MSSE. Հեծանիւ վարելը պահպանում է ծնկայոդերի առողջութիւնը
Բէյլորի բժշկական կոլէջի (ԱՄՆ) գիտնականները յայտնաբերել են, որ մշտապէս հեծանիւ վարող մարդկանց ծնկները հազւադէպ են ցաւում, եւ նրանց մօտ հազւադէպ է օսթեոարթրիտ առաջանում։ Գիտական աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Medicine & Science in Sports & Exercise (MSSE) ամսագրում։ Հետազօտութեանը մասնակցել է 45-79 տարեկան աւելի քան 2600 մարդ։ Նրանց խնդրել են պատմել, թէ ինչ ֆիզիկական ակտիւութեամբ են նրանք աւելի յաճախ զբաղւել դեռահասութեան (12-18 տարեկան), երիտասարդութեան (19-34) եւ հասուն (35-49) տարիքում։ Մասնակիցները նաեւ նշել են, թէ որքան յաճախ են հեծանիւ քշել, մարզւել հեծանւատրենաժորով կամ զբաղւել հեծանւասպորտով։
Մասնակիցների առողջութեան մասին լրացուցիչ տեղեկութիւններ ստանալուց յետոյ հետազօտողները պարզել են, որ մշտապէս հեծանիւ վարող մարդկանց մօտ կեանքի որոշակի պահին ցածր է եղել ծնկահոդի ռենտգենոլոգիական օսթեոարթրիտի (ROA) եւ ախտանշանային ռենտգենոլոգիական օսթեոարթրիտի (SOA) առաջացման հաւանականութիւնը։ Օսթեոարթրիտը բնորոշւում է յոդի սինովիալ թաղանթի բորբոքմամբ, որի հետեւանքով քայքայւում են կռճիկային եւ ոսկրային հիւսւածքները։ Գիտնականները պարզել են, որ հեծանւի սիրահարների մօտ 17 տոկոսով աւելի հազւադէպ են առաջացել ծնկի ցաւեր, 9 տոկոսով աւելի հազւադէպ՝ ROA եւ 21 տոկոսով հազւադէպ՝ SOA։ Նրանք նաեւ աւելացրել են, որ հեծանիւ վարելու սովորութիւնն ամբողջ կեանքի ընթացքում կապւած է եղել օսթեոարթրիտի առաջացման հաւանականութեան էլ աւելի զգալի նւազման հետ։
NEWS.am