Իրան

Յանուն հզօր եւ արժանապատիւ Իրանի

Միլիոնաւոր քաղաքացիներ վերահաստատեցին իրենց հաւատարմութիւնը յեղափոխութեան գաղափարներին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ բահմանի 22-ին, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-ամեակի առիթով Իրանի բոլոր բնակավայրերում տեղի ունեցան բազմամարդ երթեր եւ հաւաքներ, որոնց ընթացքում միլիոնաւոր քաղաքացիներ վերահաստատեցին իրենց հաւատարմութիւնը յեղափոխութեան դաւանած գաղափարներին եւ սկզբունքներին:

Իսլ. յեղափոխութեան յաղթանակին նւիրւած գլխաւոր հաւաքը տեղի ունեցաւ Թեհրանի Ազադի հրապարակում, որտեղ ի մի էին եկել մայրաքաղաքի երթին մասնակցած տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:

Օրւայ գլխաւոր բանախօսը Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին էր:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 45-ամեակին նշեց, որ Իրանի ժողովուրդը 45 տարւայ ընթացքում ապաւինելով ամենակարող Աստծուն եւ հետեւելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներին, ազգային համախմբւածութեամբ շարունակել է Իսլ. յեղափոխութեան փառապանծ երթը:

«Այս տարիների ընթացքում, Իսլամական յեղափոխութեան թշնամիները բազմաթիւ խնդիրներ ստեղծեցին, սակայն Իրանի արթուն, գիտակից եւ բանիմաց ժողովուրդը կարողացաւ յաղթահարել այդ խնդիրները: Մեր ժողովուրդը հաւաստանշեց բոլոր դաւադրութիւններն ու խարդաւանքները, դիմակայեց յեղաշրջան փորձերին, անջատողականութեանը, պարտադրեալ պատերազմին, մոնաֆեղների շարժմանը, ահաբեկչութեանն ու անապահովութեանը եւ կարողացաւ չէզոքացնել թշնամու բոլոր ծրագրերը»,- ասել է այաթ. Ռէյիսին:

Իր ելոյթի մէկ այլ բաժնում խօսելով ԱՄՆ-ի անվերապահ աջակցութեամբ, Գազայի հատւածում սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների մասին, Հանրապետութեան նախագահն ընդգծել է այդ ռեժիմի ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցման անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ այդ ոճրագործութիւնները կանխելու միակ ելքն սիոնիստական ռեժիմի հետ բոլոր տեսակի կապերի ամբողջական խզումն է:

Նա յայտարարել է, որ Իրանը կողմ է սիոնիստական ռեժիմին ՄԱԿ-ից հեռացմանը, այաթ. Ռէյիսին ասել է. «Ինչպէ՞ս կարող է մի ռեժիմ, որը խախտել է միջազգային կազմակերպութիւնների 400 յայտարարութիւններ եւ բանաձեւեր, հաւատարիմ մնալ ՄԱԿ-ի դաշնագրերին եւ բանաձեւերին: Կարեւոր քայլերից մէկն այդ ռեժիմին ՄԱԿ-ից հեռացնելն է»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button