Հայաստան - Արցախ

Նարինէ Մկրտչեան. «Հայաստանում բոլոր նրանք՝ իշխանութիւնից մինչեւ ծանծաղամիտ «փորձագէտ»-քարոզիչներ, որոնք մեզ ուզում են հաշտեցնել Արցախի կորստի հետ, պէտք է լսեն այս մարդկանց պատմութիւնները»

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինէ Մկրտչեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է. «Սովորաբար կիրակի օրերին միշտ մեքենայով եմ դուրս գալիս, բայց երէկւայ ուժգին քամին ինձ մտքափոխեց. կայանելիս մեքենայի վրայ ինչ ասես կարող էր ընկնել։ Իսկ կանգառ հասնելուն պէս իմ աւտոբուսը շարժւեց, մի մարդ մօտեցաւ, հարցրեց, թէ կոնկրետ համարի աւտոբուսը այստե՞ղ է կանգնում։ Նրա աւտոբուսն էլ էր քիչ առաջ շարժւել, եւ հաշւի առնելով մեր հանրային տրանսպորտի վիճակը, այն էլ՝ կիրակի օրով՝ երկուսս էլ պէտք է քսան րոպէ սպասէինք կանգառում։ Տղամարդու հարցից ու բարբառից հասկացայ, որ Արցախից է։

Եւ քսան րոպէի ընթացքում կանգառում լսում էի այդ մարդու պատմութիւնը։ Արցախի գիւղերից մէկից է բռնագաղթել սեպտեմբերի վերջին։ Գիւղում թողել էր, ինչպէս ինքն ասաց, «երկուէտաժանի տունը», մեծաքանակ անասուններ, արտերը եւ կնոջ եւ որդու հետ եկել Երեւան, ուր մի բարի մարդ իրեն տուն է տւել։

Անծանօթը պատմեց, որ երբ Ադրբեջանը վերջին օրերին յարձակւեց Ստեփանակերտի վրայ, այդ կռիւների ժամանակ «շանսատակ են արել թուրքերին»։ Բայց մի քանի օր յետոյ ասել են, թէ զէնքերը պէտք է յանձնեն։ Գիւղում զարմացել են, վրդովւել, բայց յանձնել են։ Գիւղից բոլորն են հեռացել, բացի մէկից, ում մատները ադրբեջանցիները կտրել են եւ ուղարկել Հայաստան։ Այսինքն՝ ուզում էք մնալ Արցախում, կը խոշտանգենք ձեզ։

Մարդու որդին Արցախում ԱԱԾ յատուկ զօրքերում է ծառայել, Երեւանում նոյնպէս դիմել է նոյն աշխատանքի համար, բայց ապարդիւն։ Ասում է՝ մարզ չի տեղափոխւում, քանի որ որդին ուզում է նոյն գործին վերադառնայ Երեւանում։

Ղարաբաղի բարբառով չեմ կարող վերաշարադրել այդ մարդու ասածները, քանի որ բարբառը լաւ չգիտեմ, բայց այդ անծանօթ ղարաբաղցու հիմնական եզրայանգումն եմ վերաշարադրում՝ Ադրբեջանի հետ նոյն պետութեան կազմում չեն կարող ղարաբաղցիներն ապրել. դա անհնար է. ադրբեջանցիները բոլորին հատ-հատ կը սպանեն։ Ռուս խաղաղապահներն առաջարկել են, որ հայերը չհեռանան, բայց ոչնչով ո՛չ օգնել են հայերին, ո՛չ էլ խանգարել ադրբեջանցիներին։

Մարդն ասում է, որ իր ուշքն ու միտքը Ղարաբաղում մնացած իր տունն է, իր անասունները, իր արտերը։ Եւ սպասում է, որ վերադառնայ իր տուն։ Մարդը պատմում է, որ Հայաստան են եկել, որ վերադառնան տուն։ Մարդը վրդովմունքով պատմում է, որ շատերը նաեւ Ռուսաստան են հեռացել, եւ այս հանգամանքը նրան զայրացնում է, քանի որ կարծում է, որ Ռուսաստան գնալուց յետոյ Ղարաբաղ չեն վերադառնայ։

Մարդը տոպրակից հանեց մի զոյգ տղամարդու նոր կօշիկ եւ ասաց, որ տօնավաճառում աշխատող բարեկամին է տալու, որ վերջինս վաճառի։ Կանգառում եւս երկու կին լսում են մարդու պատմութիւնը, որ նման է հարիւրաւոր այլ արցախցիների պատմութիւններին։

Ես սովորաբար չեմ կարողանում կարդալ Արցախից բռնագաղթւածների պատմութիւնները. դա չափազանց ծանր է ողջ մնալու համար։ Սակայն երէկ կանգառում կանգնած քսան րոպէների ընթացքում ես բառ առ բառ որսում եմ այդ ղարաբաղցու պատմութիւնը, որ մի շարք կարեւոր բաներ պարզեմ թէկուզ այս մի արցախցու պատմութեամբ։

Հայաստանում բոլոր նրանք՝ իշխանութիւնից մինչեւ ծանծաղամիտ «փորձագէտ»-քարոզիչներ, որոնք մեզ ուզում են հաշտեցնել Արցախի կորստի հետ, պէտք է լսեն այս մարդկանց պատմութիւնները։ Լսեն ու հասկանան, որ իրենց վախկոտ ու կոնֆորմիստ (յարմարւող, համակերպւող) տեսակը իրականում առ ոչինչ է իր տան, իր անասունների ու այգու մասին անվերջ մտածող, իր գիւղ վերադառնալուն սպասող այդ արցախցու մօտ։

Թող սա իմանան ոչ միայն հայ կոնֆորմիստները, այլեւ Հայաստանի թշնամիներն ու բարեկամները։

Արցախը չի՛ կարող դառնալ հայ ժողովրդի հերթական կորուսեալ հայրենիքը։ Ականջներիդ օ՛ղ արէք»։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button