Այլ

Դեռահասների վատ քունը խափանում է ուղեղի նէյրոնային կապերը

Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները տագնապեցնող կապ են յայտնաբերել դեռահասների քնի որակի եւ նրանց ուղեղի գործունէութեան միջեւ: Պարզւել է, որ քնի քրոնիկական պակասը նւազեցնում է նէյրոնային կապերի արդիւնաւէտութիւնը նախաճակատային կեղեւում, որը պատասխանատու է ինքնատիրապետման, որոշումների կայացման եւ յուզական կարգաւորման համար: Ուսումնասիրութիւնը հրապարակւել է «Brain and Behavior» (B&B) գիտական ​​ամսագրում:

Փորձի ընթացքում աւելի քան 2800 դեռահասներ երկու շաբաթւայ ընթացքում կրել են ֆիթնես-թրեքեր՝ իրենց քունը վերահսկելու համար, որից յետոյ ենթարկւել են ուղեղի ՄՌՏ սքանաւորման: Մասնակիցների ծնողները տեղեկութիւններ են տրամադրել իրենց երեխաների վարքային բնութագրերի մասին: Արդիւնքները ցոյց են տւել յստակ կապ. որքան վատ եւ կարճ է քունը, այնքան թոյլ են ուղեղի հիմնական հատւածների միջեւ ֆունկցիոնալ կապերը:

Հետազօտողների համար յատկապէս տագնապեցնող էին այն տւեալները, որ տղաները, մի փոքր մեծ դեռահասները եւ ռասայական փոքրամասնութիւնները աւելի հակւած են եղել քնի պակասից տառապելուն եւ աւելի շատ վարքային խնդիրներ են ցուցաբերել:

Հետազօտութեան առաջատար հեղինակ Ասաֆ Օշրիի խօսքով՝ պատանեկութիւնը ուղեղի զարգացման համար կարեւորագոյն շրջան է, երբ քնի պակասը կարող է առաջացնել ձնագնդի էֆեկտ՝ աստիճանաբար յանգեցնելով կոգնիտիւ գործառոյթների եւ յուզական կարգաւորման վատթարացման։

Գիտնականները կոչ են անում մշակել դեռահասների համար քնի հիգիենայի յատուկ ծրագրեր՝ ապագայում վարքային եւ հոգեկան առողջութեան հնարաւոր խնդիրները կանխելու համար։

news.am

Related Articles

Back to top button