Հայաստան - ԱրցախՄիջազգային

Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւններում առաջընթացի չափերը, ինչպէս նաեւ Կովկասում ՌԴ դերակատարութեան չափերը, Երեւանի եւ Բաքւի վերջնական համաձայնագրով է պայմանաւորւած

Կովկասի հարցերով փորձագէտի կարծիքով եթէ Բաքւի ու Երեւանի միջեւ համաձայնագիրն ունենայ ՆԱՏՕ-ական արեւելում, Ռուսաստանի դերը Կովկասեան տարածաշրջանում էապէս կը նւազի, նոյնիսկ Հայաստանն ու Ադրբեջանն աւելին են մօտենալու եւրոատլանտեան կառոյցներին:

Շոէյբ Բահմանը ILNA-ի թղթակցի հետ զրոյցում Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում նկատւող վերջին զարգացումների չափերն ու պատճառները մեկնաբանելով, կարեւորել է վերջին երեք տարիների զարգացումները եւ նշել է, որ տարածաշրջանի անվտանգային եւ աշխարհաքաղաքական միջավայրում փոփոխութիւնների նախագիծը շարունակում է մնալ Արեւմուտքի օրակարգում: «Այսինքն, եթէ մինչեւ 2020 թւականի պատերազմը կողմերի միջեւ եղել է ուժերի յարաբերական հաւասարակշռութիւն, սակայն նշւած պատերազմից յետոյ ուժերի յարաբերակցութիւնը փոխւել է յօգուտ Բաքւի: Ադրբեջանի Հանրապետութեանը գործնականում յաջողւել է առաջ տանել իր պահանջները: Հրադադարի համաձայնագրի առաջին քայլով Հայաստանը ստիպւած եղաւ դուրս գալ Ղարաբաղի յարակից եօթ շրջաններից, իսկ յաջորդ քայլով Բաքուն անցաւ ռազմական գործողութեան եւ վերահսկողութեան տակ առաւ Ղարաբաղը։ Հայաստանի իշխանութիւնները որեւէ դիմադրութիւն չցուցաբերեցին այդ փոփոխութիւններին, նոյնիսկ ինչ-որ կէտում ընդունել եւ ճանաչել են դրանք»,- արձանագրել է փորձագէտը։

Նա յաւելել է, որ միեւնոյն ժամանակ, Հայաստանը ցանկութիւն ունի բարելաւելու իր յարաբերութիւնները Ադրբեջանի Հանրապետութեան հետ՝ նպատակ ունենալով դառնալ տարանցիկ կենտրոն, կամ ՀՀ վարչապետի ձեւակերպմամբ՝ «խաղաղութեան խաչմերուկ»:

Փաստը մնում է փաստ, որ ուժերի յարաբերակցութիւնը յօգուտ Բաքւի է: «Ադրբեջանը՝ ուժեղ, Երեւանը՝ թոյլ, այնուամենայնիւ, Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանում պատրաստ է տարածքային զիջումների հաշւին հասնել սահմանային խնդիրների վերջնական կարգաւորման: Կողմերը խօսում են մշտական խաղաղութեան հասնելու մասին: Հանդիպումները եւս այդ ուղղութեամբ են կայանում, որոնցից մի քանիսը տեղի է ունեցել ռուսների միջնորդութեամբ։ Սակայն, ժամանակի ընթացքում, տարածաշրջանում Ռուսաստանի դերի նւազման հետ զուգահեռ, իրականում եւրոպացիներին էր վերապահւած դերակատարութեան առանցքում լինելը»,- նշել է փորձագէտը:

Քաղաքական հարցերով այս վերլուծաբանի խօսքով՝ առաջին անգամ տեղի է ունեցել կողմերի միջեւ երկկողմ բանակցութիւնների գործընթաց՝ առանց երրորդ կողմի ներկայութեան, ինչը ցոյց է տալիս, որ կայ համաձայնութեան հասնելու մեծ ցանկութիւն։ «Կարեւոր է, թէ ինչպէս է կայանում խաղաղութեան պայմանագիրը: Եթէ դա տեղի ունենայ ռուսների միջնորդութեամբ, կարող է ունենալ իր հետեւանքները, իսկ եթէ լինի Արեւմուտքի միջնորդութեամբ, ունենալու է իր ազդեցութիւնն ու համապատասխան հետեւանքները։ ՀՀ իշխանութիւնների համար կարեւորը «խաղաղութեան խաչմերուկ»-ն է, որի մասին Փաշինեանը յստակ յայտարարել է վերջին ամիսներին Վրաստանում կայացած համաժողովում: Եթէ Երեւանն ընդունում է նման ծրագիր, ապա փաստացի ընդունել է «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագիրը»,- ընդգծել է դոկտ. Բահմանը:

Նշելով, որ նման նախագծի ընդունումը հիմնականում կարող է ռիսկեր ստեղծել Հայաստանի համար միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում, նա յաւելել է. «եթէ Երեւանն ինչ-որ կերպ ցանկանում է Ադրբեջանին միջանցք տալ դէպի Նախիջեւան, եւ այնտեղից էլ Թուրքիա, այդ միջանցքը կարող է լինել Հայաստանի տարածքային ամբողջականութեան հաշւին: Քանի որ Ադրբեջանի վերջնական պլանը Հայաստանի հարաւային շրջանների օկուպացումն է: Բաքւում շրջանառութեան մէջ է դրւել արդէն «Արեւմտեան Ադրբեջան» ձեւակերպումը: Այնպէս, որ այդ համագործակցութիւնը (խաղաղութեան խաչմերուկը) կարող է մեծ գին պարտադրել Երեւանին եւ ապագայում տարածքային մարտահրաւէրների նոր առիթ դառնալ Հայաստանի համար»:

Վերջում նա նկատել տալով Ռուսաստանի ազդեցութեան գօտու փաստի մասին նշել է, որ Ռուսաստանի ներկայիս վիճակը մեծապէս թուլացել է ղարաբաղեան երկրորդ պատերազմի համեմատութեամբ: «Արեւմտեան կողմն էլ աւելի մեծ ազդեցութիւն է ձեռք բերել տարածաշրջանում։ Եթէ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագիրը բխի արեւմտեան ուղեծրից, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանի դերը Կովկասեան տարածաշրջանում էապէս կը նւազի: Սա Հայաստանին եւ Ադրբեջանին կարող է մղել դէպի եւրոատլանտեան կառոյցներ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի դիրքերը Կովկասեան տարածաշրջանում այնքան էլ յարմար չեն: Եթէ ռուսները չվերանայեն իրենց մօտեցումները տարածաշրջանի նկատմամբ, ապա Կովկասում դիրքերի թուլացման լուրջ վտանգն է սպառնալու Մոսկւային»,- եզրակացրել է փորձագէտը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button