Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

«Այս կառավարութեան քաղաքական հաւատամքը պարտւողականութիւնն ու զիջողականութիւնն է». Արմէն Ռուստամեան

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը կառավարութեան ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ.

Իմ գնահատումը հիմնւած է հետեւեալ երկու հաստատումների վրայ:

Հաստատում առաջին.

ԱԺ կողմից 21-26 թւականների համար հաստատւած կառավարութեան ծրագրի եւ մինչ օրս դրա կատարողականի համեմատութիւնը պարզորոշ ի ցոյց է դարձնում ոչ միայն այս երկուսի անհամապատասխանութիւնը, այլեւ դրանց ակնյայտ հակառակութիւնը:

Այսինքն ՀՀ կառավարութիւնը կատարել է ՀՀ ԱԺ կողմից հաստատւած ծրագրի հակառակը:

Խորհրադարանական երկրում սա ոչ միայն կառավարութեան գործունէութեան հետ կապւած ոչ լեգիտիմութեան խնդիր է առաջացնում այլ յարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազօրութիւնների վերազանցման մեղադրանք:

Հաստատում երկրորդ.

Այն ինչ կառավարութիւնը այսօր փաստացի է իրականացնում ի յեճուկս ծրագրով իր ստանձնած պարտաւորութեան, ըստ էութեան ուղղւած է ազգային շահերի խեղաթիւրմամբ կամ լիովին անտեսմամբ կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդիւնքը խաղաղութեան պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործօնի իսպառ վերացումն է:

Այսինքն, պատկերաւոր ասած Հայաստանը «աշխարհաքաղաքական գծի» վրայից դրւելու է «աշխարհաքաղաքական պարկի» մէջ, երբ նրա գոյութիւնն այլեւս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակութիւն չի ունենա:

Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հէնց սրան են ուղղւած՝ մեր ֆիզիկական գոյութիւնը թույլ տալու դիմաց:

Այս երկու հաստատումների համար բաւարար ապացոյցները բազմաթիւ են:

Առայժմ բերեմ, դրանցից միայն մի քանիսը.

Ծրագրի եւ կատարողականի հակասութիւնների մասով՝

Ըստ ծրագրի

ՀՀ անվտանգութեան ապահովման գործօնների թւում են՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 102-րդ ռազմաբազայի շարունակական յագեցումը, Ռուսաստանի անվտանգութեան դաշնային ծառայութեան սահմանապահ զօրքերի ներգրաււածութեան ընդլայնումը ՀՀ պետական սահմանի պահպանութեանը, ՀԱՊԿ-ը, որը դիտարկելով որպէս Հայաստանի անվտանգային համակարգի կարեւորագոյն օղակ՝ կառավարութիւնը շարունակելու է ակտիւօրէն ներգրաււած լինել կառոյցի աշխատանքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցումը՝ յայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թւում՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ, ՀՀ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարութեան առաջնահերթութիւնների շարքում եւ այլն եւ այլն:

Հասել ենք 24 թիւ եւ կառավարութեան կատարածը, տեսնողը կը տեսնի, որ այս ամէն ինչի ճիշտ հակառակն է եղել: Կատարւածը ոչ մի առնչութիւն չի կարող ունենալ ինստիտուցիոնալ ժողովրդավարութեան եւ իրաւական պետութեան հետ: Կառավարութիւնը կամ կատարում է խորհրդարանի հաստատած ծրագիրը կամ դադարեցնում է իր լիազօրութիւնները: Եթէ գործող ծրագրի իրականացման համար ստեղծւում են անյաղթահարելի պայմաններ, ապա խորհրադարան է գալիս նոր կառավարութիւն, եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը:

Երկրորդ հաստատումը, փաստացի կատարւող ծրագրի, մեր շահերից հրաժարւելու եւ դրա վտանգաւորութեան մասով.

Վերոնշեալ ծրագրային դրոյթներին հակասող գործողութիւններն արդէն իսկ ամենապերճախօս վկայութիւնն են, որ մենք մեր շահերով չէ, որ առաջնորդւում ենք: Այս ծրագրի մէջ շատ ու շատ հարցերով խօսք անգամ չկայ այն մասին ինչ այսօր անում է կառավարութիւնը:

Մասնաւորապէս.

Ինչպէս նշւած է կատարողականի մէջ՝ «ՀՀ նւազագոյնի է հասցրել, գործնականում սառեցրել է իր ակտիւութիւնը ՀԱՊԿ-ում»: Ծրագիրը ճիշտ հակառակն է պահանջում:

Յաջորդը՝ հնարաւոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդեց հայ-ռուսական ռազմավարական դաշինքը: Մեր ռազմավարական գործընկերը այդ կարծիքին չէ:

Իսկ ինչ որ տեղի ունեցաւ Արցախի մասով՝ ոչ միայն ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում հնարաւոր չէր պատկերացնել:

Ի՞նչ է ծրագրով նախատեսւած էր, որ Արցախի ժողովրդին պէտք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դէմ եւ հայրենազրկե՞լ ու դեռ մի բան էլ արդարացնե՞լ Ադրբեջանի կողմից կատարւած որոշ գործողութիւններ, թէ ճիշտ հակառակը՝ բոլոր միջոցներով երաշխաւորել արցախահայութեան անվտանգութիւնը:

Հիմա, այսպէս կոչւած խաղաղութեան հասնելու ձեր նախանշած բաղձալի ապագայի մասին.

Կառավարութիւնը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնել հնարաւոր է միայն նրա օրէցոր աճող պահանջները բաւարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնաւորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը:

Իսկ Ադրբեջանը ոչ աւել, ոչ պակաս պահանջում է՝ ինչը կասենք մերն է պէտք է տաք մեզ, իսկ ինչը կը համարենք մեզ համար վտանգաւոր, պէտք է վերացնենք:

Եւ այս կառավարութիւնը հլու-հնազանդ սա գործադրում է:

Մասնաւորապէս.

-Ադրբեջանից պնդեցին՝ մերն է Արցախը, այս կառավարութիւնը յայտարարեց, որ այո՜, Արցախը Ադրբեջան է եւ Հայաստանը կապ չունի դրա հետ եւ Արցախը հայաթափւեց:

– Ադրբեջանը յայտարարեց՝ թէ GPS -ով իրենցն են Կապան-Ճակատեն ճանապարհի եւ Սիւնիքի տարածքի իրենց նշած հատւածները, այստեղից ասացին՝ այո, համեցէք:

-Հիմա Տաւուշից են տարածքներ պահանջում եւ կառավարութիւնը լծւել է դա հինաւորելու եւ դրանք տալու գործին, բացատրելով, որ դէ ճիշտ են ասում, իրենցն է:

-Ադրբեջանից ասում են, որ սահմանի իւրաքանչիւր հատւած իր ուրոյն քարտէզով է պէտք սահմանազատել, այստեղից հաստատում են, թէ ամբողջ սահմանը որոշող որեւէ քարտէզ չկայ: Դէ որովհետեւ հատւածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնտու, ուրեմն պէտք է մի կերպ հիմնաւորել:

-Ադրբեջանի համար անընդունելի եւ վտանգաւոր են մեր Սահմանադրութիւնը, օրէնքները եւ միջազգային դատարաններում ներկայացւած յայտերը: Այս կառավարութիւնը, ահաւասիկ, սկսել է դրանցից հրաժարւելու եւ վերանայելու գործընթացը:

Իհարկէ, այս շարունակական զիջումների վերջին արարը կը լինի, երբ այս իշխանութիւնները բոլոր զիջումներից յետոյ արդէն պատրաստի միջավայր կը ձեւաւորեն իրականացնելու Ադրբեջանի գլխաւոր պահանջը՝ վերածել Հայաստանը փաստացի Արեւմտեան Ադրբեջանի:

Արցախը ադրբեջանական ճանաչելու կառավարութեան քայլն ինքնին արդէն ոչ միայն աղաղակող անարդարութիւն է, այլ իսկական ազգակործան աւէր է գործել ու ցաւօք դեռ շարունակում է գործել:

Խորքի մէջ այս իշխանութիւնների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի որպէս ինքնիշխան պետութեան տարածքային ամբողջականութիւնը, այլ ճանաչւի հէնց իրենց իշխանութեան տարածքը. մի տարածք, որի վրայ կարողանան պահպանել իրենց իշխանութիւնը: Իսկ իրենցից յետոյ՝ «Մեզնից յետոյ, թէկուզ ջրյեղեղ» յայտնի տրամաբանութեան շրջանակներում:

Եւ ուրեմն, այս միակողմանի կենսական զիջումները ոչ թէ սոսկ տարածքների յանձնման, այլ իրականում հայկական պետականութեան սողացող յանձնման մասին է:

Եւ զաւեշտալին այն է, որ այսքանից յետոյ փորձ է արւում Ադրբեջանի գործակալը լինելու մէջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր փաստարկւած ահազանգում են այս իշխանութիւնների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:

Ըստ այդմ, այս կառավարութեան քաղաքական հաւատամքը դարձել է պարտւողականութինն ու զիջողականութիւնը: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը վախեցնելով պատերազմով մեզնից նորանոր զիջումներ է կորզում, իսկ այս կառավարութիւնը իր հերթին, մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտութեամբ ստիպում է ապաւինել Ադրբեջանի խոստացած խաղաղութեանը:

Ակնյայտ է, որ այդպիսի խաղաղութեան երաշխաւորը կարող է միայն հէնց թուրք-ադրբեջանական տանդեմը լինել:

Եւ պէտք չէ տպաւորութիւն ստեղծել, թէ այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը միաւորւած արեւմուտքն է լինելու: Արեւմուտքը մէկ անգամ չէ որ կարեւորել է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխաւոր դերակատարութիւնն ու առաջնորդութիւնը այս տարածաշրջանում:

Հետեւաբար, Ռուսաստանից դժգոհելով, նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թւացեալ արեւմտեանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու: Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխութեան վերջնարդիւնքում պարզապէս Ռուսաստանի փոխարէն գալու է Թուրքիան:

Եւ ուրեմն, հարցերի հարցը հետեւեալն է՝ կառավարութիւնը իր ծրագրով չնախատեսւած, փաստացի ապօրինի եւ ինքնագլուխ, ժողովրդի թիկունքում այս ի՞նչ իբրեւ թէ անվտանգային համակարգ է ձեւաւորում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button