Հայաստան - Արցախ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների համատեղ յայտարարութիւնը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Գեղամ Մանուկեանը, Աննա Գրիգորեանը, Քրիստինէ Վարդանեանը եւ Արթուր Խաչատրեանը փետրւարի 2-ին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«Այսօր ԱԳՆ-ում ծանօթացել ենք Հայաստանի Հանրապետութեան անունից Ադրբեջանին 2024 թ․ յունւարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։

Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որեւէ էական տեղաշարժ չկայ, եւ առաջարկների նախկին փաթեթներին ծանօթանալուց յետոյ մեր հնչեցրած բոլոր մտահոգութիւնները, կապւած ՀՀ-ի կողմից որեւէ յաւելեալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի եւ ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանւում են։

Սակայն, ուշագրաւ ենք համարում հետեւեալ հանգամանքը. պայմանագրի կէտերին ծանօթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մեզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների եւ կեղծ խաղաղութեան թէզի վերաբերեալ հանրային իրազեկմանն ուղղւած մեր ջանքերը յայտնւել են համապատասխան մարմինների ուշադրութեան կենտրոնում, եւ ԱԳՆ-ն ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկութիւնների չհրապարակայնացման դրոյթը խախտելու հանգամանքների առկայութիւնը։

Փաստօրէն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին եւ հայ ժողովրդին ամենօրեայ ռեժիմով ուղղւող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ-ն զբաղւած է ընդդիմադիր պատգամաւորների հարցազրոյցները եւ հրապարակային խօսքերը քննելով։

Յայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք եւ պատգամաւորական գործունէութեանը խոչընդոտող քայլ, միաժամանակ՝ տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարեւորագոյն օրակարգի վերաբերեալ հանրային իրազեկւածութեան բարձրացմանը միտւած մեր գործունէութիւնը։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝
Գեղամ Մանուկեան
Աննա Գրիգորեան
Քրիստինէ Վարդանեան
Արթուր Խաչատրեան»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button