Հայաստան - Արցախ

Աւետիք Իշխանեան. «Երեք զօրավար»

Վաղուց մտքիս էր այս թեմայով յօդւած գրել։ Պատկերացնենք, որ կազմւում է բոլոր ժամանակների հայոց զօրավարների ամբողջական ցուցակ, Հայկ Նահապետից սկսած… ներեցէք՝ Սուրէն Պապիկեանով վերջացրած։ Եւ ողջ հայութիւնը՝ Հայաստանում եւ Սփիւռքում, քւէարկութեամբ որոշում է, թէ այդ բոլորի մէջ ովքեր են երեք ամենանշաւոր, ամենաշատ յաղթանակներ տարած զօրավարները։ Մի պահ մոռանանք, աւանդական հայկական ընտրութիւնները, հանրաքւէները, սոցիոլոգիական հարցումները եւ պատկերացնենք, որ հարցումներն ու հաշւարկը կատարւում են միանգամայն ազնիւ, անաչառ։ Կարծում եմ՝ բոլորը կը համաձայնւեն, որ ձայների մեծ առաւելութեամբ, ըստ ժամանակագրութեան, առաջին երեք տեղերը կը զբաղեցնեն Վարդան Մամիկոնեանը, Անդրանիկ Օզանեանը եւ Վազգէն Սարգսեանը։ Այս համոզմանը եկել եմ, ոչ միայն իմ անձնական դիտարկումներով, այլեւ առաւել լայն շրջապատում լսածս խօսքերից:

Փորձենք քննարկել, թէ պատմականօրէն որքանո՞վ է արդար նման կարծրատիպային մտածողութիւնը։

Սկսենք Վարդան Մամիկոնեանից։ Վարդան Մամիկոնեանը սերում է յայտնի Մամիկոնեան հայոց սպարապետական տոհմից։ Պատմութիւնից յայտնի են Վասակ Մամիկոնեանը, Մուշեղ Մամիկոնեանը, Գայլ Վահան Մամիկոնեանը, որոնք հիմնականում յաղթանակներ են տարել։

Իսկ Վարդան Մամիկոնեա՞նը։ Չեմ ցանկանում մտնել Վարդան Մամիկոնեան-Վասակ Սիւնի բանավէճի մէջ, թէ ո՞վ էր ճիշտ, ով՝ սխալ։ Վարդան Մամիկոնեանը յայտնի է, որպէս Աւարայրի ճակատամարտում հայոց զօրքի հրամանատար։ Արձանագրենք, որ 451 թւականին, Աւարայրի ճակատամարտում Հայոց Բանակը, Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ պարտութիւն կրեց։ Պարտութիւնից յետոյ, պարսից արքունիքում սկսւեցին հայ իշխանների դատավարութիւններն ու մահապատիժները։ Աւարայրի պարտութիւնը մեզ ներկայացւել է որպէս բարոյական յաղթանակ… անհասկանալի եզրոյթ։ Ես կը գերադասէի անբարոյական, բայց իրական յաղթանակ։ Արդ, ո՞րն է պատճառը, որ միջնադարում ունենալով յաղթանակներ կերտող զօրավարներ, ինչպիսիք են նոյն Մամիկոնեաններ Վասակը, Մուշեղը, Վահանը, ինչպէս նաեւ Թէոդորոս Ռշտունին եւ Վահրամ Պահլաւունին, մեծարում ենք պարտութիւն կրած զօրավարին։ Վարդան Մամիկոնեանին նւիրւած «Վարդանանք» վէպ է գրում Դերենիկ Դեմիրճեանը, հոյակապ նկար է նկարում Գրիգոր Խանջեանը, Երեւանում տեղադրւում է Երւանդ Քոչարի հեղինակած արձանը։

Կարծում եմ, որ պատասխանը շատ պարզ է։ Վարդան Մամիկոնեանի պայքարը յանուն քրիստոնէութեան էր, այդ իսկ պատճառով, անկախ պարտութիւնից, Հայոց Եկեղեցին նրան հերոսացրեց եւ սրբացրեց։ Իսկ միջնադարում հայոց պատմութիւնը եւ գրում եւ այն քարոզում էին եկեղեցու սպասաւորները։ Եւ այդպէս դարէդար, սերնդէսերունդ հայ ժողովրդի համար որպէս հերոսի խորհրդանիշ է հանդիսացել, իր հիմնական ճակատամարտում պարտութիւն կրած Վարդան Մամիկոնեանը. «Հա՛յ եմ ես, հա՛յ եմ ես, քաջ Վարդանի թո՛ռն եմ ես»։

Այժմ փորձենք գնահատական տալ զօրավար Անդրանիկ Օզանեանին։

Մեր սերնդի համար պատանեկան տարիներից, հայ ազատագրական շարժման թիւ մէկ հերոսն Անդրանիկ զօրավարն էր։ Զօրավար Անդրանիկի մասին լեգենդեր էին պատմում, երգեր երգում.

Հերոս մռնչաց, սուլթան դողդողաց,
Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց,
Սուրդ թշնամու կրծքին շողշողաց,
Հայոց ղեկավար, հերո՛ս Անդրանիկ։

Դեռեւս ԽՍՀՄ տարիներին, Ուջանում կանգեցւեց Անդրանիկ զօրավարի արձանը։

Նոյն ԽՍՀՄ տարիներին, որպէս արգելւած գրականութիւն, ձեռքս ընկաւ, կարծեմ Բէյրութում հրատարակւած Հրայր Դժոխքի մասին գիրքը։ Հիացած էի Հրայր Դժոխքի մտածողութեամբ եւ գործունէութեամբ։ Հրայր Դժոխքը դէմ էր տարերային ֆիդայական շարժմանը, որի նպատակն էր «քաղաքակիրթ» երկրների, այսօրւայ եզրոյթով՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքների վրայ։ Ֆիդայական հրամանատարների հերթական հանդիպման ժամանակ, Հրայր Դժոխքը կտրականապէս դէմ արտայայտւելով ֆիդայական շարժմանն, առաջարկում էր զինել բոլոր հայկական բնակավայրերը, դրանք դարձնելով պաշտպանւած ամրոցներ, բնակիչներից կազմւած զինւած ջոկատներով։ Եւ երբ այդ ամէնը դառնայ իրականութիւն, բարձրացնել համազգային, կազմակերպւած ապստամբութիւն, հռչակելով անկախ Հայաստան։ Սա պետական մտածողութիւն է։ Իմ համոզմամբ, հէնց Հրայր Դժոխքն է եղել առաջին հայ գործիչը, ով նպատակ է դրել հասնել Հայաստանի անկախութեանը։ Հրայր Դժոխքը Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր՝ Արամ Մանուկեանի նախակերպարն է։ Ինչեւէ, Հրայր Դժոխքի այս առաջարկութեանն ի պատասխան, Ադրանիկ Օզանեանը հրացանն ուղղել է նրա դէմ։ Սակայն, Հրայր Դժոխքի հեղինակութիւնն այնքան մեծ է եղել, որ ներկաները զինաթափել են Անդրանիկ Օզանեանին։

Այս դիպւածն, անկեղծ ասած, իմ առաջին հիասթափութիւնն էր Անդրանիկ զօրավարից։

Հետագայում, աւելի մանրամասն հետաքրքրւելով 19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների ազատագրական շարժումներով, հիասթափութիւնս խորացաւ։ Անդրանիկ զօրավարը մասնակցել է Բուլղարիայում ազատագրական պայքարին՝ ընդդէմ Օսմանեան կայսրութեան։ Այնուհետեւ նա նշանակւում է ռուսական բանակի հրամանատարութեան տակ, առաջին հայկական կամաւորական գնդի հրամանատարը եւ մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ Առանց կոնկրետ ճակատամարտեր նշելու, Անդրանիկ զօրավարին են վերագրում յաղթանակներ, որոնց համար, նա պարգեւատրւել է շքանշաններով եւ ստացել գեներալ-մայորի աստիճան։ Չեմ ժխտում, ամենայն հաւանականութեամբ եղել են յաղթանակներ, բայց նրանք եղել են ռուսական յաղթանակներ, ճակատամարտերի մարտավարութիւնները մշակւած են եղել ռուսական հրամանատարութեան կողմից։ Կարծում եմ, Անդրանիկ զօրավարի համար ամենապատասխանատու նշանակումը եղել է Կարինի (Էրզրում) պարետի պաշտօնը։ Այն պահանջում էր ունենալ կազմակերպչական ունակութիւններ, լինել վճռական՝ դիմագրաւելու թուրքական յարձակմանը։ Ցաւօք, Անդրանիկ զօրավարն ի վիճակի չեղաւ միաւորելու պառակտւած հայկական տարբեր ջոկատներին, քաղաքական ուժերին եւ նախընտրեց նահանջ կազմակերպել Կարինից։ Անդրանիկ զօրավարն ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց 1918 թ. մայիսին հայ ժողովրդի համար վճռական նշանակութիւն ունեցող Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերին։ Նա իր զօրախմբով Դսեղում էր, շատ մօտ Ղարաքիլիսային, որտեղ հայոց ուժերը որոշակի անյաջողութեան մատնւեցին։ Դպրոցում այդ շրջանի հայոց պատմութիւն անցնելիս, ներկայացւում էր, որ Անդրանիկ զօրավարը 1918 թ. ազատագրել է Նախիջեւանը եւ հեռագիր տւել Ստեփան Շահումեանին՝ Նախիջեւանը յայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս։ Սակայն, յետխորհրդային շրջանում այս մասին չի գրւում։ Եթէ այն ճիշտ է, ապա ինձ համար անընդունելի։ Չէ՞ որ գոյութիւն ունէր անկախ Հայաստան։ Եթէ նեղացած էր Հայաստանի կառավարութիւնից, կարծում եմ Հայաստանից նեղանալ չէր կարելի։ Գոնէ հռչակէր անկախ Նախիջեւանի հայկական պետութիւն, ինչպէս Նժդեհը հռչակեց Լեռնահայաստան։

Յանուն արդարութեան պէտք է ասել, որ Անդրանիկ զօրավարը եղել է իսկապէս հայրենիքին նւիրեալ եւ շատ հմայիչ անձնաւորութիւն։ Այդ մասին են վկայում բոլոր ժամանակակիցները։ Անդրանիկ զօրավարի հետ շատ մտերիմ է եղել Յովհաննէս Թումանեանը, ով իր որդուն՝ Արտաւազդին վստահել է նրան։ Անդրանիկ զօրավարի գնդում է կռւել իմ հարազատ պապը՝ Վահան Չերազը, ով նոյնպէս մեծ պատկառանք է ունեցել զօրավարի նկատմամբ։

Արժանին մատուցելով Անդրանիկ զօրավարին, նշենք, որ այնուամենայնիւ այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք յաղթանակներ կերտող գործիչներ եւ զօրավարներ, ինչպիսիք են՝ Արամ Մանուկեանը, Դրաստամատ Կանայեանը, Գարեգին Նժդեհը, Դանիէլ Բէկ-Փիրումեանը, Մովսէս Սիլիկեանը եւ ուրիշներ։ Արամ Մանուկեանի շնորհիւ, կազմակերպւեց 1918 թ. մայիսի ինքնապաշտպանական ճակատները, որոնցում իրենց հրամանատարական ձիրքերով աչքի ընկան, Սարդարապատում՝ Դանիէլ Բէկ-Փիրումեանն ու Մովսէս Սիլիկեանը, Բաշ-Ապարանում՝ Դրաստամատ Կանայեանը, Ղարաքիլիսայում՝ Գարեգին Նժդեհը։ Գարեգին Նժդեհն, իհարկէ առաւել յայտնի է Սիւնիքի ազատագրական պայքարով, որի շնորհիւ է, որ Սիւնիքը Հայաստանի մասն է։ Դրաստամատ Կանայեանը՝ զօրավար Դրօն միայն յաղթանակներ է ունեցել։ Նա ոչ միայն Բաշ-Ապարանի յաղթանակի հեղինակն է, այլեւ Լոռին հայկական պահելու։

Հարց է առաջանում, այսքան յաղթանակներ կերտած զօրավարների մէջ, ինչո՞ւ ամենայայտնին Անդրանիկ զօրավարն է, ում յաղթանակների մասին պատմութիւնը լռում է։

Ինչպէս Վարդան Մամիկոնեանի դէպքում, հիմնական դերը կատարել է քարոզչութիւնը։ Եթէ Վարդան Մամիկոնեանի դէպքում եկեղեցու քարոզչութիւնն էր, ապա Անդրանիկ Օզանեանի դէպքում՝ ԽՍՀՄ, այո՛ չզարմանաք՝ կոմունիստական քարոզչութիւնը։ Քանի որ, հայ ազատագրական պայքարի հիմնական գործիչները դաշնակցականներ էին, ինչպէս Արամ Մանուկեանը, Դրաստամատ Կանայեանը, Գարեգին Նժդեհը, կամ ինչպէս Դանիէլ Բէկ-Փիրումեանը եւ Մովսէս Սիլիկեանը գնդակահարւել էին բոլշեւիկների կողմից, ապա նրանց մասին առանց սուր քննադատութեան յիշատակելն անհնար էր։ Իսկ ժողովրդին պէտք էր ներկայացնել այն ժամանակների որեւէ հերոսի եւ Անդրանիկ Օզանեանը, ով հրաժարւել էր ՀՅԴ-ից եւ նեղացած հեռացել Հայաստանի Հանրապետութիւնից, միանգամայն յարմար գործիչ էր։

Անհնար էր, որ Խորհրդային Հայաստանում տեղադրւէին ՀՅԴ անդամներ Արամ Մանուկեանի, Դրաստամատ Կանայեանի կամ Գարեգին Նժդեհի, ինչպէս նաեւ բոլշեւիկեան տեռորի զոհեր Դանիէլ Բէկ-Փիրումեանի եւ Մովսէս Սիլիկեանի արձանները, պատմութեան դասագրքերում գրւէին նրանց անունները, որպէս հերոսներ։

Ինչպէս ասում են, հերթը հասաւ Վազգէն Սարգսեանին։ Վազգէն Սարգսեանը, որպէս քաղաքական գործիչ, ճանաչում ստացաւ 1990 թւականին, Երասխի պաշտպանութեան մարտերի ժամանակ, որպէս համակարգող։ Մինչ այդ, նկատի ունեմ 1988 թւականից սկսած արցախեան շարժմանը նա ակտիւութիւն չի ցուցաբերել։ Երասխի մարտերից յետոյ, Վազգէն Սարգսեանը սկսեց յաճախ երեւալ ՀՀՇ շէնքում։ Ինքս նրա հետ ծանօթացել եմ հէնց ՀՀՇ-ում եւ նա ինձ վրայ թողել է անկեղծ, անմիջական, նաեւ քաջարի տղամարդու տպաւորութիւն։ Այդպէս էի մտածում մինչեւ 1991 թւականի, կարծեմ գարունը։ Մի անգամ գործով գնացել էի ՀՀ Գերագոյն խորհրդի նիստերի դահլիճ։ Դահլիճի մուտքի մօտ հաւաքւած էին Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) կալանաւորւած անդամների մայրերը, կանայք, քոյրերը, պահանջելով ազատել իրենց հարազատներին։ Շէնքից դուրս եկաւ Սմբատ Յակոբեանը։ Ի դէպ, մինչ Վազգէն Սարգսեանի յայտնւելը, «սպարապետ» կոչումը պատկանում էր Սմբատ Յակոբեանին։ Սմբատին տեսնելով, ցուցարար կանայք աւելի բորբոքւեցին եւ գոռգոռացին նրա վրայ։ Սմբատը բարկացաւ եւ կանանց ցուցադրեց իր վիրակապւած թեւը, ասելով. «Էդ ո՞ւմ վրայ էք յարձակւում»։ Այդ պահին դռներից դուրս եկաւ Վազգէն Սարգսեանը։ Բոլոր կանայք «մոռանալով» Սմբատին, սկսեցին բղաւել Վազգէնի վրայ: Եւ չէք պատկերացնի, թէ ինչ տեղի ունեցաւ։ Վազգէնը բռունցքները պարզած, փողոցային հայհոյանքներով, յարձակւեց կանանց վրայ, նրանց գետին տապալելով, շարունակելով ոտքերով եւ բռունցքներով հարւածել։ Մի կերպ ես ու Սմբատը նրան հեռացրեցինք։ Եթէ ես անձամբ ականատես չլինէի այդ տեսարանին, երբեք չէի հաւատայ։ Այդ օրւանից յետոյ, Վազգէն Սարգսեանի մասին կարծիքս լիովին փոխւեց եւ նա իմ կարծիքով ընդամէնը ինքնահաստատւող մարդ էր, թէկուզ բռունցքների հաշւին։

Վազգէն Սարգսեանի, որպէս սպարապետի, հրամանատարի, երկար տարիներ Հայաստանի Պաշտպանութեան նախարարի գնահատականն, իհարկէ առաջին հերթին պէտք է տալ նրա՝ այդ պաշտօնում եղած գործունէութեան, այլ ոչ մարդկային յատկութիւններով։ Նոյնը վերաբերւում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի գլխաւոր հրամանատար Սամուէլ Բաբայեանին։

Վազգէն Սարգսեանն առաջին անգամ նշանակւեց Հայաստանի պաշտպանութեան նախարար 1991 թւականի դեկտեմբերին, ԽՍՀՄ փլուզումից յետոյ։ Այդ ժամանակաշրջանում, երբ նա պաշտպանութեան նախարար էր, 1992 թ. մայիսին ազատագրւեց Շուշին, ապա Բերձորը, որի շնորհիւ ցամաքային կապ հաստատւեց Արցախի ու Հայաստանի Հարապետութեան միջեւ։ Ընդունենք, որ այդ յաղթանակներում վճռական դեր է ունեցել Վազգէն Սարգսեանը։ Ընթերցողի մօտ հարց կառաջանայ, թէ ինչու եմ կասկածանքով այդ մասին գրում։ Շատ պարզ, յայտնի է, որ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը դէմ է եղել Շուշիի ազատագրմանը եւ քիչ հաւանական է, որ Վազգէն Սարգսեանը գաղտնի գործէր։ Շուշիի ազատագրման հիմնական հեղինակ համարւում է Արկադի Տէր-Թադէոսեանը։ Ինչեւէ, հետագայում, նոյն 1992 թ. ամռանը, իրավիճակը պատերազմի ճակատում կտրուկ փոխւեց։ Լաւ յիշում եմ, թէ ինչպէս ԳԽ-ում պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը հանգստացրեց պատգամաւորներին ասելով, թէ Արծւաշէնը ամուր պաշտպանւած է եւ անհանգստանալու կարիք չկայ։ Մի քանի օր անց Արծւաշէնն ընկաւ։ Յաջորդ ԳԽ նիստում Վազգէն Սարգսեանը յայտարարեց, որ միեւնոյնն է Արծւաշէնը պաշտպանելն ու պահելն անհնար էր։ Թշնամին գրաւել էր Արցախի հիւսիսը, ամենօրեայ ռմբակոծութիւնների տակ էր յայտնւել Կապանը։ Ադրբեջանի նախագահ Էլչիբէյը պատրաստւում էր ոտքերը Սեւանում լւանալ։ Այսօրւայ պէս յիշում եմ, հացի հերթերում մարդիկ խուճապահար խօսում էին Հայաստանը լքելու մասին։ Բարեբախտաբար, ի տարբերութիւն ներկայ քպ-ական իշխանութեան ժամանակի, այն տարիներին ընդդիմութիւնը միասնական էր եւ չէր հաշտւում Արցախի կորստի հետ։ Ընդդիմութեան հետեւողական եւ վճռական ճնշման տակ, նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ստիպւած եղաւ պաշտօնանկ անել Վազգէն Սարգսեանին եւ պաշտպանութեան նախարար նշանակել Վազգէն Մանուկեանին։ Կարճ ժամանակ անց, ռազմաճակատում իրավիճակը կտրուկ փոխւեց, այս անգամ յօգուտ մեզ։ Ազատագրւեցին Արցախի գրաււած շրջանները, հայկական բանակը Իւրի Խաչատուրովի գլխաւորութեամբ ոչ միայն վերականգնեց Կապանի անվտանգութիւնն, այլեւ մխրճւեց թշնամու դիրքեր եւ առաւել ընդլայնւեցին Հայաստանի եւ Արցախի ընդհանուր սահմանները։ Արդէն 1993 թ. ազատագրւեց Քարվաճառը։ Այն միայն տարածք չէր, դրանով Արցախն ու Հայաստանը փաստացի վերամիաւորւեցին։ Յաղթանակներն ու պատմական հայկական հողերը շարունակւեցին ազատագրւել նաեւ 1993 թւականին նշանակւած, յաջորդ պաշտպանութեան նախարար՝ Սերժ Սարգսեանի օրօք նոյնպէս։ Յաղթանակների կերտմանը մեծ դերակատարութիւն են ունեցել Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարեանը, Սամուէլ Բաբայեանը, գեներալ Նորատ Տէր-Գրիգորեանցը եւ ուրիշներ։ Մարտի դաշտում տեղի ունեցող անյաջողութիւններն, ինչպէս ցանկացած երկրում, այնպէս էլ Ադրբեջանում բերեց խորը ճգնաժամի, որն էլ աւարտւեց իշխանափոխութեամբ։ Ադրբեջանի արդէն, նոր՝ փորձառու ղեկավար Հէյդար Ալիեւը դիմեց Մոսկւա եւ արդէն 1994 թ. Բիշքեկում մայիսի 5-ին ստորագրւեց արձանագրութիւն, որով կոչ արւեց կողմերին հրադադար կնքել։ Արձանագրութեան տակ ստորագրեցին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Կիրգիզստանի խորհրդարանների նախագահներն, ինչպէս նաեւ Ռուսաստանի պաշտօնական ներկայացուցիչը եւ ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդի քարտուղարը։ Այդ արձանագրութեամբ դէ իւրէ եւ դէ ֆակտօ, Հայաստանը, Ռուսաստանը՝ որպէս միջնորդ, Կիրգիզստանը, ԱՊՀ երկրները, ինչպէս նաեւ Ադրբեջանը ճանաչեցին Արցախը, որպէս առանձին սուբիեկտ պետութիւն։ Արձանագրութեանը հետեւեց հրադադարի մասին պայմանագիրը, որն էլ արդէն ստորագրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարները։ Պայմանագիրն ուժի մէջ մտաւ 1994 թւականի մայիսի 11-ին։ Այս պայմանագրով եւ Հայաստանը եւ Ադրբեջանը եւս մէկ անգամ ճանաչեցին Արցախը, որպէս անկախ պետութիւն։ Բա՞, ա՛յ հայրենի Արցախն ուրացող՝ քպ-ականներ…

Ըստ էութեան, 1994 թւականի մայիսին կնքւած հրադադարի պայմանագիրը նոյնն էր, ինչ 2020 թւականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Բայց ի տարբերութիւն մեզ՝ որ չհաւատացինք մեր յաղթանակին, Ադրբեջանը հրադարարն օգտագործեց ոտքի կանգնելու եւ ռեւանշի հասնելու համար։ Եւ եթէ Հայաստանում, ներեցէք՝ խրտնում են ռեւանշ բառից, Ադրբեջանում բոլոր քաղաքական ուժերը ռեւանշիստներ էին։

Եւ ահա, հրադադարից յետոյ, արդէն 1995 թւականին Վազգէն Սարգսեանը նորից նշանակւեց պաշտպանութեան նախարար։ Համաշխարհային պատմութիւնից ինձ յայտնի չէ նման դէպք, երբ պարտւած պաշտպանութեան նախարարը նորից վերանշանակւի նոյն պաշտօնին։

Պատճառը պարզ է։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի համար, ոչ թէ արցախեան յաղթանակներն էին կարեւորը, այլ իր իշխանութիւնն ու այն պահպանելը։ Եւ նրան թւում էր, այո՛ թւում էր, որ Վազգէն Սարգսեանը, ոչ միայն իր համախոհն է, գործընկերն ու ընկերը, այլեւ իրեն հաւատարիմ գործիչ։ Մինչ այդ, 1993 թւականին, պատերազմի ժամանակ, Վազգէն Սարգսեանը հիմնադրեց Երկրապահ կամաւորականների միութիւն (ԵԿՄ) կոչւող հրոսակախումբը։ ԵԿՄ-ն ոչ թէ պատերազմի վետերաններին սոցիալական աջակցութեան կազմակերպութիւն էր, այլ զինւած, ինչպէս նշեցի՝ հրոսակախումբ։ Ո՞վ է տեսել, որ պետութեան մէջ, բացի բանակից, ոստիկանութիւնից, այլ յատուկ ծառայութիւններից, մէկ այլ ոչ պետական կազմակերպութիւն, օրինական զինւած խմբեր ունենայ։ Իրականում, Վազգէն Սարգսեանը ԵԿՄ-ն ստեղծել էր միայն ու միայն իր համար, նպատակ ունենալով, յարմար պահի հասնել իշխանութեան։ Իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանին թւում էր, թէ ԵԿՄ-ն իր յենարանն է։ Սկզբնական շրջանում, Լեւոն Տէր-Պետրոսեանի սպասելիքները Վազգէն Սարգսեանից եւ ԵԿՄ-ից արդարացան, քանի որ նաեւ, եթէ ոչ՝ հիմնականում, հէնց ԵԿՄ-ի «ջանքերի շնորհիւ» ՀՀՇ-ն եւ Լեւոն Տէր-Պետրոսեանը «յաղթեցին» 1995 թ. խորհրդարանական եւ 1996 թ. նախագահական ընտրութիւններում։ 1995 թ. խորհրդարանական ընտրութիւններում, «Հանրապետութիւն» դաշինքի յետեւում թաքնւած ՀՀՇ-ից եւ այլ մանր-մունր կուսակցութիւններից բացի, դաշինքում մեծ թիւ էին կազմում ԵԿՄ անդամները։ Որպէս, Լեւոն Տէր-Պետրոսեանին հաւատարիմ մարդ, Վազգէն Սարգսեանը 1996 թ. նախագահական ընտրութիւններից յետոյ յայտարարեց, որ եթէ ընդդիմադիր թեկնածուն հաւաքէր ձայների նոյնիսկ 100%-ը, միեւնոյնն է իշխանութիւնը նրան չէին յանձնի։

Վազգէն Սարգսեանը, որպէս պաշտպանութեան նախարար պաշտօնավարեց մինչեւ 1999 թւականը։ Այդ տարիներին, խաղաղ պայմաններում, բանակում, միջին հաշւով ամէն տարի, զոհւում էին օրական մէկ զինւոր։ Պատճառը ոչ կանոնադրական յարաբերութիւններն էին, շատ հրամանատարների անփութութիւնն, ինչպէս նաեւ անպատժելիութիւնը։ Այդ բոլոր գործերը կոծկում, կամ որպէս ինքնասպանութիւն էր ներկայացնում զինդատախազ Գագիկ Ջհանգիրեանը։ Առեղծւածային էր պաշտպանութեան նախարարութեան ֆինանսների վարչութեան պետ Մաւրիկ Աւետիսեանի սպանութիւնը, ներեցէք՝ ինքնասպանութիւնը։

Վազգէն Սարգսեանը լինելով իշխանութեան հիմնական սիւներից մէկը, իր հարազատ եղբայրներին նշանակել էր Արարատի երկու՝ ցեմենտի եւ պահածոների գործարանների տնօրէններ։

1996 թ. նախագահական ընտրութիւններից յետոյ, չնայած «յաղթանակին», Լեւոն Տէր-Պետրոսեանը կորցրել էր վստահութիւնն իր իսկ իշխանութեան հանդէպ։ Այդ մասին ինձ յայտնել են նրա մի քանի մտերիմներ։ Այն շատ լաւ գիտակցում էր Վազգէն Սարգսեանն ու սպասում յարմար առիթի, իշխանութիւնը վերցնելու համար։

Այդ առիթը եկաւ 1997 թ., երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը գրեց իր հանրայայտ «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» ծրագրային յօդւածը։ Իբրեւ թէ, դէմ է յօդւածի թէզերին, Վազգէն Սարգսեանը, վարչապետ Ռոբերտ Քոչարեանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան միաւորւած նախարար Սերժ Սարգսեանի հետ 1998 թւականին իրականացրեց պալատական յեղաշրջում։ Իսկ, թէ ինչու իբր, քանի որ Վազգէն Սարգսեանը քաջատեղեակ էր, ինչպէս Լեւոն Տէր-Պետրոսեանի, այնպէս էլ նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտեանի Արցախի հարցի լուծման, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու տեսակէտներին։ Յեղաշրջումը ԱԺ-ում «վաւերացրւեց» հէնց ԵԿՄ պատգամաւորների կողմից։ Ցաւօք, յեղաշրջմանը մասնակից եղաւ եւ այն ողջունեց նաեւ, այն ժամանակւայ արմատական ընդդիմութիւնը, մտածելով, թէ Լեւոն Տէր-Պետրոսեանի հեռանալով, իրենց համար կանաչ ճանապարհ է բացւում դէպի իշխանութիւն։

Յեղաշրջումից յետոյ, ըստ ինձ հասած տեղեկութեան, Վազգէն Սարգսեանին համոզել են, որ ճիշտ չի լինի, որ պաշտպանութեան նախարարը դառնայ երկրի նախագահ, այն կը դիտարկւի որպէս ռազմական յեղաշրջում։ Արդիւնքում նախագահ դարձաւ վարչապետ Ռոբերտ Քոչարեանը։ Նորից յղում անելով իմ անանուն աղբիւրներին, նշեմ, որ կարճ ժամանակ անց, Վազգէն Սարգսեանը կատաղիօրէն զղջացել էր իր զիջողութեան համար եւ առիթ էր փնտրում Ռոբերտ Քոչարեանին գահընկեց անելու համար։ Այդ տեսակէտից առեղծւածային էր ներքին զօրքերի հրամանատար Արծրուն Մարգարեանի սպանութիւնը, թէ՞ ինքնասպանութիւնը։ Ի՞նչ կասես, Անդրանիկ Քոչարեան։

1999 թ. նախընտրական դաշինք կազմելով 1998 թ. Կարէն Դեմիրճեանի հետ, վերջապէս Վազգէն Սարգսեանը համարեա հասաւ իր նպատակին։ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի իշխանութիւնն արդէն ձեւական բնոյթ էր կրում եւ մնում էր եւս մի աւելի դիւրին յեղաշրջում եւ ողջ իշխանութիւնը կը յայտնւէր Վազգէն Սարգսեանի ձեռքում։

Եւ անսպասելիօրէն տեղի ունեցաւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչութիւնը, որի մասին կարծիքս հրապարակւած է (https://www.aravot.am/2021/10/31/1226098/):

Ահա այսպիսին է, իմ համոզմամբ, հայ անւանի զօրավարների եռեակից, ըստ ժամանակագրութեան վերջնի իրական կերպարը։ Եւ նորից հարց է առաջանում, ինչու ոչ Նորատ Տէր-Գրիգորեանցը, Իւրի Խաչատուրովը, Արկադի Տէր-Թադէոսեանը, Վազգէն Մանուկեանը, Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, նոյնիսկ՝ Սամուէլ Բաբայեանը, որոնց կազմակերպչական եւ ռազմական ունակութիւնների շնորհիւ ունեցել ենք յաղթանակներ, այլ պարտութիւնների եւ բազում անօրինականութիւնների հեղինակ Վազգէն Սարգսեանը։

Յիշեցնեմ նախորդ զօրավարների մեծարման պատճառները, Վարդան Մամիկոնեանի դէպքում՝ եկեղեցական, զօրավար Անդրանիկի դէպքում՝ խորհրդային ուղղորդւած քարոզչութիւնները նրանց հերոսներ դարձրեցին։ Վազգէն Սարգսեանի դէպքում, աւելի շատ գործօններ նպաստեցին նրան, որպէս յաղթող սպարապետի մեծարման հարցում։ Նախ, արձանագրենք, որ նրա մահից յետոյ, ԵԿՄ-ն շարունակեց մնալ, որպէս ցանկացած իշխանութեան հիմնական յենարաններից մէկը։ Իսկ ԵԿՄ, ներեցէք անգրագէտ, կամ լաւագոյն դէպքում կիսագրագէտ ամդամներն իրենց դիրքով հասարակութեան մէջ, իրենց ողջ ունեցւածքով պարտական էին միայն Վազգէն Սարգսեանին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան մէջ իրենից կասկածները հեռացնելու համար Վազգէն Սարգսեանին եւ Կարէն Դեմիրճեանին շնորհեց Ազգային հերոսի կոչում, որը միեւնոյնն է արդիւնք չտւեց եւ կասկածները մնացին, եթէ աւելի չխորացան։ Որեւէ ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործիչ, նոյնպէս ձեռնպահ էին մնում Վազգէն Սարգսեանի մասին ճշմարտութիւնն ասել, կամ լռում էին, կամ ընդհանուր երգչախմբի հետ միասին գովերգում։ Լռակեացները անհանգստանում են իրենց վրայ յարձակումներից եւ որ իրենց չկասկածեն հոկտեմբերի 27-ի մեղսակցութեան մէջ, գովերգողներն՝ իրենց դիրքի պահպանման եւ իշխանութեան հասնելու եւ պաշտօն ստանալու ակնկալիքով։

Եթէ սպարապետ Վարդան Մամիկոնեանը հաւատարիմ լինելով իր ուխտին, հերոսաբար զոհւեց ճակատամարտում, Անդրանիկ զօրավարն իսկապէս նւիրեալ է եղել, առաքինի եւ հմայիչ անձնաւորութիւն, ապա Վազգէն Սարգսեանը խորհրդանիշն է պարտութիւնների, հարիւրաւոր անմեղ զոհերի, կոռուպցիայի, ընտրակեղծիքների եւ այլ անօրինականութիւնների։

Եւ ահա Երեւանում կանգնեցւած է Վազգէն Սարգսեանի արձանը, փողոցը անւանակոչւել նրա անունով, ինչպէս նաեւ ռազմական համալսարանը նոյնպէս կրում է նրա անունը։ Նրա հայրական տունը դարձել է Վազգէն Սարգսեանի տուն-թանգարան։

Ամփոփում.

Այսպիսով արձանագրենք, որ անկախ պատճառներից, մենք՝ հայ ժողովուրդը մեծարում ենք պարտւած զօրավարներին, կանգնեցնում նրանց արձանները, փողոցներ կոչում նրանց անուններով, նրանց նւիրւած հերոսական երգեր երգում, գրողները վէպեր, նկարիչները կտաւներ, քանդակագործները արձաններ են կերտում նրանց յիշատակին։

Իսկ յաղթող զօրավարնե՞րը… Միայն վերջին 7 տարիներին կանգնեցւեցին Գարեգին Նժդեհի եւ Արամ Մանուկեանի արձանները։

Ամէն դէպքում, նշենք, որ եթէ Վարդան Մամիկոնեանի եւ Անդրանիկ Օզանեանի դէպքում պարտւած ճակատամարտերն են, ապա Վազգէն Սարգսեանի դէպքում՝ նրան են վերագրւում յաղթանակները։ Այնպէս որ ապագայում, յանուն բուն հայկական արդարութեան վերականգնման համար՝ Վազգէն Սարգսեանին կը փոխարինեն Դաւիթ Տօնոյեանը, Օննիկ Գասպարեանը, Վաղարշակ Յարութիւնեանը, Արշակ Կարապետեանը, Սուրէն Պապիկեանը, իրենց գլխաւոր հրամանատար կոչեցեալի հետ միասին։ Այս անգամ յուսանք, որպէս՝ անբարոյական պարտութեան հեղինակներ։

 Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button