Գիտնականները պարզել են, որ լորամրգի մէջ պարունակւող միրիցետին-3-O-գալակտոզիդ միացութիւնն օգնում է նւազեցնել միզուղիների վարակների զարգացման վտանգը՝ առանց հակաբիոտիկների կիրառման։ Հետազօտութիւնը հրապարակւել է Food & Function (F&F) ամսագրում։
Մկների վրայ կատարւած փորձարկումների ժամանակ մինչեւ վարակումը եւ դրանից յետոյ կիրառւող պատրաստուկն էապէս նւազեցրել է բակտերիալ ծանրաբեռնւածութիւնը մեզի, միզապարկի եւ երիկամների մէջ, ինչպէս նաեւ նւազեցրել բորբոքումն ու օքսիդատիւ սթրեսը, որոնք վարակների ժամանակ առանցքային գործընթացներ են։
Ազդեցութեան մեխանիզմն անսովոր է ստացւել. միացութիւնն ուղղակիօրէն չի ոչնչացնում բակտերիաները, այլ խոչընդոտում է դրանց կպչելուն միզուղիների բջիջներին։ Այն արգելափակում է բակտերիալ «կեռիկների» (ադհեզինների եւ թարթիչների) աշխատանքը, որոնք թոյլ են տալիս միզածին աղիքային ցուպիկին ամրանալ հիւսւածքներին, եւ նւազեցնում է բջիջների ընկալունակութիւնը նման կպչման նկատմամբ։
Հեղինակները նշում են, որ արդիւնքներն առանձնապէս արդիական են հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող կայունութեան համատեքստում։ Թէեւ հետազօտութիւնն անցկացւել է միայն կենդանիների վրայ, այն ամրապնդում է գիտական հիմքերը՝ լորամրգի բաղադրիչները որպէս միզուղիների կրկնւող վարակների կանխարգելիչ միջոց օգտագործելու համար։
News.am