Միջազգային

Բոլոր կորիդորները տանում են Գողգոթայ կամ՝ սիոնիստական ​​ռեժիմի տնտեսութեան շնչափողն ու Եմէնի ռազմավարական դերը

Իրանի տնտեսագէտները եւ ռազմավարական կենտրոնների փորձագէտները համակարծիք են այն բանում, որ մանկասպանների ռեժիմի (սիոնիստների մասին է ակնարկը) տնտեսութիւնը կաթւածահար անելու համար, պէտք է կենտրոնանալ այնպիսի երկրների վրայ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը եւ BRICS-ի անդամ կարեւոր երկրներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Բրազիլիան, որոնց միջոցով էլ շարունակում է շնչել Իսրայէլի տնտեսութիւնը։

«Սորայեա» վերլուծական կենտրոնի համաձայն՝ Թուրքիայի եւ օկուպացիոն ռեժիմի տնտեսական յարաբերութիւնները անմիջական կապի մէջ են տարածաշրջանում իրականացւող արիւնաhեղութիւնների, յատկապէս, Պաղեստինում իրականացւող սպանդի հետ:

Նոյն կապակացութեամբ տնտեսական քաղաքականութեան հարցերով փորձագէտ Թահեր Ռահիմին իր վարած «Տնտեսական կառավարում» տելեգրամային ալիքում գրառում կատարելով անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կեղծաւոր կեցւածքին, յատկապէս, երբ խօսքը Իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեանն է առնչւում:

Փորձագէտը նշել է, որ Էրդողանը 20 տարի է, ինչ իշխանութեան գլուխ է անցել, իսկ այս ընթացքում շարունակ պնդում է, որ հեռացել է Իսրայէլից, քանի որ հեռաւորութեան վրայ է Նեթանիահուի հետ: Նա նաեւ լուսանկարւում է պաղեստինական չաֆիէով, ինչը Պաղեստինում ազատագրական պայքարի խորհրդանիշ է համարւում:

Սակայն, գործնականում, վերջին երկու տասնամեակների ընթացքում Թուրքիայի արտահանումը դէպի Իսրայէլ 7 անգամ աճ է արձանագրել, հասնելով 7 միլիարդ դոլարի։ Նոյն հրապարակման համաձայն՝ Իսրայէլից Թուրքիա արտահանումները եւս աճ են արձանագրել 6 անգամ՝ հասնելով 3 միլիարդ դոլարի։

Սա նշանակում է, որ Էրդողանի կառավարման օրօք Իսրայէլի հետ ապրանքաշրջանառութիւնը 1.5 միլիարդ դոլարից հասել է շուրջ 10 միլիարդ դոլարի:

Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան առանց ընդհատումների Պաղեստինը բռնազաւթիչ ռեժիմի արդիւնաբերութեանն անհրաժեշտ հիմնական մետաղային հումքեր՝ երկաթ, պղինձ եւ ալիւմին է մատակարարել։

Փորձագէտը յաւելել է նաեւ, որ Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը՝ Էրդողանի գլխաւորութեամբ, որը խորապէս ազդւած է էխւանական գաղափարներից նաեւ, բարեկամական յարաբերութիւններ է մշակել Իսրայէլի հետ տարբեր մակարդակներում։

«Այնպէս, որ Թուրքիայի իսլամիստ ներկայացող առաջնորդները տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ամենամեծ տնտեսական աջակիցներից են»,- գրել է նա։

Թուրքիան համարւում է Իսրայէլի պարէնային եւ առեւտրային անվտանգութեան անցակէտը: Եթէ ​​Թուրքիայից դէպի բռնազաւթւած Պաղեստին արտահանման ծաւալի միայն 30%-ը կրճատւի, ապա սիոնիստական ​​ռեժիմի տնտեսութիւնը կաթւածահար կը լինի։ Նշել է փորձագէտը եւ անցել միւս՝ միջանցքների կարեւոր թեմային, որոնք ենթադրում են Իսրայէլի անվտանգութեան համար օդի ու ջրի պէս անհրաժեշտ այլընտրանքներ:

Այս առումով, նախորդ զեկոյցներում մենք ուսումնասիրել ենք սիոնիստական ​​ռեժիմի եւ օկուպացիոն ուժերին հիմնական ապրանքներ մատակարարող երկրների տնտեսութեան ապահովման հիմունքները, ինչպես նաեւ Թել Աւիւին հիմնական ապրանքներ մատակարարելու հարցում Թուրքիայի ռազմավարական դերի կողքին, այս երկրի դերը Ադրբեջանի նաւթը Իսրայէլ փոխադրող միջանցք լինելու հարցում ոչ պակաս կարեւոր փաստը։

Նոյն կապակցութեամբ Թահեր Ռահիմին հրապարակել է մի ուսումնասիրութիւն, որով օկուպացւած տարածքները պարէնով ու ապրանքներով ապահովելու գործում ներկայացւած են 5 կարեւոր միջանցքներն ու երթուղիները:

Առաջին միջանցք՝ Հնդկական ովկիանոս-Մաքրան ծով-Ադէ-ն Բաբ ալ Մանդաբ նեղուց-Կարմիր ծով-Էյլաթ նաւահանգիստ երթուղին է՝ օկուպացւած Պաղեստինի հարաւի վերջաւորութեամբ, որը հանդիսանում է օկուպանտների տնտեսական կարեւորագոյն զարկերակը, նրանց ներմուծման 30%-ն ապահովող միջանքը, որը կազմում է շուրջ 30 միլիարդ դոլար տնտեսութիւն: Այս միջանցքից մասամբ հնարաւոր է կառավարել «Արեւելեան երկրների» եւ «Հարաւային Ասիայի» տնտեսութիւնը նաեւ:

 Երկրորդ միջանցքը՝ Արեւելեան Ասիայի երկրները (Չինաստան, Ճապոնիա, Կորէա, Հոն Կոնգ եւ այլն)- Իսրայէլ, օկուպանտներին տրամադրում է 21 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառութեան առիթ: Այսպիսով այս երթուղու վրայ գտնւող երկրների Իսրայէլի հետ տնտեսական կապերը վերջին երկու տասնամեակում աճել է աւելի քան 5 անգամ՝ հիմնականում աւտոմեքենաների, էլեկտրոնային մասերի, հագուստի առեւտրի առումով:

Երրորդ միջանցքը՝ օկուպանտների ներկրման զամբիւղի շուրջ 4 միլիարդ դոլարն յատկացւած է Հարաւային Ասիայի երկրներին (Հնդկաստան եւ այլն), որոնց արտահանումը գրաւեալ տարածքներ վերջին երկու տասնամեակում աճել է 8 անգամ՝ հանքաքարերի եւ նաւթարդիւնաբերական հումքի ու քիմիկատների հաշւին:

Չորրորդ միջանցքը՝ Իսրայէլի տնտեսութեանն է կապում Հարաւարեւելեան Ասիայի երկրներին (Տայւան, Վիետնամ…), որոնք ունեն շուրջ 3 միլիարդ դոլարի արտահանում դէպի Իսրայէլ: Իսկ այդ ծաւալները վերջին քսան տարում հասցրել է եռապատկւել: Իսրայէլի համար յատկապէս այս միջանցք կարեւոր է, քանի որ այս զամբիւղում ամենամեծ բաժինն ունեն էլեկտրոնային բաղադրիչներն ու գիւղատնտեսական ապրանքները, որոնց արտահանումը եւս թանկ հաճոյք է:

 Գրեթէ բոլոր այդ ապրանքները Ադէնի ծոցով են մտնում Բաբ Ալ-Մանդեբի նեղուց այնտեղից էլ՝ Կարմիր ծով վերջապէս հասնելով հարաւային Էյլաթ նաւահանգիստ՝ օկուպացւած տարածքներից։

 Իսկ նախագծում հեռանկարային Բաքու- Թբիլիսի- Ջէյհան – Միջերկրական ծով – Հայֆա միջանցքին է վերապահւած մրցակից Հիւսիս-հարաւ միջանցքը լուսանցք մղելու ծրագիր, ինչը յատկապէս մեզ՝ հայերիս առաւել ծանօթ է «Զանգեզուրի միջանցք» անունով: Գործող միջանքն ապահովում է Իսրայէլին անհրաժեշտ վառելանիւթի շուրջ 43 տոկոսը:

Իսկ Եմէնի «Անսարօլլահ»-ը յատուկ վերահսկողութիւն ունի Ադէնի ծոց – Բաբ Ալ-Մանդեբ նեղուց – Կարմիր ծովի երթուղու վրայ։

Գործող մէկ այլ միջանցքը, որը Հիւսիսային Ամերիկա – Հիւսիսային Ատլանտեան ովկիանոս – Միջերկրական ծով – Հայֆա կամ Աշդոդ նաւահանգիստ երթուղին է համարւում, օկուպանտներին ԱՄՆ-ից անհրաժեշտ ապրանքների մատակարարման ծովային ճանապարհն է:

«Իսկ բոլոր այս միջանցքների կոկորդին է նստած Եմէնի «Անսարաօլլահ»-ը, ով ակտիւօրէն ներգրաււած է Իսրայէլա-պաղեստինեան հակամրտութեան մէջ, միաժամանակ իր տիրոյթում ունենալով դէպի Հայֆա տանող ջրային երթուղին»,- նշել է փորձագէտը:

ՀԱՏԻՍ

Առնչւող Յօդւածներ

Back to top button