Հայաստան - ԱրցախՄիջազգային

Ալիեւը 2.5 ժամ տեւած հարցազրոյցի ընթացքում գոյաբանական սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցէին

2024 թւականի յունւարի 10-ին Բաքւի բռնակալ Իլհամ Ալիեւը 2.5 ժամ տեւողութեամբ մամուլի ասուլիս տւեց ադրբեջանցի լրագրողներին, որի ընթացքում ոչ միայն իր հերթական ստերը շաղ տւեց, այլեւ սպառնաց հէնց Հայաստանի գոյութեանը։ Ահա 2020 եւ 2023 թւականների Արցախեան պատերազմներում ռազմական յաղթանակներով ոգեւորւած Ալիեւի չափազանց ամբարտաւան եւ ահազանգող խօսքերի ուշագրաւ կէտերը։

Սկսենք նրանից, որ Ալիեւը յայտարարեց՝ «այսօրւայ Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրներից մէկն է»։ Սուտ է։ Ըստ globalfirepower.com կայքի՝ 2024 թւականի դրութեամբ Ադրբեջանի զինուժը աշխարհում զբաղեցնում է 59-րդ տեղը։ Սա շատ հեռու է աշխարհի ամենաուժեղ երկրներից մէկը լինելուց։ Եթէ 2020 թւականի Արցախեան պատերազմի ժամանակ չլինէին թուրք գեներալների կողմից ադրբեջանական զինուժի անմիջական վերահսկողութիւնը եւ Սիրիայից բերւած վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանը չէր կարողանայ յաղթել Արցախին։ Ալիեւն իր ասուլիսում խոստովանեց, որ 2020 թւականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը վայելել է Թուրքիայի ամբողջական աջակցութիւնը։

Ալիեւը արդարացրեց Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների լուրջ խախտումները, նոյնիսկ արցախահայութեան ցեղասպանութիւնը՝ ասելով. «Ես բազմիցս ասել եմ, որ միջազգային իրաւունքը չի գործում։ Այդ մեխանիզմները կիրառւում են միայն աւելի թոյլ երկրների համար։ Խոշոր պետութիւններն անտեսում են դրանք։ Իրենց համար օրէնքը օրէնք չէ, միջազգային իրաւունքը օրէնք չէ։ Նման պայմաններում, այն երկրները, որոնք արդարութիւն են պահանջում, եւ արդարացիօրէն այդպէս է, պէտք է իրենք ապահովեն այդ արդարութիւնը»:

Ալիեւը խոստովանեց այն դժւարութիւնները, որոնց բախւել են Ադրբեջանի զինւած ուժերը 2020 թւականի պատերազմի ժամանակ. «Եթէ պատերազմը շարունակւէր [2020 թւականի նոյեմբերի 10-ից յետոյ], շատ դժւար կը լինէր ազատագրել Քելբաջարի եւ Լաչինի շրջանները, յատկապէս ձմռան եղանակին։ Այնուամենայնիւ, մենք դա էլ կանէինք, բայց մեր կորուստները կարող էին չափազանց մեծ լինել, նոյնիսկ աւելին, քան 44-օրեայ պատերազմում։ Մենք բոլորս դա լաւ գիտէինք, որովհետեւ նոյնիսկ հիմա ցանկացած մարդ, ով այցելում է այդ շրջանները, կարող է տեսնել, թէ որքան դժւարանցանելի է այդ հողատարածքը: Սակայն, եթէ Հայաստանը չստորագրէր կապիտուլիացիայի ակտը, մենք պատերազմը շարունակելու էինք մինչեւ վերջ»։

Ալիեւի յաջորդ սուտն այն է, որ 2020 թւականի պատերազմից յետոյ Հայաստանը «ապօրինի զէնք, զինամթերք, ականներ եւ կենդանի ուժ էր տեղափոխում Ղարաբաղ»։ Սա երբեք տեղի չի ունեցել: Ալիեւը դա օգտագործել է որպէս պատրւակ՝ Արցախի վրայ յարձակւելու համար։

Ադրբեջանի նախագահը բացայայտեց, որ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրայ ադրբեջանական յարձակումից առաջ «տեղի հայերից ոմանք կապւել են մեր ներկայացուցիչների հետ եւ առաջարկութիւններ արել շփումների վերաբերեալ, եւ մենք չենք մերժել»։ Թշնամու հետ գաղտնի կապ հաստատած ցանկացած հայ պէտք է համարւի դաւաճան:

Այնուհետեւ Ալիեւը եւս մէկ կարեւոր խոստովանութիւն արեց։ Նա ասաց, որ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրայ յարձակման ժամանակ «եթէ նրանք [արցախահայերը] չյանձնւէին, նրանք կոչնչացւէին։ Այլ տարբերակ չկար»։ Ալիեւն այսպիսով հաստատում է, որ Արցախի ղեկավարներին այլ ելք չէր մնացել, քան յանձնւել՝ 120 հազար արցախահայերի կեանքը փրկելու համար։

Ալիեւը հաստատեց, որ ծրագրել էր Արցախի ղեկավարների ձերբակալութիւնը, որոնք այժմ գտնւում են Բաքւի բանտում. «մեր դիրքորոշումն անջատողականների ղեկավարների նկատմամբ միանշանակ էր՝ նրանց գերեվարումը։ Նրանցից մի քանիսը փորձել են այնտեղից փախչել Լաչինի ճանապարհով, միւսները յայտնաբերւել են Խանքենդիում [Ստեփանակերտում] եւ այլուր։ Մենք գիտէինք նրանց գտնւելու վայրերը»: Նա յաւելեց, որ «այդ խմբից ընդամէնը երկու մարդ է բացակայում, նրանք Երեւանում են»։ Ալիեւը նկատի ունէր Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին։

Ալիեւը բացայայտեց, որ անձամբ է զգուշացրել Նիկոլ Փաշինեանին 2023 թւականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմից Արցախի վրայ մօտալուտ յարձակման մասին. «Ես ասել եմ թէ՛ Հայաստանի ղեկավարութեանը, թէ՛ միջազգային դերակատարներին, որ կարող եմ սեղմել կոճակը եւ կատարել այդ գործողութիւնը մէկ րոպէում, եւ նրանք ոչինչ չեն կարողանայ անել»։

Ալիեւը նաեւ իր զայրոյթն արտայայտեց՝ Հայաստանին Ֆրանսիայի աջակցութեան կապակցութեամբ, դատապարտեց այդ երկրի գաղութային անցեալը եւ պնդեց, որ իբր Փարիզը ցեղասպանութիւն է իրականացրել 1.5 միլիոն ալժիրցիների նկատմամբ։ Նա նաեւ ծաղրեց վերջերս Հայաստանի կողմից ֆրանսիական զրահափոխադրիչների ձեռքբերումը՝ դրանք անւանելով «թիթեղեայ տուփեր», որոնք «իրական սպառնալիք չեն մեզ համար»։

Ալիեւը նաեւ մերժեց Փաշինեանի վերջին նախաձեռնութիւնը՝ «Խաղաղութեան խաչմերուկ»-ը, որը ենթադրւում է իրար կապել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը։ Ալիեւն ասաց, որ սա ընդամէնը PR արշաւ է, որը նպատակ ունի փոխարինել իր նախընտրած «Զանգեզուրի միջանցք»-ին: Անտեսելով Հայաստանի ինքնիշխանութիւնը՝ Ալիեւը պնդեց, որ Հայաստանը պէտք է թոյլ տայ ադրբեջանական բեռների անցումը Ադրբեջանից Նախիջեւան Մեղրիով՝ առանց որեւէ ստուգման կամ մաքսազերծման։ Եթէ ոչ, Ալիեւը զգուշացրեց, որ Ադրբեջանը կը շարունակի Հայաստանի շրջափակումը։

Ադրբեջանի նախագահը պարծեցաւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցւող «Խաղաղութեան պայմանագրում» այլեւս որեւէ յիշատակում չկայ Ղարաբաղի մասին։

Ալիեւը հերքեց Փաշինեանի առաջարկը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ սահմանը սահմանազատել 1975 թւականի խորհրդային քարտէզների հիման վրայ՝ նախընտրելով աւելի հին քարտէզները, որոնք, ըստ նրա, Ադրբեջանին էլ աւելի շատ տարածքներ են տալիս։ Նա նաեւ յիշատակեց այն ծիծաղելի միտքը, որ «Իրեւանը» (Երեւանը) հին ադրբեջանական քաղաք է։ Ալիեւը նաեւ յայտարարեց, որ կան ութ ադրբեջանական գիւղեր, որոնք գտնւում են Հայաստանի տարածքում։ Կարեւորն այն է, որ Ալիեւը յայտարարեց, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զինուժը Հայաստանի Հանրապետութեան տարածքի այն հատւածներից, որոնք բռնազաւթել է 2021 թւականի մայիսից եւ 2022 թւականի սեպտեմբերից: Նա առաջարկեց Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղութեան պայմանագիր կնքել հիմա՝ սահմանի սահմանազատումը թողնելով ապագային։

Բախւելով Ալիեւի պէս ամբարտաւան եւ ռազմատենչ ղեկավարի՝ Փաշինեանը պէտք է դադարի խաղաղութիւն մուրալ, ինչը թուլութեան նշան է, եւ որը Ադրբեջանին հնարաւորութիւն է տալիս աւելի շատ զիջումներ պահանջել Հայաստանից։ Հայաստանի գլխաւոր երկու առաջնահերթութիւնները պէտք է լինեն ձեռնհաս ղեկավար եւ հզօր բանակ ունենալը՝ իր երկու թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի սպառնալիքները կանխելու համար։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button