Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Տիգրան Աբրահամեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Այն պետութիւնները, որոնք չեն գիտակցում զինւած ուժերի կարեւորութիւնը, բնականաբար ո՛չ կարող են խաղաղութիւն ունենալ ո՛չ էլ հետագայ տարիներին նաեւ պետականութիւն»

«ԱԼԻՔ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ, ռազմական փորձագէտ Տիգրան Աբրահամեանի հետ:

Հայոց Բանակի ստեղծումն ու պատմութիւնն անքակտելիօրէն կապւած է Հայոց պետականութեան ստեղծման պատմական իրողութեան հետ: Բանակի ստեղծումը նաեւ կապւած է Ղարաբաղի պետականութեան վերականգնման պայքարի հետ, այդուհանդերձ այսօր մեր իրականութիւնը տրամագծօրէն հակառակ ուղղութեան մէջ է գտնւում: Որո՞նք են իրավիճակի շտկման ուղիները, ինչպիսի՞ ծրագիր է ենթադրում Հայոց Բանակի ուժականութեան ամրապնդումը:

– Երրորդ Հանրապետութեան Զինւած ուժերի կազմաւորումը տեղի էր ունենում Հայկական երկու պետութիւնների՝ Արցախի եւ Հայաստանի կայացմանը զուգահեռ: Հայոց Բանակն էր, որ ապահովում էր Արցախում եւ Հայաստանում ապրող հայերի անվտանգութիւնը, սակայն 2018 թւականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձութիւնները մեծ եւ վճռական ազդեցութիւն ունեցան մեր պետականութեանը հարւածներ տեղացնելու, Արցախի կորստի եւ, նաեւ, Զինւած ուժերի հեղինակութեան եւ մարտունակութեան թուլացման ուղղութեամբ: Գործող իշխանութիւնների պայմաններում չկայ որեւէ տարբերակ մեր ունեցած լաւագոյն աւանդոյթների, մարտական հոգու վերականգման եւ մեր պետականութեան առաջ եղած խնդիրները լուծելու համար: Հայաստանում առանց իշխանութեան փոփոխութեան եւ առանց նոր կոմպետենտ իշխանութեան պետութեան ղեկին գալու, որեւէ տարբերակ յատկապէս արմատական փոփոխութիւնների հետ կապւած ես չեմ պատկերացնում:

Պարոն Աբրահամեանպարզ է, որ Բանակի հզօրացումը պահանջում է պետական համապատասխան քաղաքականութեան իրականացում, այսինքն նաեւ համակարգային արդիւնաւէտ մօտեցումներ: Սակայն այդ նպատակը առաջին հերթին հնարաւոր կը լինի, եթէ նաեւ հանրութեան կողմից լինի համաչափ պահանջ: Այսօր հանրութեան մօտ ինչպէս է ընկալւում Հայոց Բանակի կարեւորութիւնը, հայ քաղաքացին իր որոշումներով նպաստո՞ւմ է ազգային բանակի հզօրացմանը, ազգային պետականութեան հիմքերի ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը: Ինչպէ՞ս է հնարաւոր հանրային կոնսենսուս ձեւաւորել նման կարեւոր հարցերում, խնդիրների լուծման ուղիների վերաբերեալ:

– Այն պետութիւնները, որոնք չեն գիտակցում զինւած ուժերի կարեւորութիւնը, բնականաբար ո՛չ կարող են խաղաղութիւն ունենալ, ո՛չ էլ հետագայ տարիներին նաեւ պետականութիւն: Այս տեսանկիւնից նաեւ յատկանշական է նշել, որ մեր նման երկրներում զինւած ուժերի մարտունակութիւնը ուղիղ համեմատական է երկրի անվտանգութեան եւ պետականութեան կայացւածութեան խնդրին եւ, բնականաբար, մարտունակ բանակի գոյութիւնն է, որ հնարաւորութիւն է տալիս բանակցային գործընթացում հանդէս գալ ամուր դիրքերից: Երբ որ խօսում են Զինւած ուժերի հեղինակութեան եւ դիրքի մասին եւ յատկապէս հանրային տրամադրութեան մասին, շատ կարեւոր է, թէ ովքեր են ղեկավարում երկիրը, որովհետեւ պետական քաղաքականութիւնն է, որ սահմանում է առաջնահերթութիւններ, իսկ եթէ այդ առաջնահերթութիւններում զինւած ուժերը չկան, ապա այդ պետութիւնը հեռանկար, ապագայ ունենալու շանսեր պարզապէս չունի:

Պարոն Աբրահամեան, Սփիւռքը այն կարծիքին է, որ արդիւնաւէտ չի օգտագործւում իր ներուժը տարբեր ոլորտներում, այդ թւում, նաեւ բանակաշինութեանռազմարդիւնաբերութեան զարգացման ոլորտում, ինչպէ՞ս է կարող մասնակցել Սփիւռքն այդ ոլորտների կայացմանը:

– Սփիւռքի ներուժը մեր երկրի տարբեր ուղղութիւններում ոչ միայն չի կիրառւում, այլ, առհասարակ, չի կիրառւում այնպիսի ուղղութիւններում, որտեղ տարբեր փուլերում Սփիւռքը ունեցել է էական դերակատարութիւն եւ դրանով իսկ արդիւնաւէտութիւն է ապահովել: Սկսած՝ տնտեսական ներդրումներից, վերջացրած Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագոյն հարցերի առաջ մղումից: Միւս կողմից լաւ չէ, որ անգամներով աւելի մեծ թւով հայեր ապրում են այլ երկրներում, բայց եթէ իրավիճակը այդպէս է կամ մարդկանց ճակատագիրը այդպէս է դասաւորւել, ապա գոնէ պէտք է Հայաստանի Հանրապետութիւնը գործադրի բոլոր ջանքերը, որպէսզի կարողանայ Սփիւռքի հնարաւորութիւնները առաւելագոյն ձեւով կիրառել յանուն Հայաստանի, յանուն հայ ժողովրդի եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների, ինչը ցաւօք այսօր չի իրականացւում:

Այսօր նաեւ կարեւոր է խօսել Բաքւում ապօրինաբար պահւող հայ գերիների ազատութեան ու վերադարձի մասին: Ինչպէ՞ս էք գնահատում ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնները այդ ուղղութեամբ, ի՞նչ քայլերով է հնարաւոր ապահովել միջազգային աւելի լայն հնչեղութիւն այդ հարցի առնչութեամբ:

– Անկեղծ ասած չեմ կարծում, որ որեւէ մէկը սպասում ունի Հայաստանի իշխանութիւններից, որ նրանք մեծ ջաքներ գործադրեն Բաքւի բանտերում գտնւող գերիների, ռազմագերիների վերադարձի մասին, յատկապէս երբ խօսքը վերաբերւում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին: Նրանք մարդիկ էին, որոնք ասոցացւում էին Արցախի անկախութեան եւ մեր յաղթանակների հետ, եւ, բնականաբար, նրանց ներկայութիւնը մեր իրականութիւնում աւելի էր ամրապնդում այն մօտեցումը, որ Արցախի էջը փակւած չէ: Արցախի իշխանութիւնների դիրքորոշումը Արցախի հարցում եւ ամէն գնով այն փակելու համատեքստում, ըստ էութեան ցոյց է տալիս, որ Հայաստանի իշխանութիւնը առանձնապէս շահագրգռւած չէ այդ մարդկանց հայրենադարձման խնդրով: Բայց, ամէն պարագային յոյս ունեմ, որ այս իրականութիւնը որոշ ժամանակ յետոյ կը փոխւի Հայաստանում քաղաքական փոփոխութիւններից յետոյ, որը մեզ առաջին հերթին հնարաւորութիւն կը տայ, նաեւ դրսում էֆեկտիւ գործելու, աշխատելու եւ այդ մարդկանց հայրենիք վերադարձի հարցը լուծելու տեսանկիւնից:

Խօսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնութիւնների մասին: Ինչպէ՞ս էք գնահատում այդ գործընթացները: Կա՞ն արդեօք արդիւնաւէտ եղանակներ բանակի արդիականացման գործընթացին հասարակութեան ներգրաււածութեան ապահովման ուղղութեամբ:

– Բանակը ինքը պէտք է սահմանի իր անելիքները, եւ պէտք է սահմանի, որ հասարակական կազմակերպութիւնները, լրատւամիջոցները, հասարակութիւնը, բոլոր կարող ուժերը, անհատները ինչով կարող են սատարեն Զինւած ուժերին: Այսինքն գործընթացը պէտք է լինի կազմակերպւած, յստակ թիրախային: Հակառակ դէպքում դա որեւէ խնդրի չի ծառայում: Այս տեսանկիւնից անկեղծօրէն չեմ տեսնում, որ Զինւած ուժերը ունեն սահմանւած առաջնահերթութիւններ եւ դժւար եմ պատկերացնում այդ անհատները, կազմակերպութիւնները նաեւ Սփիւռքում ինչպէս կարող են իրենց աւանդը բերել Հայոց Բանակի զարգացման գործում:

Տարածաշրջանի երկրների զինւած ուժերի եւ բանակների իրավիճակի համեմատութեամբ, մասնաւորապէս հակառակորդ երկրների ուժականութիւնը նկատի առնելով, ինչ իրավիճակում է գտնւում Հայոց Բանակն այսօր: Ո՞ր երկրների հետ է անհրաժեշտ խորացնել գործակցութիւնը, որպէսզի ապագայում հնարաւոր լինի վերականգնել մեր կրած պարտութիւնները:

Իհարկէ, տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքը շարունակւում են եւ ակնյայտօրէն Ադրբեջանը անընդհատ զինւում եւ վերանայումների փոփոխութեան փուլ է անցնում: Հայաստանը պէտք է օգտագործի իր բոլոր հնարաւորութիւնները, բոլոր պոտենցիալ բարեկամ, դաշնակից երկրների հետ աշխատելու առումով, առաջին հերթին սպառազինութեան ձեռքբերման տեսանկիւնից, ռազմական դիւանագիտութեան տեսանկիւնից: Տարածաշրջանում ակնյայտ է, որ առաջին երկրներից մէկը, որի հետ Հայաստանը պէտք է աշխատի դա մեր բարեկամ Իրանն է, որի հետ բաւականին մեծ թւով հարցերի շուրջ ունենք միասնական շահեր եւ ըստ էութեան դիրքորոշումներ: Ես անձամբ անչափ գնահատում եմ, ինչպէս Իրանի, այնպէս էլ Իրանում ապրող մեր հայրենակիցների ներուժը եւ բաւականին յամառ աշխատանքը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Միւս կողմից ակնյայտ է, որ մենք ունենք աւանդական դաշնակից Ռուսաստանին, որի հետ ներկայումս, թէեւ յարաբերութիւնները պատմական ամենացածր մակարդակում են, սակայն Ռուսաստանի հետ համագործակցութեան բաւականին մեծ ռեսուրս եւ հնարաւորութիւններ կան, որոնք տարբեր փուլերում օգտագործւել են, սակայն այս վերջին ժամանակահատւածում դրանք սրընթաց անկում են ապրել: Հայաստանը այս փուլում, ռազմատեխնիկական յարաբերութիւններ է զարգացնում Հնդկաստանի հետ, այդ երկիրը նաեւ բարեկամ է, որի հետ պէտք է անընդհատ յարաբերութիւնները բոլոր առումներով, զարգացնել: Դեռ չեմ խօսում՝ Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, պոտենցիալ այն երկրների մասին, որոնք զանազան փուլերում ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական տեսանկիւնից Հայաստանի հետ լաւ համագործակցութիւն են ունեցել, եւ բնականաբար դրանք եւս պէտք է շարունակել զարգացնել:

– Շնորհակալութիւն պարոն Աբրահամեան:

– Ձեզ նոյնպէս շնորհակալ եմ:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button