ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանի. «Ղարաբաղի բնակիչների իրաւունքներն անպայման պէտք է հաշւի առնել»

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան ներկայիս փխրունութիւնը եւ սպառնալից հռետորաբանութիւնը բխում է տարածաշրջանում ուժերի անհաւասարակշռութիւնից։ Խորապէս համոզւած ենք, որ Հարաւային Կովկասում ուժերի հաւասարակշռութիւն պէտք է հաստատւի։ Այս մասին ըստ Հայաստանեան ԶԼՄ-ների՝ ապրիլի 19-ին Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ յայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը յաւելել է, որ Հարաւային Կովկասն աշխարհի ռազմավարական տարածաշրջաններից մէկն է։

«Հարաւային Կովկասը Եւրոպայի, Ասիայի եւ Մերձաւոր Արեւելքի խաչմերուկում է, ինչը նրան դարձնում է կենսականօրէն կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոն։ Հաշւի առնելով Իրանի եւ Հարաւային Կովկասի փոխադարձ կարեւորութիւնը՝ Իրանը վճռականօրէն հանդէս է գալիս Հարաւային Կովկասում կայունութեան, խաղաղութեան եւ  անվտանգութեան հաստատման օգտին, քանի որ ցանկացած անկայունութիւն անմիջականօրէն վնասում է Իրանին»,- նշել է դեսպանը։

Նա եւս մէկ անգամ յիշեցրել է բոլոր երկրների, այդ թւում՝ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ազգային ինքնիշխանութիւնը յարգելու մասին պաշտօնական Թեհրանի տեսակէտը:

«Իրանը դէմ է աշխարհաքաղաքական փոփոխութիւններին, ինչպէս նաեւ միջազգային սահմանների փոփոխութիւններին։ Տարածաշրջանային խնդիրները պէտք է լուծեն տարածաշրջանի երկրները: Մենք դէմ ենք արտաքին միջամտութեանը:

Թեհրանը ողջունում է տրանսպորտային շրջափակումների վերացումը եւ սահմանների բացումը, սակայն դա պէտք է տեղի ունենայ երկրների ազգային ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան շրջանակում»,- ասել է նա։

Անդրադառնալով արցախահայութեան խնդիրներին եւ իրաւունքներին, Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ ցանկացած գործընթցում պէտք է հաշւի առնել Ղարաբաղի բնակիչների իրաւունքները:

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին լրագրողների հարցին ի պատասխան, դեսպանը խորհուրդ է տւել այդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։

Պատասխանելով հարցին, թէ Ադրբեջանում իսրայէլական բազաների առկայութեան մասին ազդանշանները հաշւի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդեօք, Սոբհանին նշել է, որ եթէ ​​Իրանի տարածքային ամբողջականութեան եւ անվտանգութեան դէմ որեւէ քայլ ձեռնարկւի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտւի եւ համապատասխան վերաբերմունք կը ցուցաբերի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button