Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան.

«ՀՀում ոմանք վախենում են արտաբերել «Արցախ» անունը, Ադրբեջանում՝ բարբաջում «Արեւմտեան Ադրբեջանի» մասին»

Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական եւ ներկայիս լեգիտիմութեան առումով անխոցելի Արցախ հինաւուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազաւթւած Նախիջեւանում Բաքւի բարբարոսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետութեան տարածքը կոչել պատմութեանը եւ արդիականութեանն անյայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արեւմտեան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաեւ այսօր պաշտօնապէս մեկնարկ են տալիս, այսպէս կոչւած, «արեւմտեան ադրբեջանցիների» համաժողովի։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Նշւած «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազաւթւած Նախիջեւանում Բաքւի բռնապետի լիազօր ներկայացուցչութիւնը, արհեստածին Ադրբեջանի կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն յորջորջւող հիմնարկը, բռնազաւթւած Նախիջեւանի պետական համալսարան կոչեցեալը եւ այլն։

«Միջոցառման» քարոզչական ուղեկցութեան շրջանակներում Բաքւի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խօսում է նոյնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանութեամբ»՝ իբր «Արեւմտեան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» եւ այլ նմանօրինակ ցնորաբանութիւնների մասին։

Իսկ մեզանում, ցաւօք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նոյնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետութեան ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռեւս հեռաւոր 1773 թ. հրապարակւել էր հեռաւոր Հնդկաստանում»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button