Հայաստան - Արցախ

Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է եւ սպասում հակամարտութեան կարգաւորման համապարփակ աջակցութիւն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում.

«Յարգելի գործընկերներ,

Ուզում եմ բարձրաձայնել Հայաստանի անվտանգութեան ճգնաժամին վերաբերող մի քանի հարցեր։

Վանկուվերում, ԵԱՀԿ ԽՎ տարեկան վեհաժողովում մենք ընդունեցինք բանաձեւ, որը կոչ էր ուղղում Ադրբեջանին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից անմիջապէս դուրս բելել զինւած միաւորումները, անյապաղ բացել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկութիւնը եւ ազատ արձակել բոլոր ձերբակալւածներին։

Աւելի վաղ, նոյն բովանդակութեամբ որոշումեր/վճիռներ էին ընդունել ե՛ւ Միջազգային դատարանը, ե՛ւ Մարդու իրաւունքների Եւրոդատարանը։ Այս բոլոր որոշումները՝ ներառեալ Վանկուվերի յայտարարութիւնը, ոչ միայն ոտնահարւել են Ադրբեջանի կողմից, այլեւ երկրի բարձր ղեկավարութեան կողմից հնչել են բազմաթիւ յայտարարութիւններ այն մասին, որ միջազգային սկզբունքներն ու միջազգային ինստիտուտները սպառել են իրենց։

Իննամսեայ դաժան շրջափակումից յետոյ, որին յաջորդեցին ռազմական յարձակումները, առանց միջազգային անվտանգութեան յուսալի երաշխիքների, 3000 տարւայ հայրենիքը լքելը միակ ողջամիտ ելքն էր 120000 էթնիկ հայերի համար, ինչն, ըստ էութեան նշանակում էր նրանց մշակոյթի, ինքնութեան եւ քաղաքական իրաւունքների ոչնչացում։

Կոլեգաներիս ուղղւած իմ բազմաթիւ հիմնաւոր կոչերը՝ ձայն բարձրացնել յանուն արդարութեան, մնացին անարձագանգ։

Մենք կարող էինք խուսափել էթնիկ զտումների այս ողբերգական էջից, եթէ քաղաքական կամք դրսեւորէինք եւ պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատւութեան ենթարկէինք ագրեսոր Ադրբեջանին։
Վերջերս Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մերժեց վաւերացնել ադրբեջանական պատւիրակութեան հաւատարմագրերը՝ հիմնաւորելով այն Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընթացքով, դատապարտելով 2023 թ․ սեպտեմբերեան ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում, ինչը յանգեցրեց մասսայական տեղահանութեան։

Այսօր Ադրբեջանի ղեկավարութիւնը մոլորութեան մէջ է գցում միջազգային հանրութեանը` յայտարարելով, որ հակամարտութիւնն աւարտւած է եւ հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հակառակը՝ մենք ջանքեր պէտք է գործադրենք եւ կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչութեան՝ հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային եւ այլ մարդու իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ։

Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է եւ սպասում հակամարտութեան կարգաւորման համապարփակ աջակցութիւն»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button