Հայաստան - Արցախ

Արշակ Կարապետեան. «Ստեղծւած իրավիճակում իշխանութեան միակ ճիշտ քայլը հեռանալն է»

News.am-ի հետ զրոյցում ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր, Արշակ Կարապետեանն անդրադարձել է վերջին օրերին հայադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադէպից յետոյ հանրութեան անհանգստութեանը, Ադրբեջանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան եւ հանրութեանը յուզող անվտանգային այլ հարցերի:

Պարոն Կարապետեան, ի՞նչ գնահատական կը տաք վերջին սահմանային միջադէպին եւ սահմանամերձ բնակավայրերի բնակչութեան անհանգստութեանը:

Նախ, իմ խորին եւ անկեղծ ցաւակցութիւնն եմ յայտնում 2024 թւականի փետրւարի 13-ին Ադրբեջանի հետ սահմանին Ներքին Հանդ բնակավայրի մօտ մարտական հերթապահութիւն կատարելիս ադրբեջանական կողմի սադրանքի արդիւնքում զոհւած չորս հայ զինծառայողների ծնողներին, ընտանիքի անդամներին եւ հարազատներին. Ադրբեջանը նմանօրինակ վարքագիծ դրսեւորել է մի քանի տասնամեակ, ձեռագիրը նոյնն է: Իսկ մեր հայրենակիցներին պարտաւոր է պաշտպանել պետութիւնը, ինչը հէնց դրա համար էլ ստեղծւած է: Այստեղ այլ հարց է գործող իշխանութիւնը կարող է կամ ի վիճակի է:

Իսկ Ձեր կարծիքով, Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպւող սադրանքները ո՞ւմ եւ ինչի՞ դէմ են ուղղւած:

Հաւատացէք, որ Բաքւի կողմից կազմակերպւած սադրանքն ուղղւած է Հարաւային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը եւ յստակ ցոյց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը խաղաղութեան ցանկութիւն չունի, ինչպէս նաեւ մտադիր է գործել բացառապէս ուժի դիրքերից։ Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանը պատրւակ է փնտրում Հայաստանի Սիւնիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպէսզի ուժով զաւթւի այս տարածքը եւ Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծ։

Դուք երկար տարիներ եղել էք զինւորական համակարգում, քաջատեղեակ էք նման իրավիճակներին, ինչո՞ւ մենք կանգենցինք նման իրականութեան առաջ:

Բայց գլխաւոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանութեան՝ ազգային անվտանգութիւնն ու կոմպետենտութիւնն ապահովելու կամքի բացակայութիւնն է, ագրեսիւ հարեւանների ցանկացած ճնշման տակ ամէն ինչ ընկալելու «նոր իրականութեան» պրիզմայով եւ թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամութիւնը։ 

Իսկ եթէ Ադրբեջանն ամէն վարկեան մանեւրում է:

Կարծում եմ, որ այսքանից յետոյ իշխանութեանը կառչած բարձրաստիճան պաշտօնեաները պէտք է վերջապէս հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել Հանրապետութիւնը, միակ ճիշտ քայլը նրանց կողմից հեռանալն է, այլապէս մեր պետականութեանը վտանգ է սպառնում։

Պարոն Կարապետեան իշխանութիւնը գնում է խաղաղութեան, իրենց խօսքը սկսում եւ աւարտում են խաղաղութեան կոչով:

Միգուցէ, բայց ցաւօք նրանց մօտ ոչինչ չի ստացւում: Մի բան է դրա մասին խօսելը, մէկ ուրիշ բան է գնահատել ստեղծւած իրավիճակը եւ դիւանագիտական ճանապարհներով լուծել ի օգուտ իր երկրի: Կամ, եթէ խաղաղութիւն ես ուզում, պատրաստւիր պատերազմի։

Առնչւող Յօդւածներ

Back to top button