Այլ

Nature. Աղտոտւած օդի PM2.5 մասնիկները մեծացնում են թոքերի քաղցկեղի վտանգը

Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի եւ Լոնդոնի համալսարանական կոլէջի գիտնականները ցոյց են տւել, որ օդում PM2.5 մասնիկների խտութեան աւելացումը մեծացնում է  EGFR գէնի մուտացիաներով թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի վտանգը՝ չծխողների մօտ: Արդիւնքները հրապարակւել են Nature ամսագրում։

Գիտնականներն ասում են, որ աղտոտւած օդի մանրագոյն մասնիկները, որոնք կոչւում են PM2.5, կարող են ակտիւացնել չծխողների թոքերի բջիջներում «քնած» մուտացիաները, ինչը, ի վերջոյ, յանգեցնում է քաղցկեղի զարգացմանը: PM2.5 մասնիկները կարող են առաջանալ հանքային աղերից, մրից, ռետինից, աւազից եւ ասֆալտից, ծանր մետաղների միացութիւններից, ծաղկափոշուց, միկրոօրգանիզմների կենսագործունէութեան թափոններից, մանրէներից, հեղուկների եւ գազերի մանրագոյն կաթիլներից:

Թոքերի հիւսւածքի նմուշների լաբորատոր հետազօտութիւնները հաստատել են, որ PM2.5 մասնիկները փոփոխութիւններ են առաջացնում շնչուղիների բջիջներում՝ EGFR եւ KRAS գէների մուտացիաներով: Այս գէների անցանկալի տարբերակները փոխկապակցւած են թոքերի քաղցկեղի զարգացման բարձր վտանգի հետ: PM2.5 մասնիկները խթանում են մակրոֆագների բորբոքային արձագանգը եւ թոքերում էպիթելային բջիջների վերածումը ցողունային բջիջների նման վիճակի:

Գիտնականները նաեւ պարզել են, որ նոյնիսկ չարորակ ուռուցքի բացակայութեան դէպքում կամաւորների տրամադրած նորմալ թոքերի հիւսւածքի նմուշների 18-33%-ը պարունակել է EGFR եւ KRAS գէների մուտացիաներ։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ ունեն քնած մուտացիաներ, որոնք կարող են ակտիւանալ շրջակայ միջավայրի անբարենպաստ ազդեցութիւններից:

Գիտնականները հաստատել են, որ IL1B բորբոքային սպիտակուցի արգելափակումը կարող է կանխել մկների մօտ PM2.5 մասնիկների հարուցած ուռուցքների առաջացումը: Սա հնարաւորութիւններ է բացում թոքերի քաղցկեղի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների մշակման համար։

Related Articles

Back to top button