Հայաստան - Արցախ

Սամուէլն ուժեղ էր, հասկանում էր, որ արցախցիների զանգւածային կալանքները իրենց լռեցնելու համար է

Գիշերը դատարանի որոշմամբ կալանաւորւած արցախցի անչափահաս Սամուէլ Միրզոյեանին տեղափոխել են Աբովեան քրէակատարողական հիմնարկ, որտեղ նրան տեսակցեցինք գործընկերուհուս՝ պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի հետ։

Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Դժւար էր խօսել հայրենի Արցախը, իր ծննդավայր Մարտակերտի Վաղուհաս գիւղը կորցրած ու փախստական դարձած 16-ամեայ երիտասարդի հետ, որը սեպտեմբերի 19-ին իր տարեկիցների հետ ելել էր փողոց, քանի որ Արցախում ադրբեջանական ագրեսիան սպառնում էր վերածւել ցեղասպանութեան։

Բայց ոգին տեղն էր, ցաւում էր, որ բազմանդամ ընտանիքը հիմա առօրեայ դժւարութիւններին զուգահեռ, իրենով պէտք է անհանգստանա։ Դժւար էր մեզ էլ նրան սփոփել, երբ Մայր Հայրենիքը նրան ընդունում է կալանաւորմամբ։ Հայկական պատմուճանով թշնամական իշխանութեան կամակատար իրաւապահներն իբր հետախուզում են յայտարարել նրա նկատմամբ: Սամուէլը, սակայն, այդ մասին չի տեղեկացւել, իրաւապահներն անակնկալ առեւանգել էին փողոցից, եկեղեցու մօտից։ Փաստաբան Աբգար Պօղոսեանը դատարանում բազում փաստարկներ է ներկայացրել, յիշեցրել, զոհւած փոխգնդապետի զաւակ լինելու, ընտանիքում երկու հաշմանդամ ունենալու հանգամանքները, բայց դատաւոր Վահէ Միսակեանի վրայ դա չի ազդել։ Երեւի աչքի տակ ունեցել է իր գործընկեր դատաւորների դառը փորձը, որ դատախազութեանը ոչ հաճոյ որոշում կայացնելուց յետոյ նրանց ԲԴԽ-ն արագ հեռաւոր շրջաններ է տեղափոխում։

Սամուէլն ուժեղ էր, հասկանում էր, որ այս օրերին արցախցիների զանգւածային կալանքները իրենց լռեցնելու համար է։

Սամուէլին հրաժեշտ էինք տւել, բայց վերադարձի ճանապարհին իմ ու Քրիստինէի մտքում նրա բառերն էին, թէ ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է ողջ կեանքը Արցախի Պաշտպանութեան բանակում ծառայած, բոլորիս անվտանգութիւնն ապահոված, իր ծառայութեամբ Ջերմուկն ու Վարդենիսը թշնամուց տասնեակ կիլոմետրեր հեռու պահած հանգուցեալ փոխգնդապետ հօր շիրիմը։

Ցաւօք, թշնամի այս իշխանութիւններն ու նրանց կամակատարները այդ ամէնը չեն հասկանայ»,- գրել է նա։

«Tert.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button