Հայաստան - Արցախ

Պետական օրհներգին որպէս մեղեդի կամ գրական տեքստ վերաբերելը մերկապարանոց է

Aravot.am-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: 

Արդեօք օրհներգի թեման երաժշտագիտակա՞ն է, գրականագիտակա՞ն, թէ քաղաքական:

– Պետական օրհներգին որպէս մեղեդի կամ գրական տեքստ վերաբերւելը, մեղմ ասած, մերկապարանոց է եւ կարծում եմ՝ դիտաւորեալ մոլորեցնող։ Աշխարհում չկան պետական օրհներգերի ստեղծման կայուն եւ հաստատւած կանոններ։ Բացայայտ ակնյայտ է, որ ՀՀ անփառունակ վարչախումբը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական պատւէրով կազմալուծում է Հայոց պետականութիւնը, ջնջելով կամ թուրքական քիմքին ու պատւէրին պատշաճեցնելով հայոց ինքնութենական արժէքները, պատմական յիշողութիւնն ու մեր հաւաքական արժանապատւութիւնը։ Հէնց այս քաղաքական համատեքստով է պայմանաւորւած խորհրդանիշերի՝ իսկ իրականում մեր պետութեան դէմ պայքարը։ Օրհներգը սոսկ երաժշտական կոթող չէ, այլ ժողովրդի պատմական քաղաքական զարգացման փուլերով, նրա անցեալով եւ իղձերով պայմանաւորւած խորհրդանշական ուղերձ, որը սերունդների յաջորդականութեան, համերաշխութեան, ինքնութենական բաղադրիչների հաւաքական պատկերն է: Օրինակ՝ Գերմանիայի օրհներգի հեղինակը աւստրիացի կոմպոզիտոր Հայդէնն է եւ այն գրւել է 1797 -ին՝ կայսր Ֆրանցիսկ 2-րդի ծննդեան առթիւ։ Միացեալ Թագաւորութեան օրհներգը 1745-ին է հաստատւել։ ԱՄՆ օրհներգը անգլիական գինետան երգ է՝ 1773-ին թւագրւող, որի խօսքերը 1814-ին են գրւել, իսկ պաշտօնապէս ընդունւել է 1931-ին։ «Մեր Հայրենիքի» օտարածին լինելը նոյնպէս մտացածին է։ Խօսքերը Միքայէլ Նալբանդեանինն են, մեղեդին մշակել է Կոմիտասի ուսուցիչ Կարա-Մուրզան, իսկ այն առաջին անգամ հնչել է 1885-ին, Թիֆլիսում։ Հետագայում, 1920-1930 թթ., այն վերամշակել է Բարսեղ Կանաչեանը։

Ինչպէ՞ս էք վերաբերւում Նիկոլ Փաշինեանի՝ օրհներգում թշնամու կերպարի վերաբերեալ դիտարկմանը:

– Քաղաքական ու դիւանագիտական սնանկ վարչախմբին ու նրա առաջնորդին սեփական վախերը յաղթահարելու ռեսուրս կարծես էլ չի մնացել։ Քանի որ ունակ չեն հակազդել թշնամուն, շարունակում են սեփական պարտութիւնն արդարացնելու ու նոր մեղաւորներ նշանակելու վարքը։ Հիմա էլ զինանշանն ու օրհներգն են մեղաւոր։ Մենք հիմա բազմակողմանի պատերազմի մէջ ենք. սրանք հետեւողականօրէն լեգիտիմացնում են թուրքական թէզերը, ոտնատակ տալով եւ ուրանալով ազգային շահեր ու իդէալներ, ընդ որում՝ իրենց բնորոշ ամենամանիպուլեատիւ գործիքներով՝ ցլերի ու կարմիր լաթերի յօրինւածքներով, բանակը նւաստացնելով, ներքին թշնամու որսով: Ի դէպ, շատ երկրների oրհներգում կայ թշնամու յղումը։ «Ոչնչացրու մեր թշնամիներին եւ տար նրանց կործանման» տողերը կան Մեծ Բրիտանիայի հիմնում, Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելիէզ»-ը պատերազմական հիմն է, որը ժողովրդի եւ հայրենիքի թշնամիների դէմ մարտի ելնելու կոչ է։ Իմ երկիր-Հայրենիքը քանդող, ոչնչացնող եւ իմ ժողովրդին ցեղասպանող պետութիւնն իմ թշնամին է, այո… ու այդ սպառնալիքն ամէն օր է հնչում Ադրբեջանից։ 

Ձեր տպաւորութեամբ՝ ինչո՞ւ են մտաւորականները խուսափում օրհներգի եւ զինանշանի թեմայով խօսելուց, իսկ ոմանք էլ ներկայացնում են իշխանութիւնների տեսակէտին յարող կարծիքներ:

– Երկրում ազգային, արժէքաբանակ տրանսֆորմացիա է տեղի ունենում, տեսակային զտում, համատարած ճգնաժամ։ Այո, հիմա սակաւ է կամ գրեթէ չի լսւում մտաւորականի խօսքը։ Ես կարծում եմ նաեւ սկզբունքներ ունեցող քաղաքացու խնդիր է. դիմազուրկ, ամորֆ տեսակների միջավայր է ստեղծւել, որոնք յաճախ կամք կամ խիզախում չունեն հակազդելու ընդհանուր տենդենցին։ Մի մասը հաշտւում է՝ սոցիալական կամ նիւթական պատճառներով, մի մասը յոգնել է եւ հաշտւել համատարած բարոյալքման հետ, մի մասը երեսուն արծաթով է գոհացել։ Երկրում հեղինակութիւնների, ազգային ինստիտուտների ծրագրւած ջարդ է կազմակերպել։ Խեղւած իրականութիւն. բռնութիւնների եւ վրէժխնդրութեան գործիքով զինւած իշխանութիւն: Դարձել ենք անղեկ հասարակութիւն։ Այնուամենայնիւ, օրինակ` պատմաբանների մի ստւար եւ շատ պրոֆեսիոնալ խումբ պայքարում է պատմութեան դասագրքի դէմ, եւ ինչ: Օտարի օրակարգը սպասարկող ցինիկ ու ապազգային իշխանութիւն: 

Արդեօք հիմա ճիշտ պա՞հն է օրհներգի եւ զինանշանի փոփոխութեան:

– Հիմա մեր երկրում թշնամու պահն է, երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում, նրանք են ներազգային օրակարգ թելադրում։ Իսկ մեր իրականութիւնը վերածւել է համատարած հրդեհների․ չգիտես որը շիջես։ Հետեւողականօրէն կազմաքանդւում է մեր պետականութեան ճարտարապետութիւնը։ Թիրախում նաեւ Սահմանադրութիւնն է․ թշնամու անթաքոյց պատւէրով վարչախումբը լծւել է չորրորդ հանրապետութեան «կերտմանը»՝ ջնջելով մեր բոլոր ինքնութենական յենասիւները ու կասկածի տակ դնելով ապագան։ 

Առաջին Հանրապետութեան հիմնադիրները ինչպէ՞ս կարձագանգէին այսօրւայ քննարկումներին, տիկին Գալստեան։

– Անգամ դժւարանում եմ պատկերացնել. նոյնիսկ վեց տարի առաջ էր անպատկերացնելի, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում ցեղասպանութեան կը ենթարկւէր ու նրա իշխանութիւնները կը լեգիտիմացնէին թշնամու յանցագործութիւնը։ Մսխել մի ամբողջ հազարամեակների ժառանգութիւն: Երբեմն ինձ թւում է, թէ դեռ չենք գիտակցում ուրացումի մասշտաբները։ Պատմութիւնն ու Աստւած չեն ներելու Արցախի դաւաճանութիւնը։ Այսպէս չի մնալու, ուժ ենք գտնելու վերածնունդի:

Զրոյցը՝ ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button