Հայաստան - Արցախ

Լիլիթ Գալստեան. «88-ի պատմական խիզախումն ու պարտութեան հետ չհաշտւելու հրամայականը»

Պատերազմից յետոյ Սփիւռքում չէի եղել։ Ինձ համար ծանր է ու ցաւոտ Հայաստանից դուրս, անգամ օբիեկտիւ փաստերի համատեքստում, խօսել այն իրականութիւնից, որին բախւում են մեր Հայրենիքը, պետութիւնն ու ողջ հայ ժողովուրդը։

36 տարի առաջ, համազգային աներեւակայելի թռիչքով ու պատմական խիզախումով հունաւորեցինք Արցախեան շարժումը, կերտեցինք ու ոտքի կանգնեցրինք մեր զոյգ պետականութիւնները։

Ու հիմա դժւար էր պատկերացնել, որ լաւագոյն խոստումներով իշխանութիւնը զաւթած քաղաքական ուժն այսպէս կը մսխի ու կը քայքայի երկրի ներուժը, կը փոշիացնի ներազգային յաղթանակներն ու երազանքները, կը զրոյացնի Հայաստանի միջազգային վարկն ու անկախ պետականութեան պայմաններում կառերեսւենք ցեղասպանւելու փաստի հետ, կունենանք երեքհազարամեայ բնօրրանից հայրենազրկւած Արցախահայութիւն, Հայաստանի խոցւած սահմաններ եւ խոցւած ինքնիշխանութիւն, յուսահատ եւ պառակտւած հասարակութիւն, կասկածի տակ դրւած պետականութիւն, անվտանգային զրօ երաշխիքներ եւ ապագայի անորոշութիւն։

Ցաւոք, մեզ չյաջողւեց խմբագրել, փոխել այն իրականութիւնը, որը նիկոլ ծնեց, չյաջողւեց կասեցնել մեր հասարակութեանը դեգրադացնող նիկոլիզմ կոչւող արժեհամակարգը, մեր զոյգ պետականութիւնների կազմաքանդման ընթացքը։

Թեհրանում․ թէ՛ հայկական միջավայրում, թէ՛ տեղական քաղաքական, փորձագիտական եւ ակադեմիական շրջանակներում առաջին եւ միակ հարցն այն էր, թէ որքան է հայ ժողովուրդը եւ յատկապէս ՀՀ քաղաքացին հանդուրժելու այն իշխանութեանը, որն անունակ է ապահովել երկրի անվտանգութիւնը, որն այդքան հեշտօրէն հրաժարւում է երկրի ազգային եւ պետական շահերից կամ անունակ է դրանք առաջ տանել։

Ի դէպ, իրանըան ազդեցիկ փորձագիտական շրջանակներում Սիւնիքի ռազմավարական նշանակութիւնը համադրւում էր Արցախի հետ՝ գնահատելով վերջնիս հանգուցային դերակատարութիւնը տարածաշրջանի ապագայ ճարտարապետութեան մէջ։

Ցաւալի է, մի քիչ էլ անպատւաբեր, բայց Հայաստանի իշխանական շրջանակներում այդ տագնապը կամ գնահատումը չկայ։

Մի կողմից էլ Հայաստանի տարածքային ամբողջականութեան մասին միջազգային երաշխիքներն առայժմ յայտարարութիւններից այն կողմ չեն անցել։

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ինտենսիւօրէն մեծացնում է իր ռազմական բիւջէն, իսրայէլական եւ թուրքական աջակցութեամբ սպառազինւում։

Ըստ իրանական փորձագէտների արտաքին քաղաքականութեան մէջ հաւասարակշռւած յարաբերութիւնները ՀՀ իշխանութիւնները փոխարինեցին անպտուղ արկածախնդրութեամբ՝ թերագնահատելով տարածաշրջանում բնական դաշնակիցների ներուժը։

Ի դէպ, Իրանական շրջանակները Մեղրիի միջանցքը Թուրանական են անւանում՝ գնահատելով դրանից բխող բոլոր սպառնալիքները։

Իրավիճակն, իրապէս ծանրագոյն է․ արտաքին քաղաքական ճկունութեան հրամայականը թելադրում է, որպէսզի աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան մէջ ոչ կորստաբեր եւ հաւասարակշռւած դիրքաւորւենք, կարողանանք տարածաշրջանում շահեր ունեցող երկրների, բնական դաշնակիցների հետ որակապէս նոր, պրագմատիկ հաշւարկների վրայ կառուցած յարաբերութիւններ կառուցել, որոնք կը ներառեն նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան զսպող մեխանիզմները, Արցախի հարցը հետապնդելու հիմքերը։

Ծանր փորձութիւն է բաժին ընկել մեզ բոլորիս, մեր սերնդին․ հիմա, բազմաթիւ ձեռքբերումներից ու կորուստներից, զոհաբերութիւններից ու նւիրումներից, ձախողումներից ու փառքի հարիւրաւոր էջերից յետոյ, կանգնած ենք գոյաբանական սպառնալիքի առջեւ, կանգնած ենք ճակատագրական որոշումներ կայացնելու, ես կասէի երդւելու առջեւ։

Ընկրկելու, յուսահատւելու, մեր հերոսական անցեալից եւ միասնական ապագայից հրաժարւելու իրաւունք չունենք, վերընձիւղւելու մեր հաւատը կորցնելու իրաւունք չունենք։

Երկրաշարժի ցաւը յաղթահարել ենք միասին, Արցախեան Ազատամարտը կոփել ենք միասին, Անկախութեան դժւարին, վայրէջքների եւ վերելքների ճանապարհը անցել ենք միասին։

Մեր յաղթանակի աղբիւրը մեր միասնականութիւնն է․ վստահ եմ՝ մեր հաւաքական հաւատով ու աներեւակայելի ճիգով կը հաստատենք պետականութիւն ու արժանապատւութիւն ունենալու կամքը։

Ապագայ Հայաստանի խնդիրը զուտ հայաստանեան օրակարգ չէ։ Այն, համահայկական բնական եւ պատմական յանձնառութիւն է։ Այն ողջ հայ ժողովրդից պահանջում է կազմակերպական, գաղափարական եւ քարոզչական ահռելի ջանքեր, յստակ ճանապարհային քարտէզ, գաղափական եւ արժէքային դաշտի բիւրեղացում:

Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Առնչւող Յօդւածներ

Back to top button