ԻրանՔաղաքական

Նախագահ Ռէյիսին սուր քննադատութեան է ենթարկել Իսրայէլի հետ տնտեսական յարաբերութիւններ պահպանող իսլամական երկրներին

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին սուր քննադատութեան է ենթարկել որոշ իսլամական երկրների, որոնք տնտեսական յարաբերութիւններ ունեն Իսրայէլի հետ Գազայի հատւածում պատերազմի ֆոնին: Հաղորդում է «Մեհր»-ը։

Այդ մասին նա յայտարարել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ Ալժիրում, գազ արտահանող երկրների 7-րդ ֆորումի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:

Խօսելով Գազայի հատւածում Իսրայէլի գործողութիւնների մասին՝ Իրանի նախագահը քննադատել է որոշ իսլամական երկրների անտարբերութիւնն ու անգործութիւնը։

«Ռիադում Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտակարգ նիստից յետոյ ոչ մի արդիւնաւէտ քայլ չի ձեռնարկւել Գազայում սիոնիստների կատարած յանցագործութիւնները կասեցնելու համար։ Մինչդեռ տարածաշրջանային որոշ կառավարութիւնների տնտեսական յարաբերութիւնները սիոնիստական ​​ռեժիմի հետ շարունակւում են»,- ասել է նա։

Ռէյիսին իր խորն ափսոսանքն է յայտնել, որ տարածաշրջանի կառավարութիւնները «պաղեստինեան խնդրի լուծման հարցում ընկել են անգործութեան եւ չափից դուրս պահպանողականութեան մէջ»։

«Մինչ պաղեստինեան մահմեդական ազգն այսօր ակնկալում է գործնական եւ արդիւնաւէտ գործողութիւններ իսլամական կառավարութիւններից, կարելի է տեսնել, որ որոշ արաբական եւ իսլամական պետութիւններ անտարբեր են պաղեստինեան խնդրի նկատմամբ: Ինչպիսի՞ն է իրենց ժողովուրդների արձագանգը Պաղեստինի ճնշւած ժողովրդի կոտորածին»,- ասել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button