Հայաստան - Արցախ

Հայաստանը յայտնւել է Ադրբեջանի նոր ագրեսիայի սպառնալիքի տակ

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի արձագանգը՝ Եւրոխորհրդարանում անցկացւող Եւրանեստ խորհրդարանական վեհաժողովի յանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատւիրակութեանը․

«Երբ լսում եմ Ադրբեջանի յայտարարութիւնները, մտքումս յայտնւում է մեծագոյն ստրատեգ Կառլ ֆոն Կլաուզեւիցի խօսքերը. «Նւաճողը միշտ խաղաղասէր է. նա կը գերադասէր տիրանալ մեր երկրին առանց հակադրւելու»: Ադրբեջանի համար խաղաղութեան այլ տարբերակ ընդունելի չէ, քան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կապիտուլիացիան։ Դուք ինքներդ դատէք։ Ադրբեջանը խօսում է խաղաղութեան մասին, բայց ձեռնարկել է չհրահրւած ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դէմ, այնտեղ էթնիկ զտումներ ու ցեղասպանութիւն է իրականացրել։ Այսօր՝ Ղարաբաղում ոչ մի հայ չկայ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութեան անդամները, այդ թւում՝ երեք նախկին նախագահները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը առեւանգւել են ու գտնւում են Ադրբեջանի բանտում։

Հէնց այս պահին, երբ ես պատիւ ունեմ դիմելու այս յարգարժան լսարանին, ադրբեջանական զօրքերը գտնւում են միջազգայնօրէն ճանաչւած Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում։ Հայաստանի տարածքի մօտ 250 քկմ.-ը գտնւում է ադրբեջանական օկուպացիայի ներքոյ։ Ադրբեջանական կրակից խաղաղ բնակիչներ ու զինծառայողներ են զոհւում։ Սահմանամերձ գօտում մարդկանց կեանքը վերածւել է մղձաւանջի։ Ադրբեջանը յայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց դուրս չի բերում իր ուժերը իմ երկրից։ Ճիշտ հակառակը՝ նրանք աւելի շատ պահանջներ ունեն Հայաստանից։ Հայաստանին նոյնիսկ «Արեւմտեան Ադրբեջան» են անւանում։ Ադրբեջանը վկայակոչում է 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, որը պահանջում է միջանցք Հայաստանով, սակայն նրանք մոռանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան աւելի քան 30 տարի լիակատար շրջափակման մէջ են պահում Հայաստանը։ Նոր ճանապարհներ խնդրելուց առաջ պէտք է բացեն ճանապարհները։ Ադրբեջանի նոր տարածքների ծարաւը չի յագենում 250 քկմ.-ով։ Նրանք նոր տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ՝ Ալմաթիի հռչակագրի շատ ընտրովի մեկնաբանութեան պատճառով։

Հայաստանը յայտնւել է Ադրբեջանի նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։ Հայաստանի հետ սահմանին կուտակւած զօրքը, թուրքական զինւած ուժերի հետ յաճախակի զօրավարժութիւնները եւ թշնամական հռետորաբանութիւնն իմ խօսքերի ապացոյցն են։

Ադրբեջանի ախորժակը մեղմելու եւ Հայաստանի դէմ նոր ագրեսիան կասեցնելու համար Եւրանեստ խորհրդարանական վեհաժողովը պէտք է յստակ ընդգծի, որ չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիւ պահւածքը։ Ադրբեջանը պէտք է դուրս բերի իր ուժերը Հայաստանից, վերացնի Հայաստանի շրջափակումը, ազատ արձակի բոլոր գերիներին ու պատանդներին եւ վերադառնայ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցութիւններին։ Եւրանեստը պէտք է շատ յստակ լինի այս հարցում եւ անհրաժեշտութեան դէպքում նոյնիսկ քննարկի Եւրանեստից Ադրբեջանի անդամակցութիւնը կասեցնելու հարցը»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button