Հայաստան - Արցախ

Արայիկ Յարութիւնեանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ աւելի բան գիտի

Այս իշխանութիւնները կատարում են Ալիեւի բոլոր պահանջը, Ադրբեջանը պահանջել է մոռանալ Արցախը, իրենք էլ մոռանում են եւ դրա համար ի՞նչ պէտք է անեն՝ Արցախի բոլոր կառոյցները լուծարեն, որովհետեւ Ադրբեջանը կարող է ասել, որ դա ռեւանշ է: Այս մասին դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Երբ լրագրողներն ասացին, որ յունւարի 1-ից Արցախը լուծարւելու է, պատգամաւորը հակադարձեց՝ նշելով, որ որեւէ նախագահ կամ պետական պաշտօնեայ չի կարող Արցախի Հանրապետութիւնը լուծարել:

«Երէկւայ (դեկտ.10) յայտարարութիւնը բաւականաչափ յստակ էր, ասւեց, որ այդ թուղթը ստորագրել է, որովհետեւ ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք՝ Ստեփանակերտ եւ հաւանաբար բոլորս ենք հասկանում, թէ ինչ տեղի կունենար, եթէ հազարաւոր բնակիչ ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսէին։ Դա պարտադրւած քայլ էր Արցախի Հանրապետութեան նախագահի կողմից: Կարծում եմ՝ իրենք աւելի յստակ կասեն, որ այդ թուղթն առոչինչ է: Այլ բան, որ ՀՀ իշխանութիւնները հաւանաբար դրան դրական չվերաբերւեն։ Արցախի ժողովուրդն էլ ասում է, որ ես տէր եմ իմ՝ հայաթափւած ու բռնազաւթւած հայրենիքին»,- ընդգծեց պատգամաւորը։

Անդրադառնալով ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Գէորգ Պապոյեանի այն յայտարարութեանը, թէ իր անձնական թշնամիներն են բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտները պէտք է գործեն ՀՀ տարածքում, քանի որ դրանով առիթ են տալիս Ադրբեջանին խաղաղութեան պայմանագիրը չստորագրելու, Արթուր Խաչատրեանը պատասխանեց․ «Ամէն մարդ ինքն է իր անձնական թշնամիներին ընտրում: Ես այն մէկն եմ, որը համարում է, որ Արցախի իշխանութիւնները պէտք է գործեն, Արցախի Հանրապետութեան ժողովուրդը պէտք է ունենայ լիազօր ներկայացուցիչ, քանի որ մեր քաղաքական ուժը եւ մեր հայրենակիցների մի ստւար զանգւած, եթէ ոչ բացարձակ մեծամասնութիւնը համարում է՝ Արցախի Հանրապետութեան էջը փակւած չէ:

Եթէ մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետութեան էջը փակւած չէ, ինչպէ՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրաւազօր ներկայացուցիչների առկայութեան, առանց այդ ինստիտուտների կենսագործութեան»:

ՔՊ-ական պատգամաւորը նաեւ ասել էր, թէ եթէ Արայիկ Յարութիւնեանը հրաժարական չտար, ապա Արցախում նման իրավիճակ չէր լինի, Արթուր Խաչատրեանն էլ հակադարձեց. «Ցաւն այն է, որ նրանք գիտեն Արցախում ինչ է տեղի ունեցել: Շատ լաւ գիտեն, որ արցախցիներից որեւէ մէկը Արայիկ Յարութիւնեանին չի պարտադրել հրաժարական տալ, դա ոչ Արցախից եկած սպառնալիքի հետեւանքով է տեղի ունեցել: Ի՞նչ, ուզում են ասեն, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետեւ մեզ դուր չի՞ եկել Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Դրանո՞վ են իրենց անգործութիւնը հիմնաւորում: Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը, դրա մասին բազմաթիւ անգամներ ասել է Նիկոլ Փաշինեանը, բազմաթիւ անգամներ ասել են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները: Եթէ չէին հանդիսանալու Արցախի երաշխաւորը, թող շուտ ասէին, եւ Արցախի ժողովուրդն իր գլխի ճարը կը փորձէր այլ կերպ տեսնել»:

Իսկ թէ ինչպէս է տեղի ունեցել Արցախում իշխանափոխութիւնը, Արթուր Խաչատրեանը կարծում է, որ դա մի օր կը բացայայտւի. «Այն, որ Արայիկ Յարութիւնեանն այսօր Ադրբեջանի բանտում է, դա պայմանաւորւած է նրանով, որ ինքը շատ աւելի բան գիտի եւ կարող է պատմի, քան թէ այսօրւայ իշխանութիւնները կը ցանկանային լսել: Խօսքը վերաբերում է նաեւ միւս նախագահներին։ Տեսէք, Ադրբեջանի բանտում գտնւում են Փաշինեանի քաղաքական բոլոր հակառակորդները, դա էլ Ադրբեջանի եւ ՀՀ այսօրւայ ղեկավարութեան միջեւ հաւանաբար ինչ-որ մի պայմանաւորւած արդիւնք է»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button