Հայաստան - Արցախ

Սէյրան Օհանեան. «ՀԱՊԿ նիստին չմասնակցելը վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգութիւնը»

Այս իշխանութիւնների համար գոնէ արտաքին քաղաքականութեան ոլորտում խօսքը գործին չի համապատասխանում: Այս մասին, նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանն՝ արձագանգելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինեանի չմասնակցելու փաստին։

«ՀԱՊԿ-ն այն կազմակերպութիւնն է, որի ձեւաւորման ակունքներում կանգնած է նաեւ Հայաստանը։ Պարզ է, որ յարաբերութիւնների մէջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դիւրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձեւաւորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծւել է պայմանագրաիրաւագրային մի ամբողջ փաթեթ, եւ մանաւանդ ռազմական բաղադրիչի մէջ Հայաստանը մեծ ներգրաււածութիւն է ունեցել։

Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնւում են բաւականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, եւ սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է եւս մէկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը եւ Հայաստանի անվտանգութիւնը»,- ասաց Սէյրան Օհանեանը։

Նա նշեց, թէ ՀԱՊԿ-ի հետ յարաբերութիւնների վատթարացումը շատ դէպքերում կախւած է եղել նաեւ Հայաստանի իշխանութիւններից. «Բոլոր այն կառոյցներում, որտեղ ՀՀ-ն մասնակցութիւն ունի, պէտք է գնալ եւ մասնակցել։ Եւ եթէ խնդիրներ կան դաշինքի անդամների կամ հարեւանների հետ, ապա այդ հարցերը պէտք է բարձրաձայնել հէնց այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացւում», – նշեց Օհանեանը։

Դիտարկմանը, որ իշխանութիւնները յայտարարում են, որ ՀԱՊԿ-ն իր պարտականութիւնները չի կատարում Հայաստանի հանդէպ, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «Եթէ չի կատարում, ինչը մենք էլ ենք տեսնում, այդ ամենի մասին պէտք է խօսել, բարձրաձայնել: Բայց ես գտնում եմ, որ ՀԱՊԿ-ի վրայ որոշ դէպքերում այնպիսի խնդիրներ են դրւում, կամ ասւում, որ իրենք պէտք է գան, մեր փոխարէն անեն, որի իրականացնողը Հայաստանն է: ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու եւ ամրապնդի մեր սահմանները, չի գալու մեր բարձունքներում, ռազմավարական կէտերում խրամատներ փորի»:

Յիշեցնենք՝ վարչապետ Փաշինեանը Բելոռուսիայի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանայ մասնակցել նիստին եւ յոյս է յայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կը վերաբերւեն այդ որոշմանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button