Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. ««Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թէզը փոխարինւել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախօսով»

Արցախից յետոյ Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դէմ տարածքային յաւակնութիւնների իրացման վրայ: Այս մասին, նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում յայտարարութիւնների ժամանակ ասել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնային պահանջը յայտնի ութ գիւղերի՝ անկլաւների յանձնումն է. «ՀՀ իշխանութիւնների՝ այդ գիւղերի յանձնման պատրաստակամութեան պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թէ փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում»,- ասաց Աբրահամեանը։

Պատգամաւորը նշեց, որ Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցրած օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի դէմ իրականացրած ագրեսիայի հետեւանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սեւ լիճ, Կուտական եւ այլն։

«Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղարն ասաց, թէ այն, ինչ Հայաստանի իշխանութիւնն անւանում է խաղաղութեան պայմանագիր, ոչ թէ խաղաղութեան, այլ՝ Հայաստանին դէմ տարւող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է։

«Հայաստանի իշխանութեան արտաքին քաղաքական հարցերում տարւող քաղաքականութիւնը բերել հասցրել է նրան, որ դեռեւս 2019 թւականին հռչակած «նոր պատերազմ, նոր տարածքներ» թէզը փոխարինւել է՝ «նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախօսով:

Ինչքան շատ է իշխանութիւնը խօսում խաղաղութեան մասին, այնքան շատ է մեր երկիրը տարածքային եւ մարդկային կորուստներ արձանագրում: Սա ես չեմ ասում, սրա մասին խօսում է վիճակագրութիւնը ու այս իշխանութեան ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը:

Սեփական երկիրը սակարկման դրած իշխանութիւնը յաջողելու որեւէ շանս չունեն, որովհետեւ այդ մօտեցումը, միջազգային դերակատարների անարգանքներին ու լռութեանն են բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ բացում»,- ասել է նա:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button