Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «Նախարար Ժաննա Անդրէասեանը յայտնեց, որ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ստել է»

Օրերս գրութիւն ստացայ ԿԳՄՍ նախարարութիւնից, որում գրաւոր նախարար Ժաննա Անդրէասեանը յայտնեց, որ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ստել է հայրենակիցների եւ անգամ իր կուսակիցների առաջ:  Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում հրապարակւած տեսանիւթում յայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Շաբաթներ պահանջւեց ինձանից, որպէսզի պարզեմ, թէ ճիշտ է արդեօք Նիկոլ Փաշինեանը այս տարւայ յունւարի 14-ին յայտարարել, թէ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են Կրթութեան նախարարութիւն՝ առաջարկելով Հայոց պատմութիւն առարկան վերանւանել Հայաստանի պատմութիւն: Նախ նախարարութիւնը իր մի պատասխանով հրաժարւեց ինձ տեղեկացնել, թէ արդեօք գրաւոր նման առաջարկ եղել է եւ տրամադրել պատճէնը, պատճառաբանելով, որ նամակագրութիւնը գաղտնի է, կարող են չհրապարակել: Ազգային ժողովում պնդեցի, որ օրէնքով պարտաւոր են, ես չէի պահանջել որեւէ սիրային նամակ, որ Կրթութեան նախարարութիւնը մերժել է»,- ասել է նա:

Պատգամաւորի խօսքով՝ երկրորդ գրաւոր հարցման ընթացքում ստացել է պատասխան, որով յայտնել են, որ գրաւոր դիմում Կրթութեան նախարարութիւն չի մուտքագրւել:

«Հերթական անգամ պարզւեց, որ Նիկոլ Փաշինեանը հանրութեան առաջ հանդէս է եկել յայտարարութեամբ, որ իրականութեանը չի համապատասխանում: Պարզապէս մի մարդու մտքով անցել է, որ Հայոց պատմութիւնը պէտք է վերանւանել Հայաստանի պատմութեան»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ իր ելոյթներից մէկում Փաշինեանը յայտարարել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարութեանը՝  խնդրելով Հայոց պատմութիւն առարկան վերանւանել Հայաստանի պատմութիւն:

Առնչւող Յօդւածներ

Back to top button