Հայաստան - Արցախ

Աւետիք Չալաբեան. «Իշխանութիւնը գործում է պարադոսքալ մի կանխավարկածով, որ մեր քաղաքացիներն ամէն բանի կարող են համակերպւել»

Վերջին տարիներին մենք իրականում ապրում ենք քաոսի եւ իրաւական ամենաթողութեան պայմաններում: Այս մասին նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց «Հայաքւէ» նախաձեռնութեան համակարգող Աւետիք Չալաբեանը։

Նրա խօսքով, իշխող վարչախումբը, որը, ցաւօք, այսօր ներկայացւած չէ այս դահլիճում, թէեւ առերեւոյթ իշխանութեան է ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողութիւններով շարունակաբար այդ ժողովրդավարութեան բուն հիմքերն է ոտնահարում. «Կը լինի դա իշխանութեան տարանջատման, դատական համակարգի անկախութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, թէ նմանատիպ այլ հարցերում, ամենուր գործող իշխանութիւնը փորձում է վեր դասել իրեն սահմանադրութիւնից եւ օրէնքներից եւ իր կամքը պարտադրել մեր պետութեանն ու քաղաքացիներին, ըստ էութեան, իրեն փոխարինելով պետութեան հետ։

Այստեղ առաւել աղէտալին Սահմանադրութեան բուն հիմքերի եւ մեր անկախութեան հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառեալ ողջ հայութեան ազգային պետութեան կառուցման, Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցերում»։

Չալաբեանի խօսքով, իշխող վարչակարգը, որպէսզի քողարկի իր ձախողումները, ըստ էութեան, հրաժարւել է մեր անկախութեան եւ սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով, սակայն դրա ոչ հանրային մանդատը, փաստացի, բռնանալով սեփական քաղաքացիների հաւաքական քաղաքական կամքի վրայ, ներառեալ նաեւ այն քաղաքացիների, որոնք քւէարկել են իրեն իշխանութեան բերելու համար։

«Արդիւնքում այսօր ունենք իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականութիւնը բերել է Արցախի հայաթափմանը, տասնամեակներով ձեւաւորած պետական կառոյցի փաստացի կազմալուծմանը։

Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պրակտիկօրէն մոռացութեան է մատնւած ՀՀ կողմից, բազաթիւ սփիւռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելւած է, իսկ հայաստանաբնակ բազմաթիւ գործիչներն էլ յայտնւել են բանտերում այս նոյն օրակարգի համար պայքարելու համար։

Աւելին՝ Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքի տարբեր հատւածներ այսօր օկուպացւած են, դրանք ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարէն այս իշխանութիւնը շարունակում է խօսել նոր տարածքային զիջումներից, որպէսզի երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղութեան» խաչմերուկի»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ այս իշխանութիւնը գործում է պարադոսքալ մի կանխավարկածից ելնելով, որ մեր քաղաքացիներն ամէն բանի կարող են համակերպւել։

«Ցաւն ու վիշտը, իսկապէս, շատերին կարող է մատնել յուսալքութեան, բայց շատերիս համար էլ դառնում է լրացուցիչ խթան ոքի կանգնելու, իրար թեւ ու թիկունք դառնալու, էլ աւելի մեծ վճռականութեամբ պայքարելու, մեր ազգային արժանապատւութեան եւ մարդկային իրաւունքների համար։ Հէնց այդ նպատակով ենք ասպարէզ բերել «Հայաքւէ» օրէնսդրական նախաձեռնութիւնը։

Մենք այս նախաձեռնութեամբ ուզում ենք յստակ պատասխանատւութիւն սահմանել մեր Սահմանադրութիւնը ոտնահարելու, յանուն սեփական իշխանութեան հայրենիքը ուրանալու, նախորդ սերունդների արիւնով եւ քրտինքով ստեղծածն ու պահածը թեթեւամտօրէն թշնամուն նւիրաբերելու համար»,- ասաց Աւետիք Չալաբեանը։

Նա նշեց, որ այսօր իշխող ուժը պարտաւոր է եւս մէկ անգամ վերահաստատել իր նախընտրական յանձնառութիւնները՝ ընտրողների առաջ, այլապէս ներկայ կառավարութիւնը լեգիտիմ չէ, պէտք է հրաժարական տայ։

Ա. Չալաբեանը կոչ արեց ԱԺ բոլոր պատգամաւորներին, առաջին հերթին իշխող ուժին, յարգել մեր քաղաքացիների հաւաքական կամքը, Անկախութեան հռչակագիրը, Սահմանադրութիւնը, հէնց իրենց նախընտական խոստումները, ծրագիրը եւ կողմ քւէարկել «Հայաքւէ»-ի ներկայացրած օրէնսդրական նախաձեռնութեանը։

Յիշեցնենք, որ «Հայաքւէ» նախաձեռնութիւնը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրէնսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրէօրէն պատժելի արարքներ են որակւում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարւելը կամ դրա վտանգաւորութիւնը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետութեան կազմում ճանաչելը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button