ԻրանՀայաստան - Արցախ

Մոհամմադ Ասադի Մովահեդ. «Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել»

Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել հայ ժողովրդին եւ Հայաստանի պետութեանն այն բանի համար, որ երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չեն ստեղծել։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրոյցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանութեան Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը։

«Մենք պէտք է շատ աշխատենք մշակութային կապերի մերձեցման ուղղութեամբ։ Չնայած Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները երկար պատմութիւն ունեն, այնուամենայնիւ, փոխադարձ տեղեկացւածութեան մակարդակը երկու կողմում ցածր մակարդակի վրայ է։ Մտաւորականութեան եւ մշակոյթի գործիչների ներկայացուցիչների ակտիւ այցելութիւնները Հայաստանից կօգնեն աւելի շատ իմանալ Իրանի մասին։ Նոյնը կարելի է ասել նաեւ Հայաստան իրանցի գործիչների այցերի մասին»,- աւելացրել է նա։

Մոհամմադ Ասադի Մովահեդը կոչ է արել ակտիւացնել փոխայցելութիւնները եւ կարեւոր է համարել ուսանողների եւ մասնագէտների փոխանակման եւ փոխադարձ այցելութիւնների ծրագրերի ընդլայնումը։

«Ես Հայաստանում եմ ընդամէնը 40 օր, բայց արդէն տպաւորութիւնս այնպիսին է, որ գտնւում եմ Իրանում։ Հայաստանը եւ Իրանը մշակութային շատ նմանութիւններ ունեն։ Ես համոզւած եմ, որ հայերը եւս Իրանում ինչպէս իրենց երկրում են զգում»,- նշել է նա։

Ankakh.com

Առնչւող Յօդւածներ

Back to top button