Հայաստան - ԱրցախՄշակութային

Տոպրակը՝ ուսին, ֆոտոապարատը՝ ձեռքին ամիսներով շրջում էր Արցախում …

Քարտէզագէտ Ռուբէն Գալչեանը Սամուէլ Կարապետեանի անձնուրաց գործի մասին

Փետրւարի 27-ին, հայ յուշարձանագէտ, պատմաբան, քարտէզագիր, Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանեան գրասենեակի նախկին նախագահ Սամուէլ Կարապետեանի յիշատակի օրն էր։

Երջանկայիշատակ Սամուէլ Կարապետեանի՝ հայ ժողովրդի պատմութեան մէջ ունեցած կարեւորութեան, ոլորտում ունեցած աւանդի եւ նշանակութեան շուրջ Oragir.News-ը զրուցել է քարտէզագէտ-քարտէզաբան, աշխարհագրագէտ Ռուբէն Գալչեանի հետ, որի խօսքով` Սամուէլ Կարապետեանը հայ մշակոյթի ամենամեծ պահապաններից մէկն է։

«Առաջին բանը, որ կարող եմ ասել նրա մասին, այն է, որ նա մեր մշակոյթի ամենամեծ պահապաններից մէկն է։ Ես զարմանում եմ՝ ինչպէս կարող է մի մարդ այդքան մեծ գործ արած լինել՝ այդքան անձնուրաց ու իր անձը մոռացած կերպով լծւելով իր գործին, միայն թէ տեսնի՝ ինչեր կան, որ գոնէ նկարներով փրկի դրանք»։

Գալչեանի խօսքով` Սամուէլ Կարապետեանը հայ պատմական յուշարձանների ամենախոր ուսումնասիրողներից մէկն էր։

«Սամուէլը այն պրպտողներից էր, որը ամէն քար շուռ էր տալիս, որ տեսնէր՝ տակը ինչ կայ։ Նա մեր պատմական յուշարձանների ամենախոր, ամենալայն կերպով ուսումնասիրողն ու պրպտողն էր, որ ուսումնասիրել, նկարել, չափագրել է այն, ինչ որ տեսել է աչքի առաջ։

Առանձնակի հետաքրքրութիւն է ներկայացնում այն, որ գործունէութիւն է ծաւալել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ մեր հարեւան երկրներում։ Ուսանողութեան տարիներին ինքը, ոչինչ չունենալով, յաճախ ոտքով, ֆոտոապարատը՝ ձեռքին, մի տոպրակ ուսին՝ գնում, օրերով, ամիսներով ման էր գալիս Արցախի շրջաններով ու նկարում բոլոր այն յուշարձանները, որ տեսնում էր։ Յետոյ՝ իր բոլոր լուսանկարները հատ-հատ նայում, չափագրում էր՝ որտեղ է, ինչ է։ Արդիւնքում՝ հսկայական արխիւ է հաւաքել, որոնք ուսումնասիրելու համար տարիներ են անհրաժեշտ, որպէսզի լինի այն մէկը, որ կարգի կը բերի եւ կը դասաւորի դրանք։

Վերջերս մի մեծ գիրք էր հրատարակւել Արցախի մանրատեղանունների քարտէզներով եւ հարիւրաւոր լուսանկարներով, որոնք, եւս, Սամուէլ Կարապետեանն էր հաւաքել։ Եթէ նա դրանք արած չլինէր, ոչ ոք դրանից տեղեակ չէր լինի յատկապէս այսօր, երբ Ադրբեջանն աշխատում է ամէն բան, որ առնչւում է Հայաստանի հետ, վերացնել իր կողմից զաւթւած տարածքներում»։

Oragir.News-ի հետ զրոյցում Գալչեանը նշեց, որ Սամուէլ Կարապետեանին՝ իր կենդանութեան օրօք չէին սիրում անգամ հոգեւոր դասի ներկայացուցիչները․

«Մեր ներկայ կղերականների հետ շատ լաւ յարաբերութիւններ չունէր, քանի որ ինքը մտածում էր, որ եկեղեցիներն ու վանքերը պիտի վերանորոգւեն, ինչպէս եղել են, այլ ոչ թէ դառնան եկամտի աղբիւրներ»։

Սամուէլ Կարապետեանի կարեւորագոյն նախաձեռնութիւններից մէկն էր իր կողմից ղեկավարւող կառոյցի այն աշխատանքը, որով ճարտարապետական կոթողների մնացորդները ձեռք էին բերում անձնագրեր։

«Սամուէլի առաջարկով եւ նախաձեռնութեամբ Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանեան գրասենեակը հայկական ճարտարապետութեան կոթողների մնացորդների համար նախարարութեան հետ համատեղ անձնագրեր պատրաստեց, որտեղ կոթողի լուսանկարը, նախկինում ինչպիսին լինելը, որտեղ գտնւելը եւ նոյնիսկ աշխարհաքաղաքական կօօրդինատները»։

Զրոյցի վերջում Գալչեանը բարձր գնահատեց այսօր հիմնադրամի իրականացրած աշխատանքը։

Յաւելենք, որ յուշարձանագէտ, պատմաբան, քարտէզագիր Սամուէլ Կարապետեանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարաւոր յուշարձաններ եւ հայկական հետքեր։ Հեղինակել եւ համահեղինակել է հայկական յուշարձանների, հայկական ճարտարապետութեան եւ հայոց պատմութեանն առնչւող տասնեակ գրքեր, գիտական հարիւրաւոր յօդւածներ, բազմաթիւ քարտէզագրքեր։

Վախճանւել է 2020 թւականին՝ 58 տարեկան հասակում, Երեւանում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button