Միջազգային

Բրիտանական Telegraph Media Group-ի կարծիքով. «Փաշինեանի 2024 թւականի Ամանորի ուղերձը Բաքւի լրատւամիջոցների սրտի խօսքն էր»

«ԱԼԻՔ» – Նոր տարւայ կապակցութեամբ՝ ՀՀ վարչապետի ուղերձը, որով նա փորձեց արդարացնել Արցախի հայաթափումն ու արցախահայութեան զանգւածային տեղահանութիւնները, ինչպէս նաեւ Բաքւի եւ Թուրքիայի նկրտումների նկատմամբ Երեւանի շարունակական նահանջները, որպէս տրամաբանութիւն դուր են եկել Բաքւի ԶԼՄ-ներին:

Ըստ Telegraph Media Group-ի (Բրիտանական ծագումով լրատւական կենտրոն), Բաքւի Atlas հետազօտական կենտրոնի տնօրէն Իլխան Շահինօղլուն յայտնել է. «Հայաստանի ղեկավարի այս վերացական ուղերձից կարելի է երկու եզրակացութիւն անել: Նախ՝ նա ներողութիւն է խնդրել հայերից Ղարաբաղը «Կորցնելու» համար։ Երկրորդ՝ նա նշել է, որ «Ղարաբաղը կորցնելով» փրկել է Հայաստանը: Այլ կերպ ասած՝ Փաշինեանն ուզում էր ասել, որ եթէ Ղարաբաղի համար կռւէր, միջամտելով սեպտեմբերի 19-ին Ղարաբաղի դէմ իրականացւած գործողութիւնների հակամարտութեանը, ապա կորցնելու էր «Արեւմտեան Զանգեզուրը» (Սիւնիքը)»:

Աղբիւրը յաւելել է, որ վերլուծելով Փաշինեանի խօսքերը «Հայաստանը հայութեան ապագայ սերունդներին փոխանցելու դժւարին ճանապարհով անցնելու մասին»՝ Իլխան Շահինօղլուն կանխատեսել է, որ Փաշինեանն այս խօսքերով ենթահող է պատրաստում Ալիեւի հետ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար, իսկ ապագայում այս պայմանագիրը հաստատ կը ստորագրւի»:

Բաքւեցին անդրադարձել է նաեւ Հայ Եկեղեցու եւ Հայաստանի վարչապետի միջեւ առկայ հակամարտութեանը: Նա ակնարկելով նաեւ անցեալում եղած յարաբերութիւնների մասին նշել է. «Փաշինեանի որոշումն էր, որ Հայաստանի պետական հեռուստատեսութիւնը առաջին անգամ մերժեց հեռարձակել կաթողիկոս Գարեգին երկրորդի Ամանորի ուղերձը: Հաւանաբար հայերի Վեհափառ Հայրապետը պետական ​​ալիքով պիտի խօսէր Փաշինեանի վարած քաղաքականութեան դէմ»։

«Թելեգրաֆ»-ը գրում է, որ Հայ Եկեղեցին եւ եպիսկոպոսները քննադատել են Փաշինեանի քաղաքականութիւնը Երկրորդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ։ «Եկեղեցին միաւորւել է «Ղարաբաղեան կլանի» հետ՝ ընդդէմ Փաշինեանի»,- գրում է բրիտանական քաղաքականութիւնն իրականացնող կայքը, եւ յաւելում, որ այլ կերպ լինել չէր կարող։ «Դեռ Խորհրդային Միութեան ժամանակներից այս եկեղեցին եղել է հայերի մէջ թուրքերին ատելու հիմնական կենտրոնը եւ երբեւէ չի հրաժարւել այդ դերից։ Նախկինում Ղարաբաղի հարցում հէնց այս եկեղեցին էր անջատողականութեան խրախուսողը», – գրում է կայքը եւ յաւելում, որ այդ «աւանդոյթը» շարունակող եկեղեցին եւ նրա եպիսկոպոսները շարունակում են դէմ գնալ Ադրբեջանի Հանրապետութեան հետ ցանկացած համաձայնութեան։ «Եթէ ​​նոյնիսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքւի խաղաղութեան պայմանագիր, եկեղեցին չի դադարեցնի թուրքերի դէմ ատելութեան քաղաքականութիւնը»,- արդէն երրորդ անգամ շեշտել է կայքն իր տեքստում։

Ըստ Telegraph-ի, Հայաստանի վարչապետն իր Ամանորի ուղերձում օգտագործել է «Մենք գնում ենք միակ հնարաւոր ճանապարհով, որը թոյլ կը տայ պահպանել մեր երկրի ժառանգութիւնը ապագայ սերունդների համար» արտայայտութիւնը: Կարծես Telegraph-ն էլ է զարմացած Փաշինեանի իրարամերժ յայտարարութիւններից, քանի որ հէնց իր վարած քաղաքականութեան եւ հնարաւոր բոլոր ճանապարհները վերացնելու արդիւնքում՝ երէկ հայրենիքի մի մասը կորցրած ժողովրդին լուսաւոր ապագայի մասին խոստումներ տալով չէ, որ կարելի է հանգստացնել:

Առնչւող Յօդւածներ

Back to top button