Հայաստան - Արցախ

Մհեր Մելքոնեան․ «Իշխանութիւնները իրենց առաջ խնդիր են դրել՝ փլուզել կրթական համակարգը»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանի ելոյթը

«Վերջին շրջանում շատ է խօսւում այն ​​մտաւոր պատերազմի մասին, որը մեր թշնամիները մղում են մեր դէմ։ Այն աւելի ակտիւօրէն սկսեց իրականացւել 2018 թւականի այսպէս կոչւած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ եւ սկսւեց կրթական բարեփոխումներից, երբ մեր դպրոցական կրթական համակարգը սկսեց յարմարեցւել ուրիշի կանոններին ՝ զրկելով այս համակարգը ինքնուրոյնութիւնից: Մեր կրթութիւնն անընդհատ ցնցւել է բարեփոխումներից:

Դրանք մեծ համբաւ են բերում այդ բարեփոխումների, կրթութեան մասին այս կամ այն օրինագծի հեղինակներին, ովքեր շարունակում են քանդել մեր կրթական համակարգը: Պատահական չեն մեր կրթական համակարգի խնդիրները. Դրանք համակարգային են։ Տպաւորութիւն է ստեղծւում, որ այս խնդիրները ոլորտից անտեղեակ, անգրագէտ մարդկանց գործունէութեան արդիւնք է։ Ոչ, այս ամէնը հեռատես ու հասկացող անհատների աշխատանքի արդիւնք է։ Միայն թէ նրանք իրենց առջեւ տարբեր նպատակներ են դնում։ Ոչ թէ կրթութեան որակի բարելաւում, ոչ թէ երկրի քաղաքացիների համար դրա հասանելիութեան մեծացում, այլ կրթական համակարգի դեգրադացիա, փլուզում։

Կեղծ բարեփոխիչները դպրոցը ստանձնեցին առաջին հերթին հէնց այն պատճառով, որ մարդիկ, ովքեր նախանշում էին մեր երկիրը որպէս մասնատման եւ կլանման նպատակ, հասկանում էին, որ եթէ ուզում ես փոխել երկիրը կամ ընդհանրապէս ոչնչացնել այն, ապա պէտք է վերափոխես մեր կրթական համակարգը։ Առաջին համազարկը հէնց դպրոցին էր՝ ուսումնական ծրագրին, ազգային դաստիարակութեանը, ուսուցչին եւ նրա հեղինակութեանը: Որովհետեւ դպրոցի միջոցով կարելի է փոխել մարդկանց մտածելակերպը, աշխարհայեացքը, արժեհամակարգը։

 Հասարակութեան բարոյական եւ հայրենասիրական համախմբման գործում առանցքային դեր է յատկացւում կրթութեանը։ Դպրոցը միակ սոցիալական ինստիտուտն է, որի միջոցով անցնում են Հայաստանի բոլոր քաղաքացիները: Անձի արժէքները, իհարկէ, առաջին հերթին ձեւաւորւում են ընտանիքում, բայց անձի առաւել համակարգային, հետեւողական եւ խորը բարոյահայրենասիրական զարգացումն ու դաստիարակութիւնը տեղի է ունենում կրթութեան ոլորտում։ Դրա համար էլ հէնց դպրոցում պէտք է կենտրոնացած լինի ոչ միայն մտաւոր, այլեւ աշակերտի հոգեւոր, մշակութային կեանքը։ Հիմնական արժէքները պէտք է ընկած լինեն դպրոցական կեանքի հիմքում։ Բարոյական եւ հայրենասիրական դաստիարակութիւնը աշակերտի ներդաշնակօրէն զարգացած անհատականութեան երկու հիմնական բաղադրիչներն են։ Բարոյական նորմերը ձեւաւորւում են, առաջին հերթին, հայրենասիրութեան վրայ․ դա ոչ միայն սէր է հայրենիքի նկատմամբ, այլ ինքնագնահատականի զգացում է, ազնւականութիւն եւ սեփական երկրի բարօրութեան համար աշխատելու եւ արարելու ձգտում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button