Հայաստան - Արցախ

Սպիտակի նւիրեալը

Հատւած «Օջախիս երկրաշարժը» գրքից

Մեզանից հոգեկան մեծ վնասւածքներով ու վիրաւորանքներով հեռացաւ մեր մեծ հայրենասէրն ու նւիրեալը, Սպիտակը շէնացնողը՝ Նորիկ Մուրադեանը, ում տքնաջան աշխատանքի գնով ծաղկում էր քաղաքը։

ՀՀՇ-ական իշխանութեան պարագլուխներն սկսեցին անհիմն հետապնդումներն ու հալածանքները նման հերոսացած մարդկանց նկատմամբ, նրանց, ովքեր լծւել էին կործանւած քաղաքը վերականգնելու սուրբ առաքելութեանը։ Նրանք ցաւը սրտերում հեռացան երկրից։ Ովքեր ներկայ են եղել հրաժեշտի ժամանակ, վկայում են, որ Ն. Մուրադեանն ապսպրել-յանձնարարել է.

– Լաւ պահէք ու պահպանէք մեր ստեղծած բարիքները։ Պահպանէ՛ք, որքան կարող էք։ Միեւնոյն է, վաղ թէ ուշ՝ վերադառնալու եմ…

Ու վերադարձաւ՝ երկար տարիներ անց, ինչպէս խոստացել էր։ Հայրենիքն սպասում էր նման զաւակների խնկարկող արարումներին։ Եկաւ ու ներդրեց առաւելագոյնը մեր սպասումների, առանց իրեն հասցւած վիրաւորանքները հաշւի առնելու։ Եւ կառուցեց, կառուցե՛ց։ Ու կառուցեց ամենուրեք։ Կիսաքանդ իր ոստանում էլ հիմնեց «Երկրաշարժի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշահամալիրը», որի կառուցումն ընթացքի մէջ է, իսկ աւարտը տեսանելի չէ։

– Յուշահամալիրը հիմնել ու կառուցում եմ աղէտի էպիկենտրոն Սպիտակում, սակայն այն ողջ աղէտի գօտու տարածաշրջանի համար է, ներառելով նաեւ բոլոր այն երկրներին, կազմակերպութիւններին, անհատներին, որոնք ժամանել են աղէտի գօտի՝ օգնութեան նպատակով։ Եթէ ինչ-որ մէկն օգնութեան ձեռք է մեկնել Հայաստանին ու հայ ժողովրդին, ապա իմ պարտքն եմ համարում մեծարել ու փառաբանել նրան, – իր հայրենասիրական սրտաբուխ մտքերն է հրամցնում Նորիկ Մուրադեանը։

Նա միակ հզօրագոյն մարտիկն էր, ով անվախ, ըմբոստացաւ Խորհրդային Միութեան պրեզիդենտ Միխայիլ Գորբաչովի դէմ, երբ երկրի ղեկավարն առաջարկեց աղէտի էպիկենտրոն Սպիտակ քաղաքը կառուցել մէկ այլ վայրում՝ Ապարանին մօտ։

Ն. Մուրադեանն այդ որոշումը չեղարկելու համար սկզբից դիմեց Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրէն Յարութիւնեանին։ Վերջինս հրաժարւեց եւ հարց տւեց.

– Իսկ ինչո՞ւ չես դիմում քո մտերիմ ընկերոջը՝ Նիկոլայ Ռիժկովին…

Ն. Մուրադեանն այնժամ դիմեց Ն. Ռիժկովին, որի պատասխանը բաւականին կոշտ էր.

– Նորիկ Գրիգորիչ, իսկ ո՞վ է առաջարկել Սպիտակը կառուցել մէկ այլ վայրում…

– Միխայիլ Գորբաչովը,- հետեւել էր պատասխանը։

– Ուրեմն նրան էլ դիմէք,- հակադարձել էր Ն. Ռիժկովը…

Նորիկ Մուրադեանին ոչինչ չէր մնում, քան անմիջապէս ներկայանալ Մ. Գորբաչովին։

– Միխայիլ Սերգէյեւիչ, եթէ մտադիր էք Սպիտակը կառուցել մէկ այլ վայրում, ուրեմն բարի եղէք տեղափոխել նաեւ Սպիտակի գերեզմանոցը, որտեղ իրենց յաւերժական հանգիստն են գտել թէ՛ երկրաշարժի ժամանակ զոհւած չորս հազարից աւելի ննջեցեալները, թէ՛ տարիների ընթացքում այնտեղ յուղարկաւորւած անձինք։ Չէ՞ որ Սպիտակի բնակչութիւնն ամէն Աստծոյ օր այցելելու է գերեզմանոց…

Ն. Մուրադեանի այս խօսքերից յետոյ Մ. Գորբաչովն ստիպւած է լինում փոխել որոշումը։

Երբ աղէտի գօտու բնակչութեանն սկսւեց երկրաշարժի հետեւանքով կորցրած շարժական ու անշարժ գոյքի դիմաց փոխհատուցում վճարելու գործընթացը, այստեղ եւս Նորիկ Մուրադեանն անգնահատելի աւանդ ունեցաւ։ Միութենական ղեկավարութիւնը որոշել էր քանդւած տների դիմաց փոխհատուցում վճարել տների մաշւածութեան տոկոսը շէնքի հաշւեկշռային արժէքից հանելուց յետոյ եւ վճարել միայն մնացորդային արժէքը։ Անհաւատալի յամառութեամբ Ն. Մուրադեանը պնդում, առաջ է տանում իր տեսակէտը եւ հասնում յաջողութեան։ Նիկոլայ Ռիժկովին ապացուցում է, որ, եթէ աղէտեալ ժողովրդին վճարւի միայն շէնքերի մնացորդային արժէքը, ապա մարդիկ այդ գումարներով չեն կարողանայ բնակարաններ կառուցել, կը մնան անօթեւան եւ նրանց համար այն կը դառնայ մի նոր աղէտ։

– Մարդկանց տները քանդւել, հիմնայատակ են եղել։ Ձեր տւած մանրադրամով ինչպէ՞ս են կառուցելու իրենց բնակարանները,- ըմբոստացել էր Ն. Մուրադեանը։

Ն. Ռիժկովը վերջապէս համաձայնում է, բայց հրաման չի արձակում եւ շինութիւնների արժէքները վճարւում են 100 տոկոսի չափով՝ նրա բանաւոր յանձնարարականի հիման վրայ…

Վերստին ահագնանում է զայրոյթս, թէ ինչպէ՞ս կարելի էր նման հզօրագոյն անհատականութեան նկատմամբ շարունակական հետապնդումներ ու անհարկի հալածանքներ իրագործւել երկրի ղեկն ստանձնած ՀՀՇ-ական անգործ իշխանաւորների կողմից։ Եւ, եթէ չլինէին Հայրենիքը քայքայելու միտումով այդ ապազգային գործողութիւնները, «աղէտի էպիկենտրոն» հասկացութիւնը վաղուց լքած կը լինէր մեր ու Նորիկ Մուրադեանի ոստանը։ Եւ իմ խորին համոզմամբ, վագոն-տնակների փոխարէն, Սպիտակում հիմա վեր կը բարձրանային շքեղաշուք բնակելի շէնքեր, մանկապարտէզներ եւ, ամենակարեւորը՝ գործարաններ ու ֆաբրիկաներ, ինչպիսիք նախկինում էին եղել։ Իսկ այդ նախկին գործարաններն ու ֆաբրիկաները կոպէկներով օտարելու դէմ դարձեա՛լ միայն Նորիկ Մուրադեանն էր պայքարում։ Ցաւալի է, շատ։

Ն. Մուրադեանը, Հայրենիք վերադառնալուց յետոյ, ցանկութիւն յայտնեց վերակառուցել երկրաշարժից աւերւած եւ տարիներ առաջ իր իսկ հիմնած «Հեքիաթ» ճամբար-պանսիոնատը, որը յայտնի էր ոչ միայն Սպիտակում, Հայաստանում, այլ ողջ Խորհրդային Միութիւնում ու արտերկրում։ Միայն այն փաստը, որ Խորհրդային Միութիւնում գործող չորս բոուլինգի սրահներից մէկը գտնւում էր այդ ճամբարում՝ արդէն «ամէն ինչ ասւած է»։

Եւ, ցաւօք սրտի, Հայրենիքից հարկադրաբար նրա հեռանալուց յետոյ, բորենիների անկշտութեամբ, թալանւել էին ոչ միայն «Հեքիաթ»-ում եղած հրաշալիքները, այլ Ն. Մուրադեանի ազնիւ ջանքերով հիմնադրւած ու աննկարագրելի վերելք ապրած Սպիտակի Կարի արտադրական միաւորման ողջ ունեցւածքը։ Չնչին՝ «ջրի գնով», սեփականաշնորհւած «Հեքիաթ»-ի տարածքի ու աւերակներ դարձած կառոյցները յետ վերադարձնելու գործընթացում ստեղծւել էին բազմաթիւ իրաւական խնդիրներ ու խոչընդոտներ, եւ այն չտրամադրւեց Ն. Մուրադեանին։ Եւ սա էր պատճառը, որ «Հեքիաթ»-ի վերակառուցումն աններելի կերպով խաթարւեց…

Այս ամէնը մտաբերելիս, յիշողութիւններս տարան դէպի գերմանացի ընկերս՝ Մանֆրէդ Բարչը, ում հետ պատիւ եմ ունեցել երկար տարիներ յարաբերւել։

Մանֆրէդի մեքենայով ուղեւորւեցինք Լայպցիգ: Պատերազմի տարիներին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած, հազարաւոր անգամ ռմբահարւած քաղաքն այնպիսի հանճարեղ ճարտարապետական լուծումներով էր վերականգնւել, որ հնի ու նորի համադրումներն աւելի հաճելի տեսք էին տւել գոթական ու ժամանակակից ճարտարապետական արւեստների միաձուլմանը:

Նախքան Լայպցիգ հասնելը, Մանֆրէդը կանգ առաւ ճամբեզրին յարող մի գեղեցիկ կառուցապատւած բլրակի մօտ, առաջարկեց գարեջուր խմել եւ խորտիկներ ճաշակել: Բլրակն այնպիսի հմտութեամբ էր ընտրւել, որ խորտկարանից, կարծես ափի մէջ, երեւում էր Լայպցիգի մի պատկառելի մասն՝ իր ողջ հմայքով: Մանֆրէդը սեւեռուն հայեացքը չէր կտրում Լայպցիգից: Հասկանում էի, որ մանկութեան տարիների ինչ-որ յիշողութիւններ են նորից արթնացել նրա հոգու «պահեստարանում», որոնց «մասնիկներից» շատ էր տրամադրել ինձ: Քիչ անց, նա փոքր-ինչ այլափոխւած հայեացքն ինձ ուղղեց ու սկսեց պատմել մեզ համար անհաւատալի, կարծես թէ՝ անիրական, բայց «գերմանացիների կարգապահութեան ու բնաւորութեան համար», իրական մի պատմութիւն:

– Ռուսական ու անգլօ-ամերիկեան զօրքերը ռմբակոծում էին Լայպցիգը: Երկնքից կարծես կրակ էր թափւում: Մենք 5-6 տարեկան մանկահասակ երեխաներ էինք: Պատսպարւում էինք շէնքերի ներքնայարկերում: Ամէն վայրկեան լսում էինք ինքնաթիռների «վնգստոցներն» ու ռումբերի անվերջանալի պայթիւնները եւ դողդողալով իրար էինք փաթաթւում, կարծես միմեանց փրկելու համար: Հերթական ռմբակոծութեան ժամանակ, մէկը գոռաց՝ հաց տեղափոխող մեքենան ռմբահարւեց, հացերը փողոցով մէկ շպրտւեցիիի՜ն… Երբ ինքնաթիռների ձայներն արդէն չէին լսւում, մենք դուրս վազեցինք, սակայն… ոչ մէկը հաց չվերցրեց: Բոլորս սովահարութիւնից նւաղած աչքերով իրար էինք նայում ու չորս կողմը թափւած հացերին, որոնցից բարձրացող տաք բոյրը տարածւում էր ողջ փողոցով, քաղաքով, աշխարհով… Ոչ ոք չմօտեցաւ հացի ռմբահարւած մեքենային, մինչեւ եկան հրշէջների հագուստով զինւորները եւ հաւաքեցին ու տարան հացերը: Այն օրւանից, երեւի սովն է յիշողութեանս մէջ «ամրագրել» ու պահպանել հացի տաք բոյրը: Տաք բոյր, որից աւելի էինք զգում սովի անզսպելի տանջանքը…

…1988 թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց, մեր բազմաբնակարան շէնքի փլատակների վրայ կանգնած, «սիրտս չէր գնում» իմ բնակարանից որեւէ փրկւած իր վերցնել: Փոխարէնն անզգամ տեղաբնակների խմբերն էին վխտում ու աչքիս դէմ հաւաքում-տանում ընտանիքիս պատկանող փրկւած կամ կիսաջարդ գոյքն ու իրերը: Կնոջս ոսկեայ զարդերն էլ մի ազնիւ փրկարար գտել ու յանձնել էր շտաբ, իսկ այնտեղ էլ ինչ-որ մի սրիկայ «իրենով էր արել» դրանք…

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍԵԱՆ
Արձակագիր

Առնչւող Յօդւածներ

Back to top button