Այլ

Սննդակարգում ածխաջրերի ցածր պարունակութիւնը մեղմացնում է շիզոֆրենիայի ախտանիշները

Կետօ դիետան օգնում է մեղմացնել դեպրեսիայի եւ շիզոֆրենիայի ախտանիշները, սակայն ոչ՝ տագնապային խանգարման։ Այս եզրայանգմանն են եկել Տորոնտոյի Սուրբ Միքայէլի հիւանդանոցի հետազօտողները։ Աշխատանքի արդիւնքները հրապարակւել են JAMA Psychiatry ամսագրում։

Հեղինակները վերլուծել են 50 հետազօտութեան տւեալներ, որոնց մասնակցել է աւելի քան 41 հազար մեծահասակ 15 երկրից։ Ընտրանքում ներառւել են ինչպէս հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա, դեպրեսիւ մեծ խանգարում, երկբեւեռ խանգարում, ընդհանրացւած տագնապային խանգարում եւ հետտրաւմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդիկ, այնպէս էլ հոգեբուժական ախտորոշումներ չունեցող մասնակիցներ, այդ թւում՝ ճարպակալմամբ հիւանդներ։ Վիճակը գնահատւել է վաւերացւած կլինիկական սանդղակներով։

Կետօգէն դիետան՝ ճարպերի բարձր պարունակութեամբ, սպիտակուցների չափաւոր քանակով եւ ածխաջրերի նւազագոյն մակարդակով սննդակարգը, վաղուց կիրառւում է որպէս ռեֆրակտեր էպիլեպսիայի բուժում։ Նման սննդակարգի դէպքում ուղեղը գլիւկոզայի օգտագործումից անցնում է կետօնային մարմինների, ինչն ազդում է միտոքոնդրիումների աշխատանքի, բորբոքման մակարդակի, օքսիդատիւ սթրեսի եւ ուղեղում նեարդամիջնորդանիւթերի հաղորդման վրայ։

Նոր աշխատանքի արդիւնքները ցոյց են տւել, որ կետօ դիետայի հետեւող մասնակիցների մօտ դեպրեսիայի ախտանիշները չափաւոր նւազել են։ Սակայն տագնապային խանգարման դէպքում նման օրինաչափութիւն չի յայտնաբերւել։ Ենթախմբերի լրացուցիչ վերլուծութիւնը եւս չի բացայայտել գործօններ, որոնք կայուն կերպով կուժեղացնէին կետօ դիետայի ազդեցութիւնը տագնապայնութեան ախտանիշների վրայ։

Կետօ դիետան կամ սննդակարգի նմանատիպ ռեժիմները նպաստել են նաեւ շիզոֆրենիա կամ երկբեւեռ սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց մօտ փսիխոտիկ ախտանիշների նւազմանն ու տրամադրութեան կայունացմանը։

Հեղինակներն ընդգծում են, որ կետօ սննդակարգը կարող է դիտարկւել որպէս հոգեկան խանգարումների բուժման լրացուցիչ գործիք, յատկապէս եթէ յաջողւում է պահպանել կենսաքիմիական կետոզը։ Այնուամենայնիւ, նման դրական ազդեցութեան մեխանիզմները երկարաժամկէտ կլինիկական հետազօտութիւններում հաստատման կարիք ունեն։

News.am

Related Articles

Back to top button