Միջազգային

Թոմաս դէ Վաալ. «Մօտ ապագայում Բաքւի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրման հնարաւորութիւն չեմ տեսնում»

Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հետ կապւած իրավիճակը նոյնն է, ինչ մէկ տարի առաջ։ Այս մասին News.am-ի «Ուժի գործօն» հաղորդաշարի եթերում թղթակցի հետ զրոյցում ասաց «Կարնեգի» հիմնադրամի առաջատար հետազօտող, ղարաբաղեան հակամարտութեան փորձագէտ Թոմաս դէ Վաալը։

«Հայերի կողմից Ղարաբաղի կորուստը եւ այնտեղից հայերի արտագաղթը հսկայական իրադարձութիւն է, բայց ես հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում նոր բան չեմ տեսնում։

Միակ բանը Բաքւում գերեվարւած հայերի ազատ արձակման վերաբերեալ անցած շաբաթւայ համատեղ յայտարարութիւնն է եւ COP-29-ում Ադրբեջանի նախագահութեան՝ հայկական կողմի հաստատումը։ Սա մի փոքր կայունացնում է իրավիճակը։ Ադրբեջանը սիրում է հեղինակութիւն եւ յարգանք, ուստի դա մի փոքր նւազեցնում է Բաքւի կողմից խնդրի ուժային լուծման հնարաւորութիւնը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, չափազանց շատ խնդիրներ են մնում, իսկ արեւմտեան ձեւաչափը գործնականում անգործութեան է մատնւած։

«Մօտ ապագայում Բաքւի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրման հնարաւորութիւն չեմ տեսնում։ Միաժամանակ, հայ-ադրբեջանական նոր պատերազմի վտանգը միշտ առկայ է՝ չնայած միջազգային ճնշումներին։ Այս որոշումն իրականում կախւած է մէկ անձից՝ Ալիեւից»,- յաւելել է փորձագէտը։

Ամենահրատապ խնդիրը Թոմաս դէ Վաալն անւանեց տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացումը։

«Սա այն դէպքն է, երբ, կարծես թէ, բոլորին է ձեռնտու, որ հաղորդակցութիւնները բացւեն։ Բայց այժմ իրավիճակը շատ աւելի բարդ է, քան 2020 թւականին, եւ ես չեմ տեսնում անհրաժեշտ կոնսենսուս, որով հնարաւոր կը լինէր հասնել արդիւնքների։

Հայաստանի հետ սահմանի բացումը, կարծես թէ, բխում է Թուրքիայի պետական ​​շահերից: Կարսի եւ Գիւմրիի եւ այնուհետեւ Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան եւ Ադրբեջանի հիմնական հատւած, ապա՝ Կասպից ծով երկաթուղային կապը բխում է Թուրքիայի պետական ​​շահերից, սակայն, ըստ ամենայնի, կան նաեւ Էրդողանի անձնական շահերը։

Կարեւոր հարց է նաեւ, թէ ով է պաշտպանելու Գիւմրիով եւ Սիւնիքով անցնող երկաթուղու անվտանգութիւնը։

Մենք տեսնում ենք մի «մութ պատմութիւն», որ, կարծես թէ հայկական կողմն այլեւս չի ցանկանում ռուսական ներկայութիւնը, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում է ռուսական ուժայինների ներկայութիւնը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button