Իրան

Նասեր Քանանի. «Դիմադրութեան խմբերը, սիոնիստական մանկասպան ռեժիմի պատերազմական ոճրագործութիւններին արձագանգելու համար Իրանից ուղղութիւն չեն ստանում»

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին յայտարարել է, որ տարածաշրջանում Դիմադրութեան ուժերը սիոնիստական ռեժիմի պատերազմական ոճրագործութիւններին պատասխանելու համար Իրանից ուղղութիւն չեն ստանում:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Նասեր Քանանին ընդգծել է. «Նրանք իրենց հայեցողութեամբ, գործում են իրենց սկզբունքների, երկրի ու ժողովրդի շահերի համաձայն»: Նա հերքելով Բրիտանիայի կառավարութեան անհիմն ամբաստանութիւնները Կարմիր ծովում կատարւած յարձակումները Իրանին վերագրելու առումով, ասել է. «Նման յայտարարութիւններ կատարւում են քաղաքական կոնկրետ նպատակներով եւ ապացուցում են Բրիտանիայի պաշտօնատարների ջանքերը՝ սխալ ներկայացնելու տարածաշրջանի իրականութիւնը եւ, նաեւ, ապացուցում է, որ նրանք ազդեցութիւն են կրում երրորդ կողմից, այդ թւում՝ մանկասպան սիոնիստական ռեժիմի ցանկութիւններից»: ԱԳՆ խօսնակը դատապարտելով Բրիտանիայի որոշ պաշտօնատարների ապակառուցողական յայտարարութիւնները ու գործողութիւնները, որոնք հանդիսանում են տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեանն ու կայունութեանը սպառնացող գործօն, ասել է. «Ինչպէս նախապէս էլ յայտարարել ենք, տարածաշրջանում Դիմադրութեան խմբերը, սիոնիստական մանկասպան ռեժիմի ցեղասպանութիւններին ու պատերազմական ոճրագործութիւններին արձագանգելու համար Իրանի Իսլամական Հանրապետութիւնից ուղղութիւն չեն ստանում»:

Քանանին Բրիտանիայի պաշտօնատարներին խորհուրդ է տւել, որ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարէն դատապարտեն սիոնիստական օկուպանտ ռեժիմի ոճրագործութիւնները եւ իրենց ջանքերը կենտրոնացնեն կասեցնելու համար Պաղեստինի քաղաքացիների, կանանց ու երեխաների դէմ սիոնիստական ռեժիմի պատերազմական ոճրագործութիւնները, եւ դիւրացնեն մարդասիրական օգնութիւնների տրամադրումը՝ ըստ, միջազգային պարտաւորութիւնների ու օրէնքների:

Առնչւող Յօդւածներ

Back to top button