Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Ակնյայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի»

Ադրբեջանը խուսափում է կոնկրետ քայլեր անել Հայաստանի հետ բանակցային գործընթացում: Այս մասին նոյեմբերի 17-ին` Ազգային ժողովում աւանդական ճեպազրոյցների ժամանակ, յայտարարեց ընդդիմադիր դաշինքի «Պատիւ ունեմ» խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ մեկնաբանելով Բաքւի՝ Վաշինգտոնում արտգործնախարարների ղեկավարների մակարդակով բանակցութիւններին մասնակցելուց հրաժարւելը։

Խորհրդարանականի գնահատմամբ՝ Բաքուն այժմ վերագնահատում է իր հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ իր ուժերի հաւասարակշռութիւնը։

«Ակնյայտ է, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Վերջերս ակտիւօրէն խօսւում է այսպէս կոչւած «անկլաւների» մասին։ Խօսքը 8 գիւղերի մասին է, որոնք, իբր, օկուպացւել են Հայաստանի կողմից։ Հնարաւոր է՝ այս փուլում Բաքուն փորձի ժամանակ շահել եւ յարմար պահին ագրեսիա ձեռնարկի կոնկրետ տարածքում կամ ուղղութեամբ»,- ասաց Աբրահամեանը։

Միեւնոյն ժամանակ, պատգամաւորն ընդգծեց, որ պետական ​​սահմանի առանձին հատւածներում հակառակորդի բանակի կազմաւորումների վտանգաւոր կենտրոնացումների կամ տեղաշարժերի մասին կոնկրետ տեղեկութիւններ չունի։

«Սա, սակայն, չի բացառում նոր ռազմական գործողութիւնների սպառնալիքը՝ հաշւի առնելով Բաքւից եկող ամենատարբեր ագրեսիւ եւ վտանգաւոր յայտարարութիւնները»,- նշեց ընդդիմադիրը։

Ինչպէս նշեց պատգամաւորը, Ադրբեջանն ինքը բազմիցս ասել է. որոշ խնդիրներ լուծելիս ուժային սցենարը մնում է իր օրակարգում։

Այս մօտեցումը, նրա կարծիքով, որոշակի լարւածութիւն է ստեղծում։ Միաժամանակ, Ադրբեջանը տեղ-տեղ խնամքով քողարկում է իր ուժերի տեղաշարժերը։

«Ուստի, յաճախ դժւար է նկատել թշնամու այս կամ այն ​​ակտիւութիւնը»,- պարզաբանել է Աբրահամեանը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button