Հայաստան - Արցախ

Վարդան Խաչատրեան. «Ռուսաստանը երբեք չի հեռանալու Արցախից. Արցախը Հարաւային Կովկասի գլխաւոր ստրատեգիական բարձունքն է»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր փիլիսոփայ, սոցիոլոգ, կրօնագէտ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Վարդան Խաչատրեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • Ոչ մի պայմանագիր երբեւէ չի փրկել թոյլին։ Եթէ դու ցոյց ես տալիս թուլութիւն, դու ստանալու ես ամենավատ տարբերակը։ Մենք ապրում ենք Մերձաւոր Արեւելքում, այստեղ բոլոր խնդիրները լուծւում են պատերազմներով։ Եթէ դու Մերձաւոր Արեւելքում յայտարարում ես՝ մենք չենք կարող չանսալ մեր թշնամիների պահանջներին, դու ոչինչ չես ստանալու։
  • Սահմանադրութիւնը երկրի կեանքը կարգաւորող գլխաւոր օրէնքն է։ Որեւէ երկիր չի կարող պահանջել փոխել այն։ Իսկ չե՞ն մտածում, որ մեր դաշնակիցները՝ Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, չեն կարող ընդունել, որ մեր սահմանադրութիւնը հակահայ փոփոխութիւնների է ենթարկւում մեր թշնամիների պահանջով։
  • Ժողովուրդը կարող է քւէարկել որեւէ ուժի օգտին, բայց լեգիտիմութիւնը կարելի է կորցնել անարդիւնաւէտ կառավարման արդիւնքում, ինչը տեղի ունեցաւ ՀՀ այս իշխանութիւնների պարագայում։
  • 44-օրեայ պատերազմում այն տղաները, որոնք նայում էին երկինք՝ իմանալով, որ ուր որ է՝ երկնքից վրայ է հասնելու մահը, բայց կրակում էին վերջին արկը, մեր ժողովրդի երկնքի ժամապահներն էին… Նրանց սխրանքի օրինակով սերունդներ պիտի կրթւեն։ Նման բացառիկ, ոգեղէն, հրաշէկ առանցքի հանդէպ արհամարհական վերաբերմունքը կործանման ճանապարհ է։ Մենք պիտի խոնարհւենք ու յիշենք, որ նրանք զոհել են ամենաթանկը, որ յաջորդ սերունդները համապատասխանեն իրենց չափորոշիչներին։
  • Միայն այն դէպքում, երբ հակառակորդի օկուպացիոն բանակը կանգնած է երկրի ներսում, ու չկայ դիմադրութիւն, նա կարող է ստանալ ամէն ինչ։ Բայց մերն այդ տարբերակը չէ։ Նման օրինակ էր Ճապոնիայի օրինակը, որի Սահմանադրութիւնը գրւեց ԱՄՆ թելադրանքով։
  • Մենք ի վիճակի ենք շատ կարճ ժամանակում վերականգնւել։
  • Հայ ժողովրդի ամենաուժեղ խաղաքարտը Սփիւռքն է։ Առաջին հերթին Սփիւռքն է, որ հայոց պետութիւնը կարող է պահել ջրի մակերեւոյթին։ Իսկ Սփիւռքը հիմնականում առաջացել է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով։ Աստւած մի արասցէ, եթէ վերանայ հայոց պետականութիւնը, 1-2 սերունդ յետոյ Սփիւռքը կը վերանայ։
  • Ուկրաինան ամբողջ մի սերունդ զոհեց, բայց որեւէ կերպ Եւրոմիութեան անդամ չի դառնում։
  • Երբ պետութիւնն անվտանգային մի կազմակերպութիւնից դուրս է գալիս, բայց միւսի մէջ չի մտնում, դա մահացու է պետութեան համար։ Դու յայտնւում ես անկշռելիութեան վիճակում։ Որեւէ տեղ նման բան չի եղել։ Ի՞նչ է նշանակում՝ չէզոք, արտադաշինքային երկիր։ Չէզոք երկրի ամենայայտնի օրինակը Շւէյցարիան է։ Ի՞նչ է, նա չէզո՞ք է։ Շւէյցարիան ռազմականացւած, իր ներսում այլ երկրների ազդեցութիւնը կրող երկիր է։ Բա ինչո՞ւ ինքն իրեն դուրս բերեց չէզոքութիւնից ու մտաւ ԵՄ։ Այն դէպքում, երբ Շւէյցարիան թշնամիներ չունի, իսկ մենք ունենք երկու թշնամիներ, որոնք համարում են, որ տեկտոնիկ փոփոխութիւնների Մեծ Թուրան ծրագիրը կարող է յաջողել միայն հայոց պետականութեան կորստի, Հայաստանի ոչնչացման պարագայում։ Այս պայմաններում մենք ինչո՞ւ ենք ուզում չէզոք երկիր դառնալ (ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչներ՝ ԱԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը, Նիկոլ Փաշինեանը եւ այլք, մերձիշխանական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ արտադաշինքային, չէզոք կարգավիճակով երկիր դառնալու գաղափարն են առաջ տանում,- հեղ.)։
  • Պատկերացնենք՝ ամերիկեան ամենախոշոր Black Water մասնաւոր ընկերութիւնը պաշտպանում է մեր անվտանգութիւնը ու ամենաշատը կարողացել է մոբիլիզացնել 20.000 մարդ։ Այդքանը բաւարա՞ր է Հայաստանի անվտանգութիւնը պաշտպանելու համար։ Չի բացառւում՝ սեփական անվտանգութիւնն ուրիշներին պատւիրակելու գաղափարը գալիս է մեր թշնամիներից ու նրանց ֆինանսաւորմամբ։ Հայաստանի պետականութիւնը ոչնչացնելու համար մեր թշնամիները կարող են ծախսել տրիլիոն դոլար։ Բայց մենք պիտի հասկանանք՝ բոլորս գտնւում ենք «Հայաստան» նաւի մէջ ու պիտի միասին դուրս գանք ովկիանոսի ալեկոծութիւնից։ Կա՛մ մենք միասնական թիմի կը վերածւենք ու կունենանք ձեռքբերումներ, կա՛մ կը վերանանք։
  • Տարածւած խօսք կայ՝ «հայերը չեն կարող միասնական լինել»։ Հաւատացնում եմ Ձեզ՝ ոչ մի ազգ միասնական չէ։
  • «Բաստիոնը»՝ որպէս զէնք, իրենից մի բան չի ներկայացնում, բայց մինչեւ դրանց՝ Հայաստան հասնելը ֆրանսիական մամուլը յայտարարեց, որ այդ զէնքն ուղարկւում է ռուսների դէմ։ Բա եթէ դուք ձեր քաղաքական հարցերն էք լուծում, հայ ժողովրդին ինչի՞ էք ներքաշում։
  • Այո՛, Ռուսաստանը թոյլ է տւել կոպիտ սխալ։ Ռուսաստանը որոշեց Հարաւային Կովկասում պահել կառավարելիութեան վիճակ։ Կուզեմ՝ կը պահեմ Ադրբեջանին, կուզեմ՝ հայերին։ Վերջին պատերազմում պահեց Ադրբեջանին։ Սա կոպիտ սխալ էր, որովհետեւ հակառակ կողմը՝ որպէս երկրորդ պոստուլատ, ունէր Ռուսաստանի դէմ պայքարելու նպատակի գերակայութիւնը։
  • Երբ թռչում, նստում ես մէկի ծնկին, յետոյ՝ երկրորդի, երրորդի, միւսի, ապա քեզ սպասւում է կոլեկտիւ բռնաբարութիւն։ Վերջ։
  • Հնդկաստանի գլխին Մեծ Թուրանի իրողութեան դէպքում կախւելու է թուրանական ու պակիստանեան բանակի մահացու վտանգը։
  • Մեր երկրի իշխանութիւնների այս գործողութիւնները կարող են շուռ գալ մեր դէմ՝ մեր երկրի, մեր ժողովրդի դէմ։ Վերջը հասնելու է նրան, որ մենք նորից դիմենք ՀԱՊԿ-ին, նրանք էլ մեզ ձեռք առնեն, ասեն՝ տառասխալներ կան դիմումի մէջ։
  • Իրանն առ այսօր իր քաղաքականութեան մէջ դեռեւս հաշւի է առնում Հայաստանի շահը՝ հասկանալով, որ այս տարածաշրջանում արմատներով ժողովուրդը հայերն են։
  • Ամերիկեան հասարակութեան տարբեր շերտեր իրար դէմ են գնում, եւ լուրջ վերլուծաբանները, որոնք ամենեւին էլ տագնապի շչակներ փչողներ չեն, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ են կանխատեսում։
  • Ալեքսէյ Նաւալնիի մահը Ռուսաստանին հաստատ ձեռնտու չէր։ Հասկանալի է՝ նրա մահը տարփողւելու է։ Նաւալնիին սպանելու խնդիր չկար։
  • Ռուսաստանը կունենայ հայ ժողովրդի կարիքը, եթէ հայ ժողովուրդը կարողանայ ներկայանալի դառնալ։
  • Թուրքիան հիմա տնտեսապէս ծանրագոյն իրավիճակում է գտնւում։ Թուրքական լիրայի փոխարժէքն աննկարագրելի ընկել է։ Թուրքիան դեռ պէտք է կարողանայ վերացնել երկրաշարժի հետեւանքներն իր երկրում, մէկ միլիոն շէնք է քանդւել։ Այս պայմաններում Թուրքիան չի կարող մտնել ծանր պատերազմի մէջ։
  • Արցախի տարածքը Հարաւային Կովկասի գլխաւոր ստրատեգիական բարձունքն է։ Այստեղ գտնւող ուժը միշտ վերահսկելու է նրանից հարաւ ընկած իրավիճակը։ Եւ այս պայմաններում Ռուսաստանը երբեք չի հեռանալու Արցախից։
  • Նիկոլ Փաշինեանի վարկանիշի կորն անընդհատ իջնում է։ Նրա վարկանիշն անընդհատ ընկնում է: Ընտրութիւնից ընտրութիւն այն չի բարձրանալու, ու Փաշինեանը գիտի, որ կորցնում է իր ազդեցութիւնը հասարակութեան վրայ։ Հետեւաբար՝ նա պէտք է հիմա մտածի՝ ինչ անի, որ հանգիստ հեռանայ:
  • Հայ Առաքելական Եկեղեցին աւելի մեծ է, քան Հայաստանը։ Սփռւած է ամբողջ աշխարհով մէկ։ Միաբեւեռ է։ Մեզ այսօր օդ ու ջրի պէս պէտք է այս համակարգը, որի գլխին, ցաւօք, այսօր հարւած են իջեցրել։ Հազարամեակներով եկած համակարգը քանդելու դէպքում դու քանդում ես քո արժէքային համակարգը։ Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ իշխանութիւններն այսօր տորպեդահարում են մեր եկեղեցին մեր ներսում։ Նպատակը մեր պատմութիւնը վերացնելն է։ Սա մտածւած ծրագիր է։ Յիշէք՝ հաւատ չունեցող մարդը չունի ծանրութեան կենտրոն։ Մեր նախնիներն ասում էին՝ «Խղճիդ հետ խաղաղ ապրես»։ Մենք պէտք է քաղաքացիական դիրքորոշում դրսեւորենք, որ ցոյց տանք՝ երկրի ներսում Սահմանադրութեամբ առանձին դիրք ունեցող Հայոց Եկեղեցին չի կարող ընկնել սեփական պետութեան հարւածների տակ։ Անթոյլատրելի է որեւէ կերպ ցեխոտել Հայ Առաքելական Եկեղեցին։
  • Հայ հասարակութեան՝ շարունակական նեւրոզից դուրս գալու միակ ճանապարհը միասնական Հայքի ստեղծումն է՝ յիշելով, որ մեր կոդը հայն է։
  • Քաղաքական ուժերը պէտք է սկսեն Սփիւռքի հետ աշխատանքը, որովհետեւ յատկապէս Մերձաւոր Սփիւռքից մեծ ալիք է գալու։
  • Հայաստանն ունի արդարացի, գիտելիքներով օժտւած լիդերի կարիք։

Առնչւող Յօդւածներ

Back to top button