Հայաստան - Արցախ

Փառապանծ հայ ժողովրդի որդիներին ազգադաւ այս խունտայի հետ համեմատելը պարզապէս մեղսագործութիւն է

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թւականների եւ 2018-2024-ականների աշխարհաքաղաքական փոթորիկների առջեւ հայկական իշխանութիւնների դրութեան եւ, որպէս հետեւանք, նրանց որդեգրած քաղաքականութեան միջեւ։ Նման համադրութիւնը միայն անարգում է Հայոց պատմութեան փառապանծ էջերից մէկը, երբ Սարդարապատում յաղթական դրօշն է ծածանւել, եւ գաղափարական, ազգային ուժը վերականգնել է 600 տարւայ ընդմիջումից յետոյ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, իսկ հետագայում նաեւ կազմակերպել է Սփիւռքն՝ իր ազգային ինստիտուտներով… Համեմատել այդ նւիրեալներին՝ Արամներին, Դրօներին, Ռուբէններին, Նիկոլ Դումաններին եւ հայ ժողովրդի այլ փառապանծ որդիներին ազգադաւ այս խունտայի հետ՝ պարզապէս մեղսագործութիւն է։

Նկատենք՝ մինչեւ 1920 թւականի գարուն փլուզւած Ռուսական կայսրութեան տարածքում՝ Ռուսաստանում, ընթանում էր թէժ քաղաքացիական պատերազմ, եւ ամենեւին յստակ չէր, թէ որ կողմն էր լինելու յաղթող, ուստի ՀՀ իշխանութիւնների համար կողմերից ոչ մէկը չէր կարող դիտարկւել՝ որպէս Ռուսաստանի կենտրոնական իշխանութիւն։

1818-ից մինչեւ 1920-ի սկիզբը Ռուսաստանի հարաւային շրջանները վերահսկւում էին սպիտակգւարդիականների կողմից, եւ այդ տարածքով էր տեղի ունենում ամերիկեան հացահատիկի մատակարարումը հարիւր-հազարաւոր սովալլուկ գաղթականներով Հայաստան։

Բոլշեւիկներն իրենք իշխանութեան են եկել Արեւմուտքի հետ իրենց սերտ գործակալական կապերի շնորհիւ։ Բաւական է նշել, որ նախայեղափոխական ժամանակահատւածում լենինեան կուսակցութիւնն իր համագումարները գումարում էր Լոնդոնում, իսկ բոլշեւիկեան կառավարութեան թիւ երկրորդ պարագլուխը՝ Տրոցկին, ԱՄՆ քաղաքացի էր։ Հետեւաբար՝ այն ժամանակւայ բոլշեւիկները իւրաքանչիւր հայ ազգային գործիչի համար չէին կարող ասոցացւել ռուս ազգային եւ հայրենասէր իշխանութեան հետ։

Բոլշեւիկներն ի սկզբանէ թշնամական դիրքորոշում որդեգրեցին ազգային աւանդական արժէքների եւ ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք էին հայութեան պարագայում եկեղեցին-քրիստոնէութիւնը, հայ բուրժուազիան եւ վաճառականութիւնը, հողատէր գիւղացիութիւնը եւ սկզբնական շրջանում՝ նոյնիսկ ընտանիքը։

1918-ին նորաթուխ հայ պետական գործիչները չունէին ամբարւած պետական փորձ, որը յաջորդ 100 տարւայ ընթացքում ժառանգեցին յաջորդող քաղաքական սերունդները, եւ աշխարհն այդ ժամանակահատւածում այդպիսի ցնցումային իրադարձութիւններ թերեւս Հռոմէական կայսրութեան փլուզման ժամանակ էր ապրել, հետեւաբար՝ պատմական զուգահեռներ անցկացնելու փորձառութիւն էր բացակայում։

Նման համեմատութիւնը միայն անարգում է Հայոց պատմութեան փառապանծ էջը։ Դա հաւասարազօր է ազգային արժէքների պղծմանը․․․ եւ որդեգրւած ազգադաւ քաղաքական ընթացքի եւ տրամաբանութեան շրջագծում է։

Յ․ Գ. – Եւ ամենակարեւոր տարբերութեան մասին՝ բարոյականութեան․․․ 1918-20 թթ․, երբ ստիպւած ձախողւած պայմանագիր էին ստորագրում, իշխանութիւնը չէր հաշտւում, պայքարում էր․․․ պայքարում էր իր սահմանների համար, անգամ խաղաղ թւացող Լոռիում․․․ ոչ թէ իր պարտութիւններից ու իր ձախողումներից բոլորովին էլ վատ չզգալով՝ նոյնիսկ հպարտանում է սեփական պարտութեամբ։ Այ դա է տարբերութիւնը։

Այն ժամանակ չէին հաշտւում եւ ձգտում էին յաղթահարել անյաջողութիւնները։

Իսկ այս խունտան հպարտանում է եւ կոչ է անում հաշտւել պարտութեան ու ձախողման հետ։

ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆ

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button