Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի տարածքով միջանցքի 300-ամեայ ծրագիրը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

Ինչպէս յայտնի է, Հայաստանի ու օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքման համար Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացւած անվերջ պահանջներից մէկը Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելն է, որով վերջինիս տարածքի հիմնական մասը ցամաքային կապով կը կապւի անիրավացիօրէն Ադրբեջանի իրաւազօրութեան ներքոյ գտնւող, սակայն պատմականօրէն եւ իրաւունքի ուժով Հայաստանին պատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան եւ Թուրքիայի հետ:

Նկատի առնելով այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով Օսմանեան Թուրքիայի իշխանութեան կողմից 1918 թ. մայիսի 28-ին ստեղծւած, հարեւան Իրանի հիւսիս-արեւելքում գտնւող Ադրբեջան անունով նահանգի անւանումը որպէս սեփական պետութեան անւանում դարձրած եւ միջազգայնօրէն չճանաչւած Ադրբեջանի Հանրապետութեան իրաւայաջորդը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզով միջանցք ունենալու գաղափարը պատկանում է ոչ թէ արհեստական, կեղծ կազմաւորում Ադրբեջանին, այլ՝ օկուպանտ եւ ցեղասպան Թուրքիային:

Ըստ որում, միջանցքը կարելի է համարել Թուրքիայի գլխաւոր նպատակին հասնելու, այն է՝ Կասպից ծովի առափնեայ շրջաններին տիրելու, առաջին քայլերից մէկը, որին ժամանակի ընթացքում յաջորդելու են Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերի ամբողջական օկուպացիան եւ տեղի հայութեան ցեղասպանութիւնը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի յիշեալ գլխաւոր նպատակն ունի մի քանի հարիւրամեակի պատմութիւն: Այս մասին անառարկելիօրէն վկայում է Արցախում կազմւած գրեթէ 300-ամեայ մի փաստաթուղթ:      

Այսպէս, 1725 թ. մարտի 1-ին թուրքական առաջին զօրամասը, շուրջ 4700 ասկեար՝ Շահին, Սալահ եւ Ալի փաշաների հրամանատարութեամբ, ներխուժում է Արցախի Վարանդա գաւառ:

Արցախի կաթողիկոս, արցախեան մելիքական զօրքերի գերագոյն հրամանատար, ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Եսայի Հասան-Ջալալեանը, դրսեւորելով ճկուն քաղաքականութիւն, հրամայում է ընծաներով ընդառաջ գնալ թուրք զօրապետերին եւ արցախցուն վայել հիւրասիրութիւն կազմակերպել: Այնուհետեւ Եսայի հայրապետը թուրք զօրապետերին առաջարկում է հիւրնկալւել Արցախի գիւղերում՝ իր վրայ վերցնելով սննդի եւ կեցութեան հոգսերը:               

Թուրք հրամանատարութիւնը, որն արդէն քանիցս տեսել էր Արցախի մելիքական ռազմուժի հզօրութիւնը եւ իր հերթին խուսափում էր նրանց հետ բախումից, շատ գոհ լինելով նման ելքից, սիրով ընդունեց Եսայի հայրապետի առաջարկը:

Թուրք զինւորներին 100-ական, 200-ական եւ 300-ական խմբերով բաժանեցին հայկական 33 գիւղերում եւ երկու օր կուշտ կերակրեցին: Սակայն սա, պարզապէս, լաւ նախապատրաստւած ծուղակ էր: Գիշերը Արցախի մելիքական զօրքերը յանկարծակի յարձակմամբ գրեթէ բոլորին, այդ թւում նաեւ երկու փաշաներին, կոտորեցին՝ գերի վերցնելով Սալահ փաշային: Միայն 150 հոգու յաջողւեց փրկւել: Յաջող ծրագրւած եւ իրականացւած ռազմական օպերացիայի արդիւնքում հնարաւոր է լինում ազատել նաեւ աւելի քան 200 քրիստոնեայ գերեալների:       

Այս դէպքի մանրամասներին տեղեկանում ենք Արցախի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալեանի եւ մելիքների՝ 1725 թ. մարտի 10-ին ռուսաց կայսր Պետրոս I-ին յղած նամակից. «Այժմս, որ մեր թւականս ՌՃՀԴ (1725) է մարտի ամսոյ մէկումն ԴՌԷՃ (4700) հեծեալ սայ ղօշուն (զօրքՍ. Հ.-Ջ.) եկին մեզ վերայ, Գ(3) փաշայ էր՝ Շահին, Սալահ եւ Ալի անուն: Մեք էլ տեսանք որ շատ են, կռւելով չէ լինիլ, յառաջ գնացինք ղօնաղ արինք, մեր գեղարանց վերայ բաժանեցինք, որն ԲՃ (200)-ով, ԳՃ (300)-ով, ԴՃ (400)-ով, ԵՃ (500)-ով տեղուտեղ կոտորեցինք, Բ (2) փաշան եւս սպանեցինք. Սալահ փաշան ողջ պահած ունիմք, ապա մէկ ՃԾ (150) մարդ փախան բրծան. ԲՃ (200) աւելի քրիստոնեայ եսիր կայր, ազատեցինք»:

Եսայի կաթողիկոսն ու մելիքները հարցաքննել են գերեալ Սալահ փաշային: Չափազանց ուշագրաւ եւ այժմէական են թուրք փաշայի՝ հարցաքննութեան ժամանակ ասած խօսքերը: Պատմելով Օսմանեան Թուրքիայի եւ Կասպից ծովի միջեւ եղած հայկական սեպը վերացնելու իրենց վաղեմի մտադրութեան մասին՝ Սալահ փաշան, մասնաւորապէս, ասել է. «Մեր թագաւորը հրաման է տւել մեզ վերացնել հայերին: Մինչեւ ռուսաց թագաւորի զօրքերը կը գան այստեղ, մենք պիտի յարձակւենք նրանց (հայերիՍ. Հ.-Ջ.) վրայ: Հայը չպէտք է գոյութիւն ունենայ եւ այս երկրները պէտք է աւերւեն, որպէսզի մեր ճանապարհը բացւի, դուք (հայերդՍ. Հ.-Ջ.) չլինէիք մեր մէջտեղում, մենք հիմա հասել էինք Դերբենդ եւ Բաքու, որ հնուց ի վեր մերն է»:            

Այս խօսքերը, որ պատկանում են թուրքական պետութեան գեներալին, ասւել են 18-րդ դարի սկզբին՝ մեզանից մօտաւորապէս 300 տարի առաջ: Յատկանշական է, սակայն, որ դրանք այսօր էլ խիստ այժմէական են: 21-րդ դար մուտք գործած Թուրքիան աշխարհի տարբեր պետութիւնների, մասնաւորապէս՝ Հայաստանի հետ յարաբերւելիս, դեռեւս շարժւում է 18-րդ դարին բնորոշ կանոններով: Փաստօրէն, ժամանակը որեւէ սրբագրում չի մտցրել Թուրքիայի ծրագրերում: Ինչպէս տեսնում ենք, հայերին ցեղասպանելու եւ Կասպից ծովի առափնեայ շրջաններին տիրելու Թուրքիայի ծրագիրը դարերի պատմութիւն ունի:

Այսպիսով, յենւելով գրեթէ 300-ամեայ անհերքելի փաստի վրայ՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզով միջանցք ունենալու գաղափարի հեղինակն ու իրական շահառուն ոչ թէ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանն է, այլ՝ օկուպանտ եւ ցեղասպան Թուրքիան:

Related Articles

Back to top button