Հայաստան - ԱրցախՄիջազգային

Հայաստանը կարող էր աւելի լաւ գործարք կնքել Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցում

Բաքւի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապէս ազատ արձակւեցին եւ վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կը վերլուծեմ նրանց ազատման նախապատմութիւնն ու հանգամանքները՝ մատնանշելով, թէ ինչու Հայաստանը պէտք է շատ աւելի լաւ գործարք կնքէր։

1) 2020 թւականի պատերազմի աւարտի համաձայնագիրը, որը ստորագրւել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, ներառում էր մի դրոյթ, որը պարտաւորեցնում էր «իրականացնել ռազմագերիների եւ այլ պահւող անձանց ու զոհւածների մարմինների փոխանակում»։ Փաշինեանի սխալն այն էր, որ այս դրոյթի կատարման համար վերջնաժամկէտ չսահմանւեց՝ դրանով իսկ թոյլ տալով Ադրբեջանին հայ գերիներին պահել այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է։

2) Փաշինեանի երկրորդ սխալն այն էր, որ 2020 թւականի պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ Հայաստանն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը` հայ գերիներից միայն մի քանիսին։ Տեղի չունեցաւ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում:

3) Թէեւ 2020 թւականի համաձայնագրով որեւէ նախապայման չէր դրւում հայ եւ ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար, Փաշինեանը թոյլ տւեց իր երրորդ սխալը՝ Ադրբեջանին յանձնելով Ադրբեջանի կողմից բռնագրաււած Արցախում հայկական ականների տեղադրման քարտէզները՝ Ադրբեջանի կողմից եւս մի քանի հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Ալիեւն կարեւոր դաս քաղեց, որ կարող է աւելի շատ զիջումներ կորզել Հայաստանից հայ գերիների դանդաղ եւ աստիճանական ազատ արձակմամբ։ Այլ կերպ ասած, Ալիեւը պարզեց, որ հայ բանտարկեալներն իր համար աւելի արժէքաւոր են, եթէ նրանց պահի Բաքւի բանտում, եւ ժամանակ առ ժամանակ մի քանիսին ազատ արձակի՝ Հայաստանից յաւելեալ զիջումների դիմաց:

4) Փաշինեանի յարատեւ մտասեւեռումը Ադրբեջանի հետ անհարկի «Խաղաղութեան պայմանագիր» կնքելու նկատմամբ եւս մէկ հնարաւորութիւն է ընձեռում Ալիեւին Հայաստանից յաւելեալ զիջումներ կորզելու, այդ թւում՝ սահմանի կարգաւորման բանակցութիւնների ընթացքում հայկական տարածքների նորանոր պահանջներ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներսում իրենց նախկինում բնակեցւած գիւղերը, եւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ընդունումը, որն Արեւելեան Ադրբեջանը կապում է Նախիջեւանի հետ՝ Հայաստանի վերահսկողութեան տակ գտնւող ճանապարհի փոխարէն, ինչպէս նշւած է 2020 թ. համաձայնագրում։

5) Փաշինեանը պէտք է հրաժարւէր Ադրբեջանի հետ բոլոր հանդիպումներից ու բանակցութիւններից՝ մինչեւ նրա զինւած ուժերի դուրսբերումը Հայաստանի ներսում գրաւեալ տարածքներից եւ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։

6) Ադրբեջանը համաձայնեց երկու ադրբեջանցի զինւորներին փոխանակել 32 հայ ռազմագերիների հետ, քանի որ Հայաստանը հանեց իր թեկնածութիւնը եւ չեղարկեց իր վետոն Ադրբեջանի վրայ, որը յաջորդ տարի Բաքւում կը հիւրընկալի կլիմայի փոփոխութեան միջազգային հեղինակաւոր համաժողովը (COP29): Սա է միակ պատճառը, որ Ալիեւը համաձայնել է իրականացնել գերիների նման անհամաչափ փոխանակում։ Հրապարակայնօրէն նշւած միւս պատճառներից ոչ մէկը ճիշտ չէ։ Հակառակ անհիմն շահարկումների՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը որեւէ դեր չեն խաղացել այս գերիների փոխանակման կազմակերպման գործում։ Ալիեւի մեծ ցանկութիւնն էր օգտագործել համաժողովը որպէս միջոց՝ ցոյց տալու Բաքուն որպէս միջազգային նշանակալի մայրաքաղաք՝ ուշադրութիւնը շեղելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների լուրջ խախտումներից եւ ռազմական յանցագործութիւններից: Ալիեւը մեծ ջանքեր է գործադրել Բաքւում այլ խոշոր իրադարձութիւններ անցկացնելու համար, ինչպիսիք են «Ֆորմուլա 1» մրցաշարը, «Չմիաւորւած երկրների շարժման» գագաթնաժողովը, «Եւրոտեսիլ»-ը, «Եւրոպական խաղեր»-ը եւ այլն:

7) Հաշւի առնելով Ալիեւի բուռն ցանկութիւնը Բաքւում կլիմայի գագաթնաժողովն ամէն գնով անցկացնելու վերաբերեալ, Հայաստանը պէտք է ձգտէր բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, այլ ոչ թէ միայն նրանցից 32-ին: Բացի այդ, Փաշինեանը պէտք է պահանջէր ազատ արձակել 2023 թւականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից գերեվարւած եւ բանտարկւած Արցախի բարձրաստիճան պաշտօնեաներին։

8) Միեւնոյն ժամանակ Հայաստանում տառապում են աւելի քան 100 հազար տարագիր արցախահայեր՝ զրկւած ամենաառաջնային անհրաժեշտութիւններից՝ բնակարանից, սննդից եւ դեղորայքից։ Արցախահայերը թողել են իրենց ողջ ունեցւածքն Արցախում։ Հայաստանի կառավարութիւնը պէտք է հայց ներկայացնի Համաշխարհային դատարան՝ պահանջելով Ադրբեջանից փոխհատուցում վճարել արցախահայերի բռնագրաււած ունեցւածքի համար։

9) Վերոյիշեալ հարցերը լուրջ հարցադրումներ են առաջացնում Փաշինեանի հասցէին նրա համախոհների կողմից հնչեցրած բարձր գովասանքի վերաբերեալ, որոնք հպարտանում են, որ նա մեծ յաջողութիւն է գրանցել 32 հայ գերիների ազատ արձակմամբ։ Նրանք չգիտեն, որ աւելի հմուտ հայ ղեկավարը կարող էր շատ աւելի զիջումներ ստանալ Ադրբեջանից, քան մի քանի հայ գերիների վերադարձը:

10) Փաշինեանի կողմնակիցները նաեւ հիացած են, որ տարբեր օտարերկրեայ ղեկավարներ իրենց գոհունակութիւնն են յայտնել գերիների փոխանակման կապակցութեամբ՝ յուսալով, որ դա երկու երկրներին կը բերի «Խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանը։ Փաշինեանի կողմնակիցները չեն հասկանում, որ «Խաղաղութեան պայմանագիր»-ը իրականում խաղաղութիւն չի բերի երկու երկրներին, քանի որ Ալիեւն արդէն խախտել է 2020 թւականի համաձայնագրի պայմանների մեծ մասը։ Ինչպիսի՞ երաշխիքներ կարող է որեւէ մէկը տալ, որ նա կը յարգի ապագայ պայմանաւորւածութիւնները: Այս արտաքին ուժերը մտածում են միայն մէկ բանի մասին՝ իրենց շահերի, այլ ոչ թէ Հայաստանի ազգային շահերի։ Նրանք գոհ են, որ Փաշինեանը բազմիցս զիջումներ է անում Ադրբեջանին, որպէսզի միջազգային հանրութիւնը օգուտ քաղի Ադրբեջանի նաւթից ու գազից՝ անտեսելով հայկական շահերը եւ աչք փակելով Ալիեւի կողմից սեփական ժողովրդի մարդու իրաւունքների խախտումների վրայ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button