Ինչո՞ւ են փղերի ականջներն այդքան հսկայական
«ԱԼԻՔ» – Փղերն ունեն բազմաթիւ առանձնայատկութիւններ, որոնք նրանց առանձնացնում են այլ կենդանիներից: Երկար կնճիթ ունենալուց զատ, որը կարելի է համարել հինգերորդ վերջոյթ, փղերն ունեն նաեւ հսկայական ականջներ։ Դա սոսկ բնութեան քմահաճութիւնը չէ, քանի որ փղերի ականջները կարեւոր գործառոյթ են կատարում, գրում է IFLScience-ը:
Աշխարհի ամենախոշոր ցամաքային կաթնասունը աֆրիկեան փիղն է, յայտնում է «Ֆոկուս»-ը։ Այս կենդանին ժամանակակից փղերի մէջ ամենամեծ ականջներն ունի։ Նրանք այնքան մեծ են, որ կազմում են այս հսկայական կենդանիների ընդհանուր մակերեսի 20%-ը:
Աֆրիկեան փղերի հսկայական ականջներն առաջացել են շրջակայ միջավայրի ջերմաստիճանի պատճառով: Փղերը սովորաբար քայլում են օրական մօտ 25 կմ, սակայն ցանկութեան դէպքում կարող են յաղթահարել 190 կմ տարածութիւն: Այս ճամփորդութիւնների ընթացքում աֆրիկեան փղերը հանդիպում են մի շարք բնակավայրերի՝ սաւաննաներից եւ խոտածածկ տարածքներից մինչեւ անտառներ, բայց ամենաշոգ վայրերն անապատներն ու Աֆրիկայի չոր շրջաններն են: Փղերի մարմնի օպտիմալ ջերմաստիճանը 36 աստիճան է ըստ Ցելսիուսի, սակայն շրջակայ միջավայրի ջերմաստիճանը կարող է շատ աւելի բարձր լինել:
Փղերի մեծ ականջներն այն միջոցներից մէկն է, որով այս կենդանիներն էւոլիւցիա են ապրել մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար, երբ շրջակայ միջավայրի պայմաններն աւելի շոգ են դառնում:
Փղերի ականջները բազմաթիւ արիւնատար անօթներ են պարունակում, որոնք գտնւում են մաշկի առաւել բարակ հատւածներում, ինչը փղերին հնարաւորութիւն է տալիս աւելի հեշտութեամբ ցրել ջերմութիւնը: Շատ մեծ, բայց նաեւ բարակ ելուստ ունենալը նշանակում է, որ այն ունի աւելի մեծ մակերես, ինչը աւելի շատ տեղ է տալիս ջերմութեան ցրման համար: Գիտնականները հաշւարկել են, որ րոպէում մօտաւորապէս 12 լիտր արիւն է անցնում փղերի ականջներով, եւ դա սառեցման հիանալի լաւ միջոց է։ Միեւնոյն ժամանակ, սպիտակ արջերը փոքր ականջներ ունեն, նրանց ականջներն աւելի փոքր են, քան միւս արջերինը, եւ ընդհակառակը, դա օգնում են աւելի լաւ պահպանել ջերմութիւնը։
Եթէ համեմատենք ականջների չափերը մարմնի ընդհանուր չափերի հետ, աֆրիկեան փիղն այս պարամետրով առաջին տեղում չէ։ Մարմնի չափի համեմատ ամենամեծ ականջները Մոնղոլիայի եւ Չինաստանի անապատներում ապրող երկարականջ ճագարամկան (Euchoreutes naso) ականջներն են: Եթէ աֆրիկեան փղի երկարութիւնը 6-7 մետր է, երկայնականջ ջերբոայի երկարութիւնը կազմում է ընդամէնը 7-9 սանտիմետր։
Այս փոքրիկ կենդանիների ականջները մօտ մէկերրորդով աւելի երկար են, քան նրանց գլուխը: Եթէ մարդիկ նման ականջներ ունենային, դա նման կը լինէր մարդու գլխին վինիլային ձայնասկաւառակ ամրացնելուն: Երկարականջ ճագարամուկն, ինչպէս աֆրիկեան փղերը, հսկայական ականջների կարիք ունեն՝ մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար: Երկայնականջ ճագարամկները եւս յարմարւել են անապատի կեանքին՝ կենգուրուի ոտքերին նման երկար ոտքեր զարգացնելով։