Այլ

Annals of Epidemiology. Վատ քունը մանուկ հասակում 45 տոկոսով բարձրացնում է ալկոհոլի եւ մարիխուանայի օգտագործման հաւանականութիւնը դեռահաս տարիքում

Լաւ քունը անհրաժեշտ է երեխաների առողջութեան եւ զարգացման համար, բայց քնի ռեժիմը մանուկ հասակում կարող է կապւած լինել հոգէոակտիւ նիւթերի օգտագործման հետ հետագայում։ Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել է գիտնականների խումբը  Փենսիլւանիայի նահանգի համալսարանում, ցոյց է տւել, որ դեռահասներն աւելի յաճախ են ալկոհոլ կամ մարիխուանա օգտագործել 15 տարեկանում, եթէ աւելի ուշ են պառկել քնելու եւ քիչ են քնել մանուկ հասակում։

Գիտնականների թիմը իր եզրակացութիւնները հրապարակել է Annals of Epidemiology ամսագրում։

Հետազօտական խումբը ուսումնասիրել է մանկական քունը զարգացման տարբեր փուլերում երեխաների միեւնոյն ընտրանքում, որպէսզի պարզի, թէ արդեօք այն ազդում է աւելի ուշ հոգէոակտիւ նիւթերի օգտագործման վրայ, ինչը շատ հետազօտութիւններում չէ, որ ուսումնասիրւել է։

Նրանք կենտրոնացել են քնի առողջութեան երկու տարբեր ուղղութիւնների վրայ՝ քնի ընդհանուր տեւողութեան եւ քնելու ժամի կամ քնելու գնալու ժամանակի վրայ։ Հետազօտողները բացատրել են, որ եթէ երեխաները, յատկապէս դպրոցահասակ, աւելի ուշ են պառկում քնելու, դա կարող է ազդել լաւ քնելու նրանց ունակութեան վրայ։

Հետազօտութիւնում օգտագործւել են ԱՄՆ 20 քաղաքների 1514 երեխաների տւեալները։ Ծնողները տեղեկացրել են երեխայի քնելու պառկելու ժամանակի մասին երեք, հինգ եւ ինը տարեկանում։

Երբ հետազօտական խումբն ուսումնասիրել է մանուկ հասակում քնելու ժամանակի եւ քնի տեւողութեան միջեւ կապը հետագայում ալկոհոլի եւ մարիխուանայի օգտագործման հետ դեռահաս տարիքում, յայտնաբերել է երկայնակի կապ։ Հաւանականութիւնը, որ դեռահասները ալկոհոլ կը փորձեն 15 տարեկանում, 45 տոկոսով աւելին է եղել, եթէ նրանք ուշ են պառկել քնելու ինը տարեկանում՝ այլ երեխաների համեմատ, որոնք աւելի շուտ են պառկել քնելու ինը տարեկանում։

News.am

Related Articles

Back to top button