցախ

Մենք հայրենիքի զգացողութիւն չունենք, անանձնական սեփականութեան զգացողութիւն չունենք: Այս մասին, դեկտեմբերի 12-ին, News.am-ի հետ զրոյցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը:

«Մենք, ցաւօք, տառապում ենք այդ հիւանդութեամբ. Հայ ազգը գոնէ վերջին հարիւրամեակում ապացուցել է, որ ինքը պետականութիւն ստեղծող հասարակութիւն եւ ինքնութիւն չէ: Մենք ի վիճակի չենք հայկական պետականութիւն ստեղծելու: Մեզ համար պետականութիւնը օգտւելու երեւոյթ է: Պետութիւնը մեզ պէտք է, որ օգտւենք: Իսկ հայկական պետականութիւնից դժւար է օգտւել, դրա համար աւելի լաւ է հայկական պետականութիւն չլինի: Ես բազմիցս ասել եմ՝ եթէ մի ազգի ցեղասպանութիւնը չխրատեց, ուրիշ ոչ մի բան չի խրատի»,- ասաց նա:

«Մենք պատրաստ չենք զոհւելու ոչ Աստծոյ համար, ոչ՝ հայրենիքի: Օտար պետութիւնների համար պատրաստ ենք, 300 հազար զոհ կը տանք: Նոյնքան զոհ տւել ենք Առաջին Համաշխարհային պատերազմում ռուսական կայսրութեան համար՝ տարբեր ճակատներում: Նոյնքան զոհ տւել ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմում, բայց սեփական հայրենիքի համար զոհ տալու պատրաստ չէինք»,- նկատեց Աջապահեանը:

Հարցին՝ ինչ զարգացումներ է տեսնում այս իրավիճակում, նա պատասխանեց. «Ոչ մի լաւ բան չեմ տեսնում: Թէեւ այդ լաւի հնարաւորութիւնը կայ, բայց ազգն այդ ներուժը չունի:

Հիմա տարածւում է, ասում են՝ արցախցիները չկռւեցին, մենք ինչո՞ւ պէտք է կռւէինք: Սրանից աւելի ճղճիմ, աւելի յանցագործն, անբարոյական արտայայտութիւն հնարաւոր չէ պատկերացնել: Էս մի բուռ երկիրը «իմ ու քո» ենք անում: Դա նշանակում է՝ սեփականութեան զգացողութիւն չունենք»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը:

Նա կանխատեսեց, որ Հայաստանը գնալու է դէպի էրմենիստանացման, եւ միակ «մխիթարութիւնն» այն է, որ ինքն այդ ժամանակ չի լինելու, քանի որ դա դանդաղ պրոցես է. «Անունը կը մնայ, բովանդակութիւնը կը պարպւի եւ հայերը կը լինեն հանդուրժւող փոքրամասնութիւն այս երկրում: Հայերը վտանգի զգացողութիւն չունեն, շարունակում են 1.5 երեխայ ունենալ: Վտանգի զգացողութիւն չունեն, որովհետեւ այլընտրանք ունեն՝ արտագաղթը: Եթէ չլինի այդ այլընտրանքը, էս երկիրը երկիր կը դառնայ»,- ընդգծեց նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button