Գիտնականներն ահազանգում են ամբողջ աշխարհում երեխաներին ախտահարող հիւանդութեան մասին

Աշխարհում աւելանում է մանկական հիպերտոնիայի դէպքերի թիւը. այս մասին ասւում է Lancet պորտալում հրապարակւած հետազօտութեան մէջ։
«Մանկական հիպերտոնիան ախտահարում է աշխարհի երեխաների զգալի եւ աճող հատւածին»,- գրում է պարբերականը։
Գիտնականները միտումը կապում են կենսակերպի վատթարացման եւ ճարպակալման դէպքերի աճի հետ։ Վերլուծելով յօդւածների տւեալները, որոնք ընդգրկել են ընդհանուր առմամբ 443914 երեխայի, հեղինակները պարզել են, որ 2000-2020 թւականներին մանկական հիպերտոնիայի տարածւածութիւնը գրեթէ կրկնապատկւել է՝ տղաների շրջանում 3,4%-ից հասնելով 6,53%-ի, իսկ աղջիկների շրջանում՝ 3,02%-ից 5,82%-ի։
Մեկնաբանելով հետազօտութեան արդիւնքները՝ Իսպանիայի սրտաբանական ընկերութեան նախագահ Իգնասիօ Ֆերնանդէս Լոսանօն յայտարարել է, որ դրանք միայն հաստատում են այն, ինչ մասնագէտները վաղուց նկատում են իրենց պրակտիկայում:
«Սա անհանգստութիւն է առաջացնում, քանի որ տեսնում ենք, որ երեխաների եւ դեռահասների սիրտ-անօթային համակարգի վիճակը անընդհատ վատթարանում է։ Հիպերտոնիան մեծահասակների հիւանդութիւն է, եւ դրա ի յայտ գալը նման վաղ տարիքում տագնապալի է»,- զգուշացրել է նա։
Զարկերակային հիպերտենզիան սիստոլիկ զարկերակային ճնշման (ՍԶՃ)՝ 140 մմ սնդ. սիւն եւ աւելի բարձրացման համախտանիշն է, որը կարող է ուղեկցւել կամ առանձին դրսեւորւել դիաստոլիկ ԶՃ (ԴԶՃ) ≥ 90 մմ սնդ. սիւն ցուցանիշով։ Ըստ ԱՀԿ-ի տւեալների, 2020 թւականի վերջին աշխարհում հիպերտոնիա ունի 1,13 միլիարդ մարդ, ընդ որում՝ նրանց մօտ 40%-ը չգիտի իր հիւանդութեան մասին, եւ միայն տասը տոկոսն է բուժում ստանում։
News.am



